«ՀՀ-ն հեռու է նավթի և գազի եղած պաշարների շահագործումից»
ԱՄՆ Երկարաբանական ծառայությունը (USGS) հրապարակել է աշխարհում նավթի ու գազի պաշարների վերաբերյալ վերլուծություն, որի համաձայն՝ Հայաստանում հնարավոր է գտնվի 1 մլն բարել նավթ և 169 մլն խմ գազ: Այս գնահատականը հիմնված է նավթային և գազային հանքավայրերին բնորոշ երկրաբանական կառուցվածքների, նաև այսպես կոչված «թակարդների» (երկրակեղևում նավթի ու գազի համար բնական պահեստարաններ) հիման վրա:
Տնտեսագետ-փորձագետ Աշոտ Եղիազարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ երկրի խորը շերտերում շատ հավանական է, թեկուզ ոչ հեղուկ, ավելի խիտ ձևով որոշակի քանակությամբ գազի և նավթի առկայություն, բայց արդյունաբերական կամ առևտրային նշանակություն այդ պաշարները չունեն, այսինքն՝ դրանց շահագործումը տեխնոլոգիաների այս մակարդակում իրեն չի կարող արդարացնել, շատ թանկ կարժենա:
Ընդ որում՝ USGS-ի մասնագետներն առանձնացրել են գնահատման 4 պոտենցիալ տարածաշրջան, որոնցից յուրաքանչյուրում կան տարածքներ, որոնք հեռանկարային են ինչպես սովորական նավթի ու գազի, այնպես էլ թերթաքարային գազի համար: 4 շրջաններից մեկում՝ Աշտարակ, Աբովյան, Հրազդան քաղաքների և Սևանի արևմտյան ափի միջև ընկած տարածքում նավթի ու գազի պաշարի հեռանկարային գնահատականը 10% կամ ավելի է: Այսինքն՝ USGS-ը Հայաստանը մի նոր Քուվեյթի վերածելու հույսեր չի տալիս: Ուշագրավ է, որ ամերիկյան մասնագետները մասամբ հիմնվում են խորհրդայն տարիներին կատարված ուսումնասիրությունների վրա, սակայն ոչ ամբողջությամբ՝ հիմք ընդունելով, որ այն ժամանակ առկա տեխնոլոգիաներով հնարավոր էր կորզել հանքային պաշարների մոտ 40%-ը, իսկ ներկայումս՝ 90%-ը:
Ա. Եղիազարյանի կարծիքով՝ ՀՀ-ն հեռու է նավթի և գազի եղած պաշարների շահագործումից:
Մեր դիտարկմանը, որ այսօր ԽՍՀՄ-ի ժամանակ հայտնաբերված շատ հանքերևակումներ հանք են դարձել և ընկերությունները` արտոնություններ ստանալով, առանց հարկեր վճարելու, շահագործվում են, եկամուտն էլ առավելապես արտասահման է գնում, փորձագետը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ նման շահագործում կսկսվի: Դրա համար հիմքեր չկան, եթե նույնիսկ շահագործողը հարկից ազատվի և այլն: Նախ՝ այդ արդյունահանումը հնարավոր չէ տեղական կազմակերպությունների միջոցներով, որոնք ո´չ դրա փորձն ունեն, ո´չ տեխնոլոգիաները: Այսինքն՝ դա պետք է անի օտարերկրյա ընկերություն, իսկ օտարերկրյա ընկերությունն էլ դժվար թե ներդրումներ անի»:
Ա.Եղիազարյանի կարծիքով՝ ամերիկյան կողմը հավանական է` հետազոտական աշխատանքներ իրականացնի ՀՀ-ում, ինչպես աշխարհի բոլոր վայրերում, բայց դա չի նշանակում, որ նպատակը շահագործում սկսելն է. «Նպատակը ճշգրտել, սեփական գնահատականներ ունենալն է: ԽՍՀՄ գնահատականների վրա հիմնվել երկար ժամանակի համար այնքան էլ ճիշտ չէ: Կարծում եմ, որ խոշոր ընկերությունները աշխարհի տարբեր մասերում, եթե նույնիսկ ակնկալիք էլ չունեն, որ որևէ արդյունք կստանան, իրականացնում են այդ հետախուզական աշխատանքները: Նրանք այդ նպատակն ունեն, բայց հաստատ ոչ առևտրային»: