Վտանգավոր միասնականություն
Հայ-ադրբեջանական սահմանի առաջնագծում արդեն ավելի քան երկու շաբաթ շարունակվող փոխհրաձգություններից, ցավոք, նաև զոհերի պատճառ դարձող միջադեպերից հետո, քաղաքական դաշտում ամենաշատը քննարկվող ու բարձրաձայնվող հասկացությունը միասնականությունն է: Կուսակցությունների, իշխանությունների ու ընդդիմության միասնականության, բոլորի ու հասարակության միասնականությունը:
Անշուշտ, պատերազմական կամ կիսապատերազմական իրավիճակում, որում այսօր է՛ Հայաստանը, միասնականությունը չափազանց կարևոր է, քանի որ, երբ խոսքը վերաբերում է արտաքին թշնամուն, ներքին բոլոր տարաձայնությունները պետք է երկրորդական դառնան, և բոլորը ծառայեն հայրենիքի պաշտպանության՝ կուսակցական և որևէ այլ պատկանելություն չճանաչող գործին: Այդ ամենը, իհարկե, ճիշտ է, և շատ ողջունելի է, որ Հայաստանի քաղաքական դաշտի անգամ ամենամոլի հակառակորդներն այս օրերին հանդես են գալիս միասնականության մասին կոչերով ու այդպիսին լինելու պատրաստակամությամբ:
Սա որքան կարևոր, նույնքան նուրբ հարց է, և չափազանց դժվար է տարանջատել՝ որտեղ է ավարտվում իրական միասնականության անհրաժեշտության և կեղծ հայրենասիրության ու ճոռոմ պաթետիզմի սահմանը: Իսկ նման սահման, իհարկե, կա, հենց այդ սահմանից այնկողմ է, որ միասնականության մասին ճառերի հեղինակները հայրենասիրության անվան տակ սկսում են սպասարկել իրենց անձնական կամ խմբային շահերը:
Ասվածը հավասարապես վերաբերում է ինչպես՝ իշխանությանը, այնպես էլ՝ ընդդիմությանը: Նման իրավիճակներում Հայաստանի նման երկրների իշխանությունները կարող են շահարկել պատերազմը կամ դրա վտանգը՝ քաղաքական դաշտում ու մարդու իրավունքների ոլորտում վերացնելով անցանկալի ամեն ինչ, ընդդիմությունները կարող են մեղադրել իշխանություններին՝ նշված նպատակները հետապնդելու համար, ու պատերազմական իրավիճակում փորձել իրականացնել ընդհուպ՝ մինչ հեղաշրջում:
Մի խոսքով, միասնականությունը՝ միասնականություն, սակայն անթույլատրելի է, որ դա դառնա իշխանության կամ ընդդիմության համար ներքին խնդիրներ լուծելու հնարավորություն: Միասնականության շահարկումը, բացի այս՝ ներքին վտանգներից, Հայաստանի դեպքում ունի նաև շատ որոշակի արտաքին վտանգ: Ու խոսքն ամենևին հակառակորդի մասին չէ, որ դեմ ցանկանում են միասնականանալ բոլորը:
Հայաստանի ինչպես՝ իշխանական, այնպես էլ՝ ոչ իշխանական դաշտն առավելագույն չափով գտնվում է ռուսական ազդեցության տիրույթում: Դա արդեն անգամ որևէ մեկը չի էլ թաքցնում: Որովհետև ռուսամետությունը թաքցնելը Հայաստանում քաղաքականությամբ զբաղվողների համար հավասար է հիմարությանը, քանի որ բոլորը, հակառակը՝ ամեն ինչ անում են՝ Մոսկվայի կողմից նկատվելու համար: Պատերազմի վտանգը դիմակայելու համար միավորվելու պատրաստակամություն հայտնողներն իրականում դրանից առաջ միասնական են հենց այդ՝ ռուսահավատարմության հարցում:
Հիմա դրան գումարվել է նաև պատերազմի սպառնալիքը, որը նշված համատեքստում կրկնակի վտանգավոր կարող է դառնալ: Բազմիցս անդրադարձել ենք, թե ինչու հատկապես հիմա հայ-ադրբեջանական պատերազմը կարող է ձեռնտու լինել Ռուսաստանին:
Դրա մասին գրեթե բացահայտ արդեն խոսում են անգամ ռուսական որոշակի շրջանակներ: Հայաստանը, այսպիսով, կարող է ներքաշվել աշխարհաքաղաքական տվյալ իրավիճակում Ռուսաստանի շահերը սպասարկող պատերազմի մեջ՝ ունենալով այնպիսի քաղաքական համակարգ՝ իշխանական և ոչ իշխանական, որի համար Ռուսաստանին հաճոյանալը վեր է ամեն ինչից: Հենց այս գործոններն են, որ պատերազմական իրավիճակում չափազանց կարևոր միասնականությունը մյուս կողմից դարձնում են նաև վտանգավոր: Որովհետև միասնականությունն այդ կարող է արտահայտվել ոչ միայն ընդդեմ հակառակորդի, այլ նաև՝ հանուն երրորդ երկրի, որի գեոպոլիտիկ շահը ներկայումս համընկնում է Ադրբեջանի հետ:
Թե ինչ է ստացվում այս դեպքում ակամայից, չարժե անգամ ձևակերպել: Պարզապես պետք է սովորականից ավելի զգույշ վերաբերվել միասնականության մասին լալահառաչ հայտարարություններին: Գոնե մինչև խառը ժամանակների ավարտը: