ՀՀ-ում Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության որևէ դեպք առ այսօր չի արձանագրվել
Էբոլա վիրուսով հարուցված հիվանդությունը, որը աֆրիկյան մի շարք երկրներում վերածվել է բռնկման, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գնահատել է որպես «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ»: Դրա համար հիմք է հանդիսացել հիվանդության եզակի դեպքերի արձանագրումը բռնկման գոտուց դուրս այլ երկրներում:
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին հրապարակման տվյալների` Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության համաճարակային իրավիճակն այսօր աշխարհում լարված է:
ԱՀԿ տվյալներով առ այսօր բնակչության շրջանում արձանագրվել է Էբոլա վիրուսով 1176 հաստատված, 486՝ հավանական և 186՝ կասկածելի դեպք, այդ թվում` 1013-ը մահվան ելքով (55%): Հիվանդության դեպքերը հիմնականում արձանագրվում են աֆրիկյան երկրներում, մասնավորապես` Գվինեայի Հանրապետություն, Լիբերիայի Հանրապետություն, Սիերա Լեոնե և Նիգերիա:
Հայաստանի Հանրապետությունում Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության որևէ դեպք առ այսօր չի արձանագրվել: Հիվանդության ներթափանցումը մեր երկիր կանխելու համար ընդունվել է «էբոլա վիրուսով հարուցված հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումների մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանը, որով հանձնարարականներ են տրվում շահագրգիռ բոլոր կառույցներին՝ այս հիվանդության կանխարգելման համար անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու համար, մասնավորպես.
– Բնակչության շրջանում բժշկահիգիենիկ գիտելիքներ տարածելու և նրանց իրազեկման նպատակով մշակվել է «Ի՞նչ է Էբոլա վիրուսը և ինչպե՞ս պաշտպանվել նրանից» վերտառությամբ հուշաթերթը, որը կտրամադրվի բնակչությանը:
– Հայաստանից մեկնողների և ժամանողների իրազեկման համար մշակվել է «Էբոլա վարակի վերաբերյալ» հուշաթերթը, որը կտրամադրվի զբասաշրջային ծառայություններին և ուղևորներին:
– Մշակվել է «Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության համաճարակաբանության, դեպքերի ստանդարտ բնորոշման, բուժման, կանխարգելման, վարակի հսկողության» մեթոդական ցուցումները՝ հիվանդության դեպքերի վաղ հայտնաբերման, մեկուսացման, բուժման և կանխարգելիչ միջոցառումների համակարգված իրականացման համար, որը կտրամադրվի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին:
– ՀՀ էկոնոմիկայի նախարարության համագործակցությամբ կազմակերպվում են զբոսաշրջության գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատակիցների համար սեմինար դասընթացներ՝ զբոսաշրջիկների շրջանում հիվանդության առանձնահատկությունների վերաբերյալ իրազեկումը բարձրացնելու նպատակով:
– ՀՀ առողջապահության նախարարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ աշխատանքներ է տարել վայրի կենդանիների ներբերումը մեր երկիր արգելելու համար, ինչը և իրականացվել է:
– Հրահանգվել է ուժեղացնել պետական սահմանում սանիտարական կարանտինային հսկողությունը:
– Կազմակերպվում են բուժաշխատողների իրազեկման դասընթացներ:
Աշխատանքները շարունակվում են:
ՀՀ Առողջապահության նախարարություն