ԱՆ-ն՝ քաղաքացիների բանկային հաշիվները արգելափակելու մասին
ՀՀ արդարադատության նախարարությունը հաշվետվություն է տարածել մայիսի 1-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում նախարարության իրականացրած աշխատանքների վերաբերյալ: Ըստ հաշվետվության՝ Ճանապարհային երթևեկության ոլորտի իրավախախտումներին առնչվող ՀՀ կառավարության 2014 թ. ծրագրով նախատեսված խնդիրներն, ինչպես նաև տեսանկարահանող սարքերի միջոցով վարչական պատասխանատվության ենթարկելու համար հասարակության շրջանում առաջացած դժգոհությունները լուծելու համար ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ:
Արդյունքում 2014թ. հունիսի 21-ին փոփոխություններ են կատարվել «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում և նվազեցվել են ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումների համար սահմանված տուգանքների չափերը՝ հաշվի առնելով վարչական տուգանքների չափերի անհամաչափությունը վարչական իրավախախտման հանրային վտանգավորության աստիճանին:
- Նախատեսվել է վարչական պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն՝ տեսանկարահանման սարքերի միջոցով ամրագրված նվազ նշանակություն ունեցող վարչական իրավախախտման դեպքում:
- Օրենքը տարբերակված մոտեցում դրսևորեց հանրային տրասնպորտային միջոցներ վարողներին ծխելու համար պատասխանատվության ենթարկելիս՝ սահանելով ավելի բարձր տուգանք:
Ըստ հաշվետվության ՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից չափազանց կարևոր է համարվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների և այլ վարչական իրավախախտումների հետևանքով ՀՀ քաղաքացիների նկատմամբ կիրառված վարչական տույժերի գանձման հիմքով հարուցված կատարողական վարույթներով բանկային հաշիվների արգելափակման վերաբերյալ խնդիրը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ խնդիրը պայմանավորված է առանձին բանկերի ներքին բանկային գործառույթներով:
Մասնավորապես՝ բանկերը չունեին համակարգչային ծրագրեր, որոնք հնարավորություն կտային արգելանքի տակ դնել իրենց հաճախորդի բանկային հաշիվը` միայն կատարողական թերթում նշված գումարի չափով: Պրակտիկայում և տեսականորեն, խնդիրը ԴԱՀԿ տիրույթում չէր:
ԴԱՀԿ գործունեությունն ապահովող համակարգչային ծրագիրը նախատեսում է պահանջ հարկադիր կատարողի համար, այն է՝ կատարողական փաստաթղթում պարտադիր լրացնել բռնագանձման ենթակա գումարի չափը: ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ կենտրոնական բանկի համագործակցության արդյունքում որոշակի լուծումներ են մշակվել:
Ըստ նախարարության՝ խնդիրը կարգավորելու նպատակով մշակվել են նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքներում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծեր, որոնք որոշ դեպքերում նախատեսում են դատական ընթացակարգեր` հանրային իրավական դրամական պահանջների կատարման համար, երբ, հանրային իրավական դրամական պահանջի կատարման արդյունքում անձը կարող է զրկվել միակ բնակության վայրից կամ կատարման ենթակա դրամական պահանջներն անձի համար էական են (նախագծով նախատեսվել է ստորին շեմ՝ 200000 ՀՀ դրամը գերազանցող գումարի չափով):
Նախագծով սահմանվել է՝ վարչական ակտը չի կարող դառնալ անբողոքարկելի, եթե անձն այն չի ստացել: Հստակեցվել է նաև վարչական ակտը հանձնված համարվելու սահմանումը: