![](/banners/BeFunky-design.jpg)
«Ով ասես չի աշխատում դպրոցներում, գոնե մասնագիտական կրթություն ունենան». Անահիտ Բախշյան
![](https://168.am/wp-content/uploads/2014/09/baxshyan.jpg)
Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ԿԳ նախարարության՝ պարտադիր 12-ամյա կրթության անցնելու ցանկության մասին և այն մասին, թե ինչ խնդիրներ կարող է լուծել պարտադիր 12-ամյա կրթությունը Հայաստանի դպրոցներում:
«12-ամյա կրթության նպատակն, ըստ օրենքի նախագծի հիմնավորման, այն է, որ մինչև 18 տարեկան մեր բոլոր երիտասարդները ունենան միջնակարգ կրթություն, որով կապահովեն հատկապես իրենց մասնագիտական ընտրության հարցը: Այսօր շուկան է թելադրում մասնագիտության ընտրությունը, իսկ մեր ծնողները դեռ շարունակում են որոշել, թե երեխան ինչ մասնագիտություն ընտրի: 12-ամյա կրթության առաջին նպատակներից մեկը հենց երեխայի մասնագիտական կողմնորոշման կրթություն տալն է, որպեսզի երեխան դպրոցական տարիքից ինքն իրեն լավ ճանաչի»,-ասաց նա:
Ըստ նրա՝ տարբեր մարզերում ուսուցիչների կարիք ունենք և բերեց Տավուշի մարզի օրինակը. «Ով ասես չի աշխատում դպրոցներում, գոնե մասնագիտական կրթություն ունենան: Սա լուրջ խնդիր է: Հուսամ՝ 12-ամյա պարտադիր կրթությունը ինչ-որ հարցեր կլուծի, բայց որպեսզի այն ծառայի իր նպատակին՝ մենք պետք է հետևենք այն բոլոր կարգերին, որոնք ընդունվել են կառավարության կողմից»,-նշեց նա:
Անահիտ Բախշյանն ասաց, որ նախակրթարաններից պետք է սկսել աշխատել երեխայի հետ, երեխան պետք է ինքն իրեն ճանաչելով մեծանա, իմանա՝ ինչ ուժեղ կողմեր ունի, և դա կրթությունը պետք է անի՝ ուսումնական առարկաների ժամանակ: Ըստ նրա՝ կրթական միջավայրը պետք է յուրաքանչյուր օր բացահայտի երեխային՝ ինքն իր համար: Այս դեպքում 12-ամյա կրթությունն ավելի արդյունավետ կլինի:
Կրթության փորձագետն անդրադարձավ նաև կադրային քաղաքականությանը և ասաց, որ տարածքայի կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ու ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտարարում են, որ Հայաստանում կա 22 հազար դրույք –ժամ, բայց աշխատում են 40 հազար ուսուցիչ: Այսինքն՝ ամեն մի դրույքի վրա՝ 2 ուսուցիչ. «Սա նշանակում է, որ ուսուցիչների աշխատավարձը երբեք չի բարձրանա: Այսպիսի վիճակ մենք ունենինք նաև 2002թ.: Այդ ժամանակ Համաշխարհային բանկի առաջին ծրագրով («Կրթության որակ և համապատասխանություն»)՝ օպտիմալացման խնդիր դրվեց: Այսինքն՝ վարկով վերցրած գումարը տրվեց օպտիմալացման վերաբերյալ փաստաթղթեր ստեղծելու համար: Ստեղծվեցին կարգեր, որոնք փող արժեն: Օպտիմալացման արդյունքում միայն 2003թ. կրճատվել է 3667 ուսուցիչ: Կրճատված ուսուցիչներին 6 ամիս շարունակ տրվեց աշխատավարձ: 2003թ. առաջին անգամ Հայաստանը մասնակցեց Թիմսի՝ բնագիտական և մաթեմատիկական առարկաների գծով աշակերտների գիտելիքների միջազգային ստուգատեսին և 41 երկրներից 23-րդ տեղը գրավեց: Օպտիմալացման շրջանից հետո՝ 2007թ., Հայաստանը գրավեց 13-րդ տեղը: Դա նշանակում է՝ ուսուցիչը ծանրաբեռնվեց, աշխատավարձ ստացավ, ոգևորվեց ու դաս պարապելուց հոգնած՝ գնաց տուն: Այսինքն՝ օպտիմալացման ծրագիրն անհրաժեշտություն է նաև այսօր: Բայց օպտիմալացումը պետք է լինի կրթության որակի շահերից բխող, այլ ոչ թե տնօրենի, մարզպետի կամ չգիտես ում շահերից բխող: Գյուղերում գյուղապետերը դպրոցները դարձրել են իրենց գերդաստանի աշխատատեղ»,-ասաց նա:
Ռազմիկ Մարտիրոսյան