Բաժիններ՝

Սայիդ Ավդալյան. Եզդիները ցեղասպանության մեջ որքան մեղավոր են իսլամիստ ծայրահեղականները, այնքան էլ Իրաքի և Քուրդիստանի նախագահները

«Բավականին երկար ժամանակ է, ինչ եզդիները Հյուսիսային Իրաքում՝ իրենց պատմական հայրենիքում, իրենց բնօրրանում, ենթարկվում են ցեղասպանության, ու Իրաքի և Լևանտեի իսլամական հանրապետության այդ ահաբեկչական խմբավորումը, որն այսօր վերանվանվել է Իսլամական պետությում ահաբեկչական խմբավորման, իր առջև նպատակ է դրել իսպառ ոչնչացնել եզդիներին: Այդ կոտորածների և անմարդկային բռնությունների արդյունքում այսօր մենք ունենք հարյուր հազարավոր եզդի փախստականներ, որոնք պատսպարվում են Սիրիայի, ինչպես նաև Իրաքի հյուսիսային քրդաբնակ շրջաններում՝ փորձելով այնտեղ անվտանգության երաշխիքներ ստանալ,- այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտնեց «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիա»-յի նախագահ Սայիդ Ավդալյանը՝  հավելելով,- Իրաքի հյուսիսայի մասում ձևավորվել է եզդի փախստականների համար հատուկ ճամբար, որը նույնպես իրենից մեծ վտանգ է ներկայացնում. չէ՞ որ իսլամիստները գիտեն այդ ճամբարի մասին, գիտեն, որ այնտեղ հավաքվել են մեծ թվով եզդիներ և կարող են իրենց ուժերը կուտակել ու նորից հարձակվել նրանց վրա, այսինքն՝ ցեղասպանության նոր վտանգի առջև են կանգնած եզդիները: Եզդի փախստականների մի մասն էլ պատսպարվել է Սինջար լեռան վրա, որը 60կմ երկարություն ունի և 11կմ լայնություն: Կոտորածների արդյունքում եզդիները երբ փորձեցին սարը բարձրանալ, պատսպարվեցին տարբեր տեղերում, այսինքն՝ նրանք մի տեղում չեն կենտրոնացած, և այն մարդասիրական օգնությունը տարբեր երկրների կողմից, որ տրամադրվում է նրանց, մեծ մասամբ տեղ չի հասնում, քանի որ նրանք ցրված են լեռան ամբողջ մասշտաբով»:

Սայիդ Ավդալյանը մեջբերեց Հռոմի պապի կողմից Իրաք ուղարկված կարդինալ Ֆերնանդո Ֆիոլիի խոսքերը, ով «Եվրոնյուզին» տված հարցազրույցում ասել էր, թե քրիստոնյա ազգերն ավելի քիչ են տուժում, քան եզդիները.

«Հայերը, ասորիները և այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունները եթե չեն ցանկանում այնտեղ մնալու համար նախատեսված տուրքը վճարել, չեն ցանկանում իսլամ ընդունել, ապա պարտավոր են պարզապես լքել իրենց բնակավայրերը և հեռանալ Իրաքից, այսինքն՝ նրանց գլխին մահվան սուրը կախված չէ:

Իսկ ինչ վերաբերում է եզդիներին, ապա նրանց առջև դրված է երկընտրանք՝ կա՛մ պետք է իսլամ ընդունեն, կա՛մ պետք է պարզապես կոտորածների ենթարկվեն: Այս ամենից այսօր կարող ենք արձանագրել, որ եզդիների 74-րդ ցեղասպանությունն է տեղի ունենում 21-րդ դարում, երբ կարծես թե մարդկային զարգացում պետք է լիներ, ինչ-որ քաղաքակրթման մոտեցումներ պետք է լինեին, սակայն 100 տարի անց նորից կրկնվում է այն, ինչ տեղի ունեցավ հայոց ցեղասպանության ժամանակ, այսինքն՝ նույն մեթոդները, նույն բարբարոսի ձեռքով տեղի է ունենում այդ ամենը:

Այդ կարդինալի խոսքով՝ այն եզդի տղամարդիկ, ովքեր մուսուլմանություն չեն ընդունում, նրանց բոլորին սպանում են, իսկ եզդի երեխաներին ու կանանց առևանգում ու սև շուկայում վաճառում:

Նրա խոսքով՝ եզդի մի աղջկա հաջողվել է հորը նամակ ուղարկել, որտեղ գրել է՝ եթե ինձ հաջողվի մի օր վերադառնալ այնտեղ, որտեղ ես այսօր հայտնվել եմ, ես կգերադասեմ մահանալ: Այս խոսքերից կարելի է արդեն եզրակացնել, թե ինչպիսի տանջանքների ու կտտանքների են ենթարկվում այդ առևանգված եզդի կանայք ու երեխաները: Սա ցեղասպանություն է, սա եղեռն է, որը վերջին տարիներին տեղի է ունեցել անընդհատ, սակայն այս իրադարձություններն ավելի լայնամասշտաբ բնույթ են ընդունում»:

Սայիդ Ավդալյանի խոսքով` խմբավորումը ստեղծվել է հենց ԱՄՆ-ի կողմից, և Արևմուտքի երկակի քաղաքականության արդյունքն է. «Մի կողմից` Արևմուտքը զինում է այդ տեռորիստական խմբավորմանը, իսկ մյուս կողմից էլ` քննադատում և ռմբակոծում: Այս խմբավորումն աջակցություն է ստանում նաև սունիական աշխարհում երկու խոշոր պետություններից` Թուրքիայից և Սաուդիան Արաբիայից, ինչպես նաև Իրաքում սունիական բնակչության աջակցությունն էլ է ստանում: Ինչ վերաբերում է նյութական միջոցներին, երբ նրանք գրավեցին Մուսուլը, այնտեղի բանկերից մոտ 400 մլն դոլարի միջոցներ ձեռք բերեցին, և այսօր այս Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը համարվոմ է աշխարհի ամենահարուստ տեռորիստական խմբավորումը:

Միաժամանկ գերտերությունների թողտվությամբ ու Թուրքիայի միջնորդությամբ նրանք Սև շուկայում ջրի գնով նավթ են վաճառում, և հեևաբար նյութական միջոցներ ձեռք բերում: Միաժամանակ այդ իսլամիստները սկսել են վերահսկողություն հաստատել տարբեր ավտոմայրուղիների, երկաթուղիների վրա ու հիմնականում խոշոր բեռափոխադրող ավտոմեքենաներն անցնելիս մոտ 430 դոլարի չափով գումար են հատկացնում այդ իսլամիստներին` անվտանգ տեղափոխվելու համար: Այսինքն` այս տեռորիստական խմբավորումն իր նյութական տարբեր աղբյուրներն ունի, իսկ զենքերը հիմնականում ԱՄՆ-ի կողմից են տրվում»:

Սայիդ Ավդալյանը նշեց, որ այս ցեղասպանության մեջ որքան մեղավոր են իսլամիստ ծայրահեղականները, այնքան էլ Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին և Քուրդիստանի նախագահ Մեսուդ Բարզանին, ովքեր մարտի սկզբին` կոտորածների սկզբնական օրերին բախտի քմահաճույքին թողեցին այնտեղի եզդիներին` լավ հասկանալով, որ այնտեղից դուրս գալով իսլամիստ ծայրահեղականները կհարձակվեն եզդիական շրջանների վրա և ի սպառ կվերացնեն. «Նրանք այդ ամեն ինչը գիտակցում էին և նրանց թողեցին բախտի քմահաճույքին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս