Քառյակը չի մեռել, բայց անվերջ հոգեվարքի մեջ է

Քառյակի հերթական նիստում փաստվել է, որ քառյակը հիմնական հարցերի շուրջ չունի ընդհանրություն, բայց հանուն քառյակի ֆորմալ պահպանման՝ որոշել են գտնել մանր-մունր հարցեր, որոնց շուրջ կարելի է միասնության շղարշ ստեղծել: Նիստի ավարտից հետո ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատմեց քննարկված հարցերի և դրանց շուրջ կայացված որոշումների մասին:
Քառյակի նիստում քննարկվել է սահմանադրական փոփոխությունների հարցը և արձանագրվել է, որ քառյակի անդամ երեք կուսակցություններն այս կամ այն պատճառաբանությամբ դեմ են այս պահին սահմանադրական փոփոխություններ իրականացնելուն, իսկ ՀՅԴ-ն կողմ է:

Արմեն Ռուստամյանն ասում է, որ պայմանավորվել են, որ կողմերից յուրաքանչյուրը պետք է հարգի մյուսի դիրքորոշումը: Մյուս հարցը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելն է:

Ըստ Ռուստամյանի՝ չնայած ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» նպատակահարմար չեն համարում ՍԴ դիմելը՝ որևէ ակնկալիք չունենալով այդ կառույցից, սակայն համաձայնել են միանալ ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի դիմումին: Ըստ Ռուստամյանի՝ իրենք որոշել են շարունակել համատեղ օրենսդրական աշխատանքը և այդ աշխատանքի շրջանակներում որոշել են օրենսդրական կարգավիճակ տալ սահմանապահ գյուղին և այդ ուղղությամբ մտադիր են աշխատել նաև խորհրդարանական մեծամասնության հետ, քանի որ սահմանապահ գյուղեր են այցելել մեծամասնության ներկայացուցիչների հետ:
Խորհրդարանական քառյակը որոշել է համատեղ աշխատել «Նաիրիտի» հարցով խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու հարցի շուրջ: Քննարկվել է նաև քառյակի կողմից ներկայացված 12 կետերի կատարման ընթացքը, ինչպես նաև համատեղ հանրահավաքի անցկացման հարցը: Քանի որ քառյակի պահանջների կատարմանը դեռ որոշակի ժամանակ կա, որոշվել է այդ հարցին անդրադառնալ ավելի ուշ, մանավանդ, որ Ռուստամյանը չմանրամասնեց, թե քառյակի կուսակցություններից յուրաքանչյուրն ինչ մոտեցում ունի այդ պահանջների կատարման նկատմամբ:

Նույնը վերաբերում է նաև համատեղ հանրահավաքի անցկացմանը: Ըստ Արմեն Ռուստամյանի՝ եղել են հանրահավաքի կազմակերպման տարբեր ժամկետներ, բայց վերջնական որոշում չի կայացվել:

Արմեն Ռուստամյանն ամեն կերպ փորձում էր ցույց տալ, որ քառյակը գոյություն ունի՝ չնայած մի քանի հարցերի շուրջ ունեցած տարաձայնություններին և այլ հարցերի շուրջ ունեցած ընդհանրական մոտեցումներին: Իրականում պարզ է, որ հիմնական հարցն այսօր սահմանադրական փոփոխությունների հարցում կուսակցությունների ունեցած դիրքորոշումն է: Մնացածը՝ սահմանապահ գյուղը կամ «Նաիրիտի» վերաբերյալ հանձնաժողով ստեղծելը, չեն կարող քաղաքական ուժերի միավորման կամ ընդհանուր քաղաքական օրակարգի ձևավորման հիմք լինել, թեկուզ այն պարզ պատճառով, որ դրանք քաղաքական հարցեր չեն:

Քառյակը, ըստ էության, չի կարող համատեղ հանրահավաք հրավիրել, որովհետև չի կարող այդ հանրահավաքում ելույթ ունեցողներից մեկը հանրությանը բացատրել, թե երկրի ապագայի համար ինչպիսի վտանգ է ներկայացնում սահմանադրական փոփոխությունների իրականացման՝ իշխանության նախաձեռնությունը, իսկ մյուս ելույթ ունեցողները բացատրեն, թե այդ փոփոխությունները որքան կարևոր են երկրի ապագայի համար:

Այնպես որ, կարելի է համոզված ասել, որ համատեղ հանրահավաք ևս չի լինի, կամ կլինի միայն «Նաիրիտի» և կուտակային կենսաթոշակային հիմնադրամների մասով, բայց դա կլինի կեղծ հանրահավաք, քանի որ քառյակի կուսակցությունների հիմնական մասի օրակարգային հարցը մնում է պայքարը սահմանադրական փոփոխությունների դեմ:

Ինչ խոսք, պետք է գովել ՀՅԴ-ի հնարամտությունը, որը կարողանում է, չնայած սահմանադրական փոփոխությունների հարցում քառյակի մյուս կուսակցությունների հետ ունեցած տարաձայնությանը, պահպանել քառյակը: Չնայած, մյուս կուսակցություններն էլ են հասկանում, որ քառյակի գոյության դադարեցման մասին հայտարարությունն ի ցույց կդնի իրենց անլրջությունը և քաղաքական կարճատեսությունը:

Տեսանյութեր

Լրահոս