Հայաստան այցելող զբոսաշրջիկների մեջ զգալիորեն ավելացել է երիտասարդների թիվը. Մեխակ Ապրեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց Հայաստանի զբոսաշրջության արդյունքները 2014թ. առաջին կիսամյակում և առաջիկա ծրագրերը.
«Վիճակագրական տվյալների համաձայն, 2014թ. հունվար-հունիսին հանրապետություն են ժամանել 495967 զբոսաշրջիկներ, 2013թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 17.3 %-ով:
2014թ. հունվար –հունիսին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 474989 մարդ, 2013թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 14.8%-ով:
2014թ. հունվար –հունիս զբոսաշրջիկների քանակի ցուցանիշն արդեն իսկ հաշվարկված է ՀՀ սահմանային անցման կետերում 2013թ. հունվար- դեկտեմբերին իրականացված այցելությունների վիճակագրական հետազոտության արդյունքների հիման վրա: Հետազոտությունն իրականացվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, ԱՄՆ, ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (USAID EDMC) ծրագրի , Գերմանական համագործակցության ընկերության (GIZ) և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համագործակցությամբ՝ ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանությանը համապատասխան»:
Զբոսաշրջության աճը Մ.Ապրեսյանը պայմանավորեց մի քանի գործոններով. «Առաջին հերթին դա պայմանավորված է բոլոր շահագրգիռ կողմերի, այսինքն՝ պետական կառավարման մարմիններ, տեղական ինքնակառավարման մարմիններ, մասնավոր հատված, միջազգային գործընկերներ, սփյուռք, մամուլ սերտ համագործակցությամբ: Բացի այդ՝ ոլորտում ձևավորված բարենպաստ ներդրումային գործարար միջավայրով, ծառայությունների որակական բարձրացմամբ, համաշխարհային զբոսաշրջային շուկային Հայաստանի հասանելիությամբ, ենթակառուցվածքների զարգացմամբ, հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմամբ, որը նպաստել է նաև Հայաստան այցելող զբոսաշրջիկների կառուցվածքային փոփոխություններին, այսինքն՝ Հայաստան այցելող զբոսաշրջիկների մեջ զգալիորեն ավելացել է երիտասարդների թիվը: 2013թ. հետազոտության տվյալներով 25-36 տարեկան զբոսաշրջիկների տեսակարար կշիռը զբոսաշրջիկների ընդհանուր թվի մեջ կազմում է շուրջ 34 տոկոս (2006-2007թթ. հետազոտության տվյալներով այն կազմում էր շուրջ 6 տոկոս): Մեզ մոտ բարձր մակարդակում գտնվող անվտանգությունն ու հանրային առողջությունը ևս զբոսաշրջությանը նպաստող գործոններ են»,- նշեց նա:
Մեխակ Ապրեսյանը ներկայացրեց նաև 2014թ. ընթացքում իրականացվող հիմնական միջոցառումները.
«1. Ինստիտուցիոնալ բարեփոխումներ- քննարկումներ զբոսաշրջության զարգացման հայեցակարգի, ոլորտը կարգավորող օրենսդրության կատարելագործման ուղղությամբ՝ հաշվի առնելով աճող զբոսաշրջային այցելությունների պատշաճ սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման կարիքները, ծառայությունների որակի, բարենպաստ գործարար ներդրումային միջավայրի ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի և համաշխարհային զբոսաշրջության զարգացումները:
2.Զբոսաշրջային արդյունքների դիվերսիֆիկացում, համայնքների զբոսաշրջության զարգացում- միջոցառումներ ուղղված զբոսաշրջային տների ցանցի ընդլայնմանն ու զարգացմանը, գյուղական զբոսաշրջության զարգացմանը, հանրապետության տարբեր մարզերում ավանդական փառատոնների և տոնակատարությունների կազմակերպմանը:
3.Մարքեթինգային քաղաքականություն– Հայաստանի ազգային բրենդի , դրա ռազմավարական մշակում, որը հուսով ենք տարվա վերջին պատրաստ կլինի:
4.Մարդկային ռեսուրսների զարգացում- Զբոսավարների Ասոցիացիաների Համաշխարհային Ֆեդերացիայի (WFTGA) համագործակցությամբ Երևանում նախատեսվում է հիմնել զբոսավարների միջազգային կրթական կենտրոն, որի համար նախատեսվում է նաև պետական աջակցություն «Զբոսաշրջության աջակցության ծառայություններ » պետական տարեկան ծրագրերի շրջանակներում:
5. Սոցիալական փաթեթ- ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբեր 27-ի N 1691-Ն որոշմանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013թ. մարտի 19-ի N 170 –Ն հրամանին համապատասխան սոցիալակնա փաթեթի հանգստի ապահովման ծառայության կազմակերպում: Սոցիալական փաթեթի շահառուները ազատ են ընտրելու իրենց զբոսաշրջային օպերատորին: Հատուկ պայման է նշված այդ զբոսաշրջային օպերատորների գործունեության նկատմամբ՝ զբոսաշրջային փաթեթեները սոցիալական փաթեթի շահառուներին վաճառելիս՝ փաթեթում ներառված հյուրանոցային ծառայության գինը չպետք է գերազանցի հյուրանոցի հայտարարած մանրածախ գինը: Սա վերաբերում է նաև առանձին հյուրանոցային ծառայություն մատուցելու դեպքերին: Միայն այն դեպքերում, երբ զբոսաշրջային փաթեթ իրացնելիս՝ փաթեթում ներառված հյուրանոցային ծառայություն մատուցող անձը, եթե ԱԱՀ վճարող չէ, իսկ զբոսաշրջային օպերատորը ԱԱՀ վճարող, այդ դեպքում միայն թույլատրվում է հյուրանոցային ծառայության գնին ավելացնել ԱԱՀ-ի չափով գումար»:
Լրագրողների այն հարցին, թե որտեղ են նախընտրում հանգստանալ հայերը նա պատասխանեց. «Հիմնականում ծովային երկրներում, բայց արդեն նախընտրում են նաև էկզոտիկ վայրեր: Ամենից շատ մեկնում են Վրաստան , Եգիպտոս, ԱՄԷ, Շրի- Լանկա, Բուլղարիա և այլ երկրներ, այդ թվում նաև Թուրքիա, որտեղ գնացողների թիվը գնալով նվազում է»:
Խոսելով այն մասին, թե ինչն է գրավում զբոսաշրջիկներին, բանախոսն առանձնացրեց հայկական խոհանոցը, պատմամշակութային վայրերը, արդեն գործող էքստրեմալ հանգստի տեսակները, գյուղերում կազմակերպվող հանգիստը, քաղաքային հանգստի կենտրոնները և այլն:
Ռազմիկ Մարտիրոսյան