Անդամակցելու դեպքում Թուրքիան կհանդիսանա ԵՄ-ի խոշորագույն պետությունը. Վոլքան Բոզքըր

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան չի հրաժարվել ԵՄ-ին անդամակցելու մտադրությունից և շարունակելու է 2015-2019 թվականներին քաղաքական բարեփոխումներ իրականացնել նրան անդամակցելու համար:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար և ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության հարցերով գլխավոր բանագնաց Վոլքան Բոզքըրը: Նրա խոսքերով՝ ԵՄ-ին անդամակցելը հանդիսանում է Թուրքիայի ռազմավարական նպատակը:

Նախարարը նկատել է, որ վերջին շրջանում շատ կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել ինչպես Թուրքիայում, այնպես էլ՝ Եվրոպայում: Նա հիշեցրել է, որ Թուրքիայում առաջին անգամ ժողովուրդն ուղիղ քվեարկությամբ երկրի նախագահ է ընտրել, բացի այդ, Թուրքիան ունի նոր վարչապետ ու նոր կառավարություն, այլ կերպ ասած՝ դա անվանվում է Նոր Թուրքիա:

Բոզքըրն ընդգծել է, որ միևնույն ժամանակ շատ կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել ԵՄ-ում, անցկացվել են խորհրդարանական ընտրություններ, թարմացվում է Եվրահանձնաժողովի կազմը, ընտրվել է Եվրոպական խորհրդի նոր նախագահ:

Նախարարը նաև հիշեցրել է, որ հոկտեմբերի 8-ին ԵՄ-ը հրապարակելու է Թուրքիայում ժողովրդավարության առաջընթացի շուրջ իր հերթական զեկույցը, որը նաև յուրօրինակ ուղերձ կլինի նրա կողմից: Նրա խոսքերով՝ եթե Թուրքիան անդամակցի ԵՄ-ին, ապա կհանդիսանա տարածքային առումով նրա խոշորագույն երկիրը.

«Ներկայումս ԵՄ-ի ու Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմում է 150 միլիարդ եվրո, ինչը շատ կարևոր ցուցանիշ է, և ինչը վկայում է, որ Թուրքիան երբեք բեռ չի հանդիսանա ԵՄ-ի համար: Թուրքիան ունի ավելի լավ տնտեսություն՝ համեմատած ԵՄ-ի անդամ 22 երկրի հետ: ԵՄ-ը վախենալու որևէ բան չունի»:

Հիշեցնենք, որ Թուրքիային ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ շնորհվել է 1999 թվականի դեկտեմբերի 10-ին Հելսինկիում տեղի ունեցած ԵԽ-ի գագաթաժողովում: 2004 թվականի դեկտեմբերին Բրյուսելում անցկացված ԵԽ համաժողովում միաձայն որոշվեց Թուրքիայի հետ բանակցություններ սկսել 2005 թվականի հոկտեմբերի 3-ին:

Այդ օրը ԵՄ անդամ երկրները Լյուքսեմբուրգում երկարատև քննարկումներից հետո ընդունեցին Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու որոշում: Այդ ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլլահ Գյուլը հայտարարեց, որ Թուրքիան հասցրեց նստել մեկնող գնացքը: 1998 թվականից ԵՄ-ը հրապարակում է Թուրքիայում ժողովրդավարության իրավիճակի շուրջ տարեկան զեկույցներ:

Տեսանյութեր

Լրահոս