Քաղաքագետ. Ռոբերտ Քոչարյա՞նն է գալիս, Վանո Սիրադեղյա՞նը, թե՞ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ գալիս՝ ժողովրդի համար մեկ է
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը 168.am-ի հետ զրուցում ասել էր. «Եթե այսօրվա քառյակը հասնի իշխանափոխության, ուղղակիորեն ճանապարհ են բացելու Ռոբերտ Քոչարյանի համար»: Նաև հավելել էր. «Հիմա կարո՞ղ եք ասել՝ Սերժ Սարգսյանին փոխելու իմաստը (քաղաքական, հասարակական հարցերի չէ, այդ ամենը հասկանալի է) քառյակի մտածելակերպով ո՞րն է: Փոխեն, որ ի՞նչ լինի: Այսինքն՝ ի՞նչ անեն, Սերժ Սարգսյանին հանեն, հետո Ռոբերտ Քոչարյանի՞ն բերեն իշխանության: Եթե հիմա իշխանափոխություն արվի, դա է, չէ՞, լինելու: Եթե հասարակությունն է փոխելու, եթե այդքան պատրաստ է հասարակությունը, այդ քաղաքական պահն է, այդ պարագայում մենք բոլորս ոտքի ելնենք՝ անենք: Ես այդ պատրաստվածությունը մեր հասարակության մեջ չեմ զգում»:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը մեզ հետ զրույցում՝ անդրադառնալով Արամ Կարապետյանի վերոնշյալ դիտարկումներին, ասաց, թե ինքը կարևորում է այն, որ իշխանության գալու դեպքում թե իշխանությունները, թե´ այն ուժերը, որոնք ցանկանում են գալ իշխանության ավելի շատ մտածեն ժողովրդի մասին.
«Հիմա Ռոբերտ Քոչարյա՞նն է գալիս, թե՞ Վանո Սիրադեղյանն է գալիս, թե՞ Լևոն Տեր-Պետրոսյանն է գալիս՝ ժողովրդի համար մեկ է: Արամ Կարապետյանը շատ է դժգոհում Ռոբերտ Քոչարյանից, բայց այստեղ խնդիրը հետևյալն է. ժողովուրդն ավելի լավ հիշողություն ունի Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներից: Հենց Գյումրիում այդ հանգամանքը կա. Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին նրան հաջողվեց «Լույս» հիմնադրամի միջոցով բավականին մեծ շինարարություն կազմակերպել Շիրակի մարզում, նա նաև նոր աշխատատեղեր բացեց: Միայն դժգոհելով չէ: Ես համոզված եմ, որ եթե ուսումնասիրենք մեր ղեկավարների գործունեությունը, ոչ ոք էլ շատ մաքուր չի գործել»,- ասաց քաղաքագետը:
168.am-ի հարցին, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հավանականություն կա՞, նա պատասխանեց. «Հավանականությունը մեծ է, բայց այստեղ խնդիրը հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետությունը հիմա ամբողջությամբ գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ: Ինչպես որոշի պարոն Պուտինը, այնպես էլ կլինի: Նախ ես չեմ հավատում, որ իշխանափոխություն ընդհանրապես կլինի, բայց իշխանափոխության դեպքում էլ՝ այն անձը, որը կգա իշխանության, անպայման պետք է համագործակցի Ռուսաստանի հետ»:
Ըստ քաղաքագետի՝ նախագահ լինելու ամենահավանական թեկնածուների ցանկում են Լևոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանը, «որը շատ սիրված է հասարակության կողմից», և Ռոբերտ Քոչարյանը. «Չնայած՝ նա ունի մի բիծ՝ դա Մարտի 1-ն է, բայց ժողովուրդը կարող է հիշել նրա լավ գործերը. սոցիալական վիճակի բարելավում, աշխատատեղերի ստեղծում, բոլորի հետ լավ հարաբերությունների ձևավորում»,- հավելեց Գ. Համբարյանը: