«Հարսնաքարի» գործով երկու ամբաստանյալների դեմ հարուցված նոր քրեական գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել
Ինչպես տեղեկացրել էինք, «Հարսնաքարի» գործով ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանին և Նորայր Հայրապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել և հարուցված քրեական գործն ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Քրեական գործը մակագրվել էր «Հարսնաքարի» գործը քննած դատավոր Դավիթ Հարությունյանին: Դատավորը, սակայն, ինքնաբացարկի որոշում է կայացրել:
Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, դատավորը նշել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հարսանքարի» քրեական գործը քննվել է իմ վարույթում, իսկ այս գործով որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշումների, մեղադրական եզրակացության համաձայն` մեղսագրվող արարքները տեղի են ունեցել իր ներկայությամբ, ինչպես նաև ղեկավարվելով ցանկացած կողմնակալություն բացառելու ու դատավարության մասնակիցների մոտ կողմնակալության վերաբերյալ անգամ սուբյեկտիվ պատկերացումները հերքելու կանխավարկածից, գտնում է, որ պետք է կայացնել ինքնաբացարկի մասին որոշում:
Datalex դատական տեղեկատվական համակարգում տեղարված որոշմ մեջ դատավորը նշել է.
«Հետազոտելով Գարիկ Աշոտի Մարգարյանի և Նորայր Միշայի Հայրապետյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործի նյութերը` Դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում պետք է կայացնի ինքնաբացարկի մասին որոշում հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև` Օրենսգիրք) 292-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` քրեական գործն իր վարույթ ընդունած դատավորը հետազոտում է գործի նյութերը և քրեական գործը վարույթ ընդունելու պահից 15 օրվա ընթացքում կայացնում հետևյալ որոշումներից մեկը` (…) ինքնաբացարկի մասին:
Օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն` եթե դատավորը պարզում է, որ գործով առկա է Օրենսգրքի 90-րդ հոդվածով սահմանված ինքնաբացարկի հիմք, ապա որոշում է կայացնում ինքնաբացարկի մասին: Այդ դեպքում նախագահող դատավորը գործը ներկայացնում է վերաբաշխման ընդհանուր կարգով:
Օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների մասին, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անկողմնակալության մեջ: Ինքնաբացարկի հիմքերը, ի թիվս այլոց, ներառում են այն դեպքերը, երբ` (…) դատավորը` որպես մասնավոր անձ, ականատես է այն փաստերին, որոնք վիճարկվում են դատաքննության ընթացքում(…):
ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն` դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անկողմնակալության մեջ:
Անդրադառնալով ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի մեկնաբանությանը` ՀՀ Վճռաբեկ դատարանը 2009 թվականի մարտի 13-ի թիվ ԵԱՔԴ/1137/02/08 որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը, մասնավորապես` «(…) ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածից հետևում է, որ դատավորի ինքնաբացարկի հիմքերը սպառիչ չեն, և այդպիսին կարող է որակվել ցանկացած հանգամանք, որը կարող է ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անկողմնակալության մեջ(…)»:
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված յուրաքանչյուրի` անկողմնակալ դատարանի կողմից իր գործի քննության իրավունքը, արդար դատաքննության բաղկացուցիչ տարրն է:
Ցանկացած դատավոր, որի անաչառության վերաբերյալ օրինական կասկածներ կան, պետք է դուրս գա դատարանի կազմից: Նշված կասկածները պետք է ստուգվեն տարբեր ճանապարհներով: Առաջինը` սուբյեկտիվ մոտեցումն է, որը փորձում է պարզել տվյալ դատավորի անձնական համոզմունքները քննվող գործի կապակցությամբ և երկրորդը` օբյեկտիվ մոտեցումը, որը սահմանում է, թե արդյո±ք դատավորի կողմից առաջարկվող երաշխիքները բավարար են այդ կապակցությամբ առաջացած ցանկացած օրինաչափ կասկած բացառելու համար (տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը «Պյերսակն ընդդեմ Բելգիայի»գործով 01.10.1982թ., կետ 30)»:
Այսինքն, գործի ելքով շահագրգռված դատավորին բացարկ հայտնելու ինստիտուտը հանդիսանում է դատական գործի օբյեկտիվ քննության երաշխիքներից մեկը: Դատարանի անաչառությունը գնահատելիս Մարդու իրավունքների եվրոպական դատարանն առանձնացնում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ, որոնք պետք է հաշվի առնվեն: Սուբյեկտիվ գործոնները վերաբերում են դատավորի անձին, և այդ դեպքում դատարանը ղեկավարվում է անձնական անաչառության կանխավարկածով: Այն հաստատելու համար անհրաժեշտ են հավաստի տվյալներ: Այլ կերպ ասած` այստեղ անհրաժեշտ են կանխակալության փաստացի առկայության ապացույցներ:
Ինչ վերաբերում է դատավորի անաչառության գնահատման օբյեկտիվ հիմքերին, ապա, օբյեկտիվ գործոններ ասելով, ըստ էության, նկատի է առնվում դատավարական նորմերով սահմանված բացարկի այլ հիմքերը:
Այսպես` «Ֆեյն ընդդեմ Ավստրիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայտնել է այն իրավական դիրքորոշումը, որ օբյեկտիվության գործոնը գնահատելիս անհրաժեշտ է պարզել, թե դատավորի վարքագծից անկախ արդյո±ք գոյություն ունեն անհերքելի փաստեր, որոնք կասկած են հարուցում դատավորի անաչառության վերաբերյալ:
Տվյալ պարագայում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մասնավորապես թիվ ԵԱՆԴ/0078/01/12 քրեական գործը քննվել է իմ վարույթում, իսկ սույն գործով որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշումների, մեղադրական եզրակացության համաձայն` մեղսագրվող արարքները տեղի են ունեցել իմ դատավոր Դ.Հարությունյանի ներկայությամբ, ինչպես նաև ղեկավարվելով ցանկացած կողմնակալություն բացառելու ու դատավարության մասնակիցների մոտ կողմնակալության վերաբերյալ անգամ սուբյեկտիվ պատկերացումները հերքելու կանխավարկածից` գտնում եմ, որ թիվ ԵԱՆԴ/0050/01/14 (թիվ 17119614) քրեական գործով` ըստ մեղադրանքի` Գարիկ Աշոտի Մարգարյանի և Նորայր Միշայի Հայրապետյանի ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մասով, պետք է կայացնել ինքնաբացարկի մասին որոշում վերոհիշյալ պատճառաբանությամբ»: