Բաժիններ՝

Վալերի Բուայեն Հայոց ցեղասպանության ժխտումը պատժող նոր օրինագիծ է ներկայացրել

Ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն 20-րդ դարի ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը պատժող նոր օրինագիծ է ներկայացրել, հաղորդում է «Nouvelles d’Arménie»-ն:

Բուայեի խոսքով՝ այն ժամանակ, երբ Ֆրանսիան պատրաստվում է դիմավորել Հայոց ցեղասպանության հարյուրամյակը, Ֆրանսիայում դեռ ոչ մի օրենք թույլ չի տալիս պատժել ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը՝ բացի Հոլոքոստից:

Պատգամավորը նշել է, որ այն դեպքում, երբ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչում է երկու ցեղասպանությունները՝ Հոլոքոստը և Հայոց ցեղասպանությունը, միայն Հոլոքոստի մերժումն է երկրում պատժելի: Նա համոզված է, որ այս անարդար իրավիճակը պետք է փոխվի:

Բուայեի կարծիքով՝ բոլոր ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների մերժումը պատժելու հնարավորությունն արձագանքում է Իրաքում քրիստոնյաների հետապնդումների կոնտեքստում թեժ խնդրին:

«Անհրաժեշտ է օրենք ընդունել, որը կառաջարկի ժխտման նոր դասակարգում: Ես աշխատել եմ այլընտրանքային և նորարարական տարբերակի վրա, որը ճանաչված քրեական իրավունքի մասնագետների հետ իմ ունեցած երկար մտորումների արդյունք է: Ահա թե ինչու եմ ես առաջարկում, որպեսզի հերքումն օրենքում այլևս չդիտարկվի միայն ազատ արտահայտվելու չարաշահում, այլ՝ մարդկության դեմ հանցագործություն: Սա երկու առավելություն ունի. դուրս գալ ազատ արտահայտվելու առնչությամբ Սահմանադրական դատարանի ձևավորած կարծիքի իրավական փակուղուց և պաշտպանել բոլոր ցեղասպանությունների մասին հիշողությունը»,- ասել է պատգամավորը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս