Կան ևս 3500 ապրանքներ, որոնք ՀՀ-ն ՄՄ-ին անդամակցելուց հետո ներմուծելու է ավելի էժան գնով
Ի՞նչ գնաճ կարող է լինել ՄՄ-ին ՀՀ-ի անդամակցության դեպքում: Այս հարցը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարին ուղղեց պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
«ՌԴ տնտեսությունը ինքնամեկուսացման և քայքայման է գնում: Ի՞նչ ռիսկեր կարող են բերել այդ տնտեսությանը մեր ինտեգրումը»,- հարցրեց պատգամավորը՝ նշելով, որ գնաճը ազգային անվտանգության խնդիր է:
Կարեն Ճշմարիտյանը հայտարարեց, թե գնաճային հաշվարկներն իրականացնում է Կենտրոնական բանկը և ոչ թե կառավարությունը, իսկ ԿԲ գնահատականները հիմք են հանդիսանում տնտեսական քաղաքականությունն ուղղորդելու համար: Ըստ նրա՝ այն ապրանքատեսակները, որոնք կարող են թանկանալ ՀՀ-ի համար, այսօր բանակցությունների արդյունքում սպառողական առաջին անհրաժետության ապրանքները ներառված են այն ցանկում, որ ՄՄ երկրների հետ համաձայնեցված են, որ կունենան արտոնություն և մաքսատուրքերը չեն փոխվի: Ճշմարիտյանը նշեց, որ դա հումքատեսակներն են, առաջին անհրաժեշտության սպառողական 400 ապրանքները և այլն: Նա հիշեցրեց, որ կան ևս 3500 ապրանքներ, որոնք ՀՀ-ն այդ միությանը անդամակցելուց հետո ներմուծելու է ավելի էժան գնով:
«Եզրակացություններ անելը ոչ պրոֆեսիոնալ և անշնորհակալ գործ է»,- նկատեց նա:
«Հասկանալի չէ, թե ինչո՞ւ եք շտապում ԵՏՄ՝ առանց խորը վերլուծության: Ի՞նչ վնասներ է բերելու դա ՀՀ-ին»,- հետաքրքրվեց Խաչատուր Քոքոբելյանը:
«Մենք չենք շտապում ԵՏՄ: Գործընթացը, որ ընթանում է, ընթանում է իր բնականոն ընթացքով, տնտեսական մասով բանակցություններն ավարտված են: Մեր գործընկերների կողմից նոր առաջարկություններ չկան: Ես չեմ կարծում, որ մենք շտապողականություն ենք ցուցաբերում: 2-3 ամիս առաջ տնտեսական խնդիրների շուրջ բանակցությունները ավարտված են եղել»,- հակադարձեց Կ.Ճշմարիտյանը: