Մոսկվան Էբոլա վիրուսը վերածել է զենքի. Die Welt
Օգոստոսի 21-ին գերմանական Die Welt թերթում հրապարակվել է լրագրող Հանս Ռյուլեի «Մոսկվան Էբոլա վիրուսը վերածել է զենքի» խորագրով հոդվածը, որում նշված է.
«1972 թվականի ապրիլին աշխարհի ավելի քան 170 երկիր, այդ թվում նաև ԱՄՆ-ն ու ԽՍՀՄ-ը ստորագրեցին կենսաբանական զենք մշակելու, արտադրելու ու կուտակելու արգելման մասին կոնվենցիան:
Սակայն այն ժամանակ երբ ԱՄՆ-ը պահպանում էր պայմանագրի բոլոր պայմանները (ԱՄՆ-ի նախագահ Ռիչարդ Նիքսոնը կենսաբանական զենքն օրենքից դուրս է համարել դեռևս 1969 թվականին), ԽՍՀՄ-ը 1973 թվականին սկսեց մշակել ագրեսիվ ծրագիր` ստեղծելու համար «Բիոպրեպարատ» անվանմամբ կենսաբանական զենք:
Նախագծի գիտական ղեկավար Կանատժան Ալիբեկովը, ով 1992 թվականին արտագաղթել է ԱՄՆ և ով Արևմուտքում հայտնի է նաև որպես Կեն Ալիբեկ, հայտարարել է, որ «Բիոպրեպարատը» հանդիսացել է (1942 թվականին մեկնարկած) միջուկային զենքի մշակման «Մանհեթենյան նախագիծ» ամերիկյան ծրագրի խորհրդային համարժեքը:
Նրա խոսքերով` խորհրդային ծրագիրը եղել է նույնպիսի ծավալուն և կատարելապես գաղտնի: Գագաթնակետի ժամանակ նախագծում ընդգրկված է եղել մինչև 60.000 մարդ, այսինքն գործնականում այնքան մարդ, որքան որ ներգրավված էր խորհրդային միջուկային նախագծում:
Իր գրքում Ալիբեկը գրել է. «Խորհրդային Միությունը, ստեղծելով կենսաբանական մարտական նյութերի առաջին արդյունաբերական արտադրությունը, դարձավ աշխարհի խոշորագույն և միակ կենսաբանական գերտերությունը»:
Աշխարհն առաջին անգամ այդ նախագծի մասին տեղեկացավ 1989 թվականին, երբ այդ մասին բարձրաձայնեց կենսաբանական զենքի մշակման ոլորտի ամենակարկառուն խորհրդային գիտնականերից Վլադիմիր Պասեչնիկը:
Ընդհանուր առմամբբ, խորհրդային գիտնականներն աշխատել են 20 մանրէի ու վիրուսի հետ` դրանցից ստանալով մարտական օրինակներ: Ընդ որում, հատուկ նշանակություն է տրվել մահացու վտանգավոր Էբոլա վիրուսին, որի դեմ ցայժմ չի մշակվել պատվաստանյութ:
ԽՍՀՄ-ի տրամադրության տակ շտամները (շտամը միկրոօրգանիզմների որոշակի տեսակի մաքուր կուլտուրա է, որի մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական առանձնահատկություններն ուսումնասիրված են, և որն առանձնացնում են որոշակի աղբյուրից՝ տարբեր ժամանակամիջոցում կամ տարբեր աղբյուրներից (հող, ջուր, սննդամթերք), ինչի համար էլ վիրուսների, բակտերիաների նույն տեսակները կարող են ունենալ մեծ թվով շտամներ, որոնք տարբերվում են մի շարք հատկություններով) հայտնվեցին այն բանից հետո, ինչ դրանք հանձնեց արևադարձային բժշկությամբ զբաղվող բելգիական ինստիտուտը:
1980-ական թվականներից կեսերից «Բիոպրեպարատը» սկսեց աշխատել վիրուսի ռազմական տարբերակի ստեղծման վրա, որը հեշտ կլիներ փոխադրման համար, կայունություն կցուցաբերեր ջերմաստիճանի ու խոնավության հանդեպ և երկար ժամանակ կպահպաներ իր վարակունակությունը (վարակելիությունը):
Դրա հետ միաժամանակ Խորհրդային Միությունում սկսվեց կենսաբանական զենքի ստեղծման նոր ժամանակաշրջան. խորհրդային գիտնականները սովորեցին մանիպուլյացիաի ենթարկել գեներն ու արդեն հայտնի վիրուսներն արմատավորել օտար գեներում, ինչը գործնականում ստեղծեց գործունեության անսահման դաշտ: Արդյունքում, ԽՍՀՄ-ն Էբոլա վիրուսը խաչասերեց ժանտախտի հետ: Ալիբեկի խոսքերով` դա ստացավ «Քիմերա» անվանումը»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ի երեկոյան Ռուսաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայության (Роспотребнадзор) ներկայացուցիչները ԱԻՆ-ի հատուկ չվերթով մեկնել են Գվինեայի մայրաքաղաք Կոնակրի` մոբիլ լաբորատորիայով հետազոտելու համար հակահամաճարակային միջոցների համալիրը և մասնակցելու համար Էբոլա տենդի տարածման դեմ պայքարին:
Էբոլա տենդը բռնկվել է այս տարվա փետրվարին Գվինեայում, իսկ ավելի ուշ այն տարածվել է հարևան Սիեռա Լեոնեում, Լիբերիայում ու Նիգերիայում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերջին տվյալներով` Էբոլա վիրուսի հետևանքով մահացել է 1427 մարդ: Այս տարվա փետրվարից գրանցվել է Էբոլա վիրուսով վարակվելու 2615 դեպք: