
Արամ Կարապետյան. Ես ինչքան հիշում եմ` Ռոբերտ Քոչարյանի անցած քաղաքական ուղին ուղղակի դիակներ են

«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը 168.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ եթե քառյակը հասնի իշխանափոխության՝այդպիսով ուղղակիորեն ճանապարհ կբացի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար:
Անդրադառնալով այս գնահատականին՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը 168.am-ի հետ զրույցում հակադարձել էր. «Արամ Կարապետյանը շատ է դժգոհում Ռոբերտ Քոչարյանից, բայց այստեղ խնդիրը հետևյալն է. ժողովուրդն ավելի լավ հիշողություն ունի Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներից: Չնայած՝ նա ունի մի բիծ՝ դա Մարտի 1-ն է, բայց ժողովուրդը կարող է հիշել նրա լավ գործերը. սոցիալական վիճակի բարելավում, աշխատատեղերի ստեղծում, բոլորի հետ լավ հարաբերությունների ձևավորում»:
168.am-ը Ա. Կարապետյանից հետաքրքրվեց՝ կիսո՞ւմ է արդյոք Գ.Համբարյանի վերոնշյալ գնահատականը, թե «ժողովուրդն ավելի լավ հիշողություն ունի Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներից»:
«Իհարկե, չեմ կիսում այդ տեսակետը: Չգիտեմ` ինչու է այդ քաղաքագետն այդպես դրական տեսնում: Ես ինչքան հիշում եմ` Ռոբերտ Քոչարյանի անցած քաղաքական ուղին ուղղակի դիակներ են: Այնտեղ չկա մի բան, որ մենք քննարկենք: Այսինքն՝ նրա անցած քաղաքական ուղին իր հետևից թողնում է դիակների մի ամբողջ շարք»,- հակադարձեց Ա. Կարապետյանը: