Բաժիններ՝

Առաջնայինի և առանձնահատուկի միջև

Այն, ինչ հրապարակվեց և շարունակվում է հրապարակվել Սոչիում կայացած Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին՝ արտակարգ որևէ նորություն չի փոխանցում։ Ինչպես և ակնկալվում էր, հերթական անգամ խոսվել է խաղաղ կարգավորման, պատերազմական գործողություններից զերծ մնալու, և փոխզիջումներով խաղաղության հասնելու անհրաժեշտության մասին։ Բանակցային խորապատկերի վրա երևացող հիմնական և ուշադրություն գրաւող բաժինը հանդիպման վայրն է, գերմիջնորդի ներկայությունն ու կատարած կշռադատված ուղերձները կողմերին։ Այս բոլորը հրապարակային բաժնով, լուսարձակների տակ, նկարահանված և հեռարձակված տարբերակներով փոխանցվող։

Ռուսական գերմիջնորդի հանգամանքի ինքնաստանձնելու միտումները թաքնված չեն։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Ղարաբաղյան հակամարտության հարցում միջազգային ձևաչափերին, հետագայում էլ մասնակցելու է դրանց, բայց ծրագրում է օգտագործել նաև Ադրբեջանի և ՀՀ-ի հետ երկկողմ հարաբերությունների առանձնահատուկ բնույթը՝ իրավիճակը կարգավորելու համար։

Մինչև այս եռակողմ հանդիպումը մեկնաբանությունները կենտրոնացել էին խաղաղապահ գործողության իրականացման հաւանականության վրա՝ շեշտելով, որ ՌԴ-ն մտադիր է խաղաղապահ զորքեր տեղակայել Արցախ-Ադրբեջան սահամանագծի վրա։ Չի բացառվում, որ այս առաջադրանքը մնալու է նույնը։ Ամերիկացի համանախագահն էլ իր վերընդգծած սկզբունքներից վերջինը հատկացրել էր խաղաղապահ գործողություն իրականացնելու անհրաժեշտությանը։ Ուորլիքի հայտարարությունները, կարճ ժամանակ հետո ԱՄՆ պետքարտուղարության կողմից նկատվել էին որպես պաշտոնական Վաշինգտոնի տեսակետ։ Բնականաբար, սակայն, Ուորլիքն ու իր պետությունը այլ բաղադրիչներով են պատկերացնում խաղաղապահ գործողության իրականացումը։

Թե փակ խորհրդակցություններում այս առաջադրանքը քննարկման թեմա եղե՞լ է, թե՞ ոչ, մնում է քաղաքական մեկնաբանության և ենթադրության սահմաններում։ Պարզը այն է, որ Մոսկվան փորձում է իր ազդեցության գոտի վերադարձնել Բաքվին և այնտեղ աւելի հաստատ ու կայուն տեղ տրամադրել դրան։ Մինչ այդ իրավիճակը կարգավորելու համար կարող էր նպաստավոր նկատվել զինվորական սահմանափակ գործողությունների ձեռնարկումը, դրանք քաջալերելը, եւ նախապատերազմական մթնոլորտ ստեղծելը։ Զուգահեռ` սպառազինելը։ Ռուսական ուղերձի ամփոփումը այս ամենում այն է, որ Մինսկի ձևաչափը շարունակում է գործել, բայց գերմիջնորդը և բանակցային խաղի կանոնների թելադրողը Մոսկվան է, որը ծրագրում է օգտագործել նաեւ Ադրբեջանի և ՀՀ-ի հետ երկկողմ հարաբերությունների առանձնահատուկ բնույթը՝ իրավիճակը կարգավորելու համար: ՀՀ-ին առընթեր կավելանա ուրեմն Ադրբեջանի հետ հարաբերությունների առանձնահատուկ բնույթը։

Փորձենք տեսնել այս անգամ ամերիկացի համանախագահի հայտարարությամբ փոխանցվող ուղերձի իմաստը, Սոչիի հանդիպմանը առիթով։ Մի հարցազրույցի ժամանակ ռուսական ճիգերին դրական գնահատական տալուց հետո, ամերիկացի համանախագահը հետեւյալ բառերով է բնութագրում իր երկրի առնչությունը արցախյան հարցի կարգավորման բանակցություններին. «Աշխարհի տարբեր անկյուններում տիրող բարդ իրավիճակներն անհանգստության մեծ առիթ են ԱՄՆ-ի համար, սակայն սա և ոչ մի կերպ չի թուլացնում Ղարաբաղյան խնդրի լուծման անհրաժեշտության առաջնայնությունը ԱՄՆ-ի համար։ Մեր նպատակն է տեսնել Եվրոպան ամբողջական, ազատ և խաղաղ»։

Ըստ Ուորլիքի` Արցախի հարցը ուրեմն առաջնային խնդիր է Վաշինգտոնի համար։ Վաշինգտոնի համար առաջնային, Մոսկվայի համար առանձնահատուկ։ Բայց Սա չէ միակ հատկանշական կետը ամերիկացի բանագնացի ասածում։

Արցախը ամբողջական Եւրոպայի տարածքում տեսնող Վաշինգտոնի ներկայացուցիչը այս դեպքում ուղերձ ունի Մոսկվայի ղեկավարին։ Արցախյան հարցով ուղերձ ուղարկողը սակայն պետք է հստակ պատասխան տա, որ առաջադրված ամբողջական, ազատ եւ խաղաղ Եւրոպայում վերջին փակ սահմանի պատասխանատուն ո՞ր պետությունն է եւ թե ինչո՞ւ է շարունակում արգելակել Եւրոպայի ամբողջականացման, ազատականացման եւ խաղաղեցման գործընթացը։

Վաշինգտոնի համար Արցախը Եվրոպա է, և դրա հարցը` առաջնային։ Մոսկվայի համար Արցախը` Եվրասիա (առանց մաքսակետի հստակեցման…), իսկ հարցը` առանձնահատուկ։ Սոչիով հաստատվում է, որ առայժմ գերմիջնորդը փորձում է իր ձեռքին պահել բանակցային ղեկը։

Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս