Վստահ չեմ, որ իշխանությունն ընդունում է խորհրդարանական կառավարման համակարգը. Աղվան Վարդանյան
Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) համոզված է, որ գործող իշխանական համակարգն անձակենտրոն իշխանություն է, այն պետք է քանդել, և անցումը խորհրդարանական կառավարման մոդելին տալիս է այդ հնարավորությունը:
Այսօրվա ասուլիսում ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը անդրադարձավ Դաշնակցության` երկու օր առաջ ընդունված որոշմանը` չմասնակցել ոչ իշխանական չորս ուժերից երեքի` Հայ ազգային կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստանի» և «Ժառանգության»հրավիրած առաջիկա հանրահավաքին:
ՀՅԴ-ն չի մասնակցում հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքին` մյուս երեք ուժերի հետ սահմանադրական բարեփոխումների հարցում տարաձայնությունների պատճառով:
Դաշնակցության կողմից «քառյակը» լքելուց հետո որոշ անհատներ ու լրատվամիջոցներ, Աղվան Վարդանյանի մեկնաբանությամբ, ամենավերջին խոսքերով սկսեցին պիտակավորել կուսակցությանը, սակայն Դաշնակցության համար երկրորդական է, թե կողքից ով՝ ինչ կասի իրենց մասին, եթե իրենք համոզված են անում իրենց քայլը և գիտեն, որ դա ամենաճիշտն է.
«Ակնհայտ էր, որ հնարավոր չէ ունենալ չորս ուժերի կողմից համատեղ կազմակերպված մի հանրահավաք, որտեղ երեք ուժերը խոսելու են մեկ ուժի մոտեցումների դեմ կտրուկ հակադիր դիրքորոշումներով: Սա կոնֆերանս չէ, գիտաժողով չէ, ֆորում չէ, որտեղ նստես և տեսակետներ քննարկես: Սա հանրահավաք է, և նման բանն առաջին հերթին կհարվածեր քառյակին»:
Աղվան Վարդանյանը նաև հիշեցրեց, որ ՀՅԴ-ն գործընկերներին առաջարկել է նախ տեսնել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, քննարկել այն, հետո նոր կազմակերպել հանրահավաք, սակայն մյուս երեք ուժերը չեն համաձայնել այդ տարբերակին:
«Անհրաժեշտ է այնպիսի համակարգ ստեղծել, որտեղ կլինեն հավասարակշռման, զսպման մեխանիզմներ, որտեղ իշխանությունը և ընդդիմությունը կդառնան մեկ միասնական համակարգի մաս, և կբացառվի իշխանության անընդհատ վերարտադրման մեխանիզմը»,- ասաց Ա. Վարդանյանը:
Աղվան Վարդանյանը համոզված է, որ ընտրությունների միջոցով հնարավոր չէ փոխել իշխանությունը, և իրենց առաջարկած փոփոխությունների պարագայում իշխանության վերարտադրման հնարավորություններն էականորեն նվազելու են: Դաշնակցականներն առաջարկում են ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որպեսզի Հանրապետական կուսակցությանը թույլ չտրվի կրկին մեծամասնություն կազմել խորհրդարանում:
Բայց ինչպե՞ս է Դաշնակցությունը պատրաստվում փոխել այդ «արատավոր» համակարգը, եթե ընդունում է իշխանության կանոնները, իսկ իշխանությունն առաջարկում է անցում կատարել խորհրդարանական համակարգին և ձևավորել իշխանությունն ընտրությունների միջոցով:
Պատասխանելով այս հարցադրմանը` Աղվան Վարդանյանը նշեց, թեիրենք խորապես համոզված են, որ խորհրդարանական կառավարման մոդելը Հայաստանի համար շատ ավելի նորմալ է, և այն քաղաքական ուժերին կայանալու, ավելի ժողովրդավարական դառնալու և քաղաքական ընտրապայքարի հնարավորություն է տալու` սահմանափակելով իշխանությունների հնարավորությունները:
«Եթե 2012 թ. «Բարգավաճ Հայաստանը» հայտարարեց, որ ինքն էլ է կողմնակից խորհրդարանական համակարգին, մենք պիտի ասեինք` մենք ընդունո՞ւմ ենք Բարգավաճի խաղի կանոնները: Ես վստահ չեմ, որ իշխանությունն ընդունում է խորհրդարանական համակարգը: Հանրապետական կուսակցության բնույթը, որոշումների մեխանիզմը գիտեք. եթե մեկ մարդ ասում է, որ այս հարցը քննարկելի է, քսան մարդ սկսում են` հա, գուցե լավ տարբերակ է:
Նրանք, ովքեր երեկ կտրուկ դեմ էին խորհրդարանական համակարգին: Այդ պատճառով մենք պիտի փոխե՞նք մեր դիրքորոշումը, ընդհակառակը`ես միայն ուրախ կլինեմ, եթե իրենք գան մեր տեսակետին, և մենք հնարավորություն կունենանք մեր տեսակետները լիարժեք իրականացնելու: Չենք ունենա այդ հնարավորությունը` կմերժենք և´ սահմանադրական բարեփոխումները, և´ նրանց որևէ քայլ»,- նշեց Աղվան Վարդանյանը:
Ինչ վերաբերում է քառյակի ապագային, նա հույս հայտնեց, որ այն կշարունակի գործել բոլոր այն հարցերում, որոնց հետ կապված համաձայնություն կլինի: Վարդանյանը նաև ավելացրեց, որ իր կարծիքով` մեծ հարված կլինի պետությանը և քառյակին, եթե նշված ուժերն իրենց հանրահավաքների հիմնական հարց-պահանջը դարձնեն սահմանադրական փոփոխություններից հրաժարվելը.
«Մեր կարծիքով` սա կլինի ամենասխալ ընթացքը, և հենց հանրահավաքին մասնակցող ուժերը չուզենալով կնպաստեն իշխանության դիրքերի հետագա ամրապնդմանը և վերարտադրմանը»: