Ավետիք Իշխանյան. «Թե ինչպե՞ս Ռուսաստանը կվերաձևի հայ-ադրբեջանական հետագա սահմանները, մենք ունենք դրա պատմական փորձը»
«Լուրջ առաջընթաց ես չեմ ակնկալում, չնայած համարում եմ, որ ցանկացած հանդիպում, ցանկացած երկխոսություն և բանակցություն, ամեն դեպքում, ավելի լավ է, քան չլինելը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, «Ղարաբաղ» կոմիտեի գաղտնի անդամ Ավետիք Իշխանյանը՝ խոսելով օգոստոսի 8-ին և 9-ին Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ ՌԴ նախագահի հետ կայանալիք հանդիպումներից ունեցած իր սպասումներից:
Ավ. Իշխանյանը կարծում է՝ այս հանդիպումներն ավելի շատ պետք են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, քանի որ Ռուսաստանը հիմա բավականին ծանր վիճակի մեջ է (միջազգային մեկուսացման մեջ է), և Արևմուտքը շատ մեծ հակառուսական կամպանիա է իրականացնում ՌԴ-ի դեմ. «Ու այս պարագայում Պուտինի համար շատ կարևոր է՝ հայ-ադրբեջանական հակամարտության ոլորտում ցույց տալ իր դերը, որ ինքը կարողացավ երկու նախագահների հետ հանդիպել և ինչ-ինչ համաձայնությունների գալ: Սա, կարծում եմ, ավելի շատ Ռուսաստանին է պետք, բայց ամեն դեպքում՝ այս լարված իրավիճակում հանդիպումն ավելի լավ է»:
Ըստ Ավ. Իշխանյանի՝ ընդհանրապես, Ռուսաստանին հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ լուծումն այնքանով է ձեռնտու, որքանով տարածաշրջանը կմնա իր ազդեցության տակ. «Իսկ եթե իր ազդեցության տակ չի մնալու, ապա ես համոզված եմ, որ Ռուսաստանին խաղաղ կարգավորումը պետք չէ»:
Պատերազմը վերսկսելու ռիսկերը, Ավ. Իշխանյանի կարծիքով, ամեն վայրկյան կան, քանի որ նախ՝ խաղաղության պայմանագիր չկա.
«1992 թվականից սկսած Մինսկի խմբի աշխատանքը շատերը շատ բացասական են գնահատում: Իմ կարծիքով, սակայն, Մինսկի խումբն անում է այնքան, որքան կարող է, որովհետև Մինսկի խումբը մանդատ չունի՝ երկու կողմերին ինչ-որ համաձայնագիր պարտադրելու, կոշտ ուժի միջոցով երկու կողմերին չի կարող պարտադրել իր ցանկացած խաղաղությունը: Բայց ամեն դեպքում՝ կարծում եմ, որ միայն Մինսկի խմբի գոյությունը (որ ինչ-որ չափով կարողանում է տարբեր բանակցություններ, տարբեր փաստաթղթեր բերել) ինչ-որ չափով կանխարգելում է պատերազմական գործողությունները: Պատերազմը կարող է ամեն վայրկյան վերսկսվել, որովհետև Ադրբեջանը չի համակերպվում իր կորուստների հետ: Բացի այդ, այս տարիների զարգացումները ցույց են տվել, որ Ադրբեջանն իր ցանկությունների մեջ մաքսիմալիստ է:
Ըստ էության, միակ զիջումը, որ Ադրբեջանը (համենայն դեպս, հռետորաբանությամբ և իրենց հայտարարություններով դա են ասում) կարող է անել, դա վերադարձն է մինչև 88 թվական, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղին ինքնավարություն տալն է: Ու դա այնքան է քարոզվել Ադրբեջանում, որ դրանից նահանջել ուղղակի նրանք չեն կարող»:
Ավ. Իշխանյանը նկատեց, որ Հայաստանում շատերին հայտնի չէ, թե ինչ հակահայկական քարոզչություն են իրականացնում Ադրբեջանում. «Դպրոցական երեխաներից սկսած՝ հայերին ներկայացնում են՝ որպես ինչ-որ տեսակի հրեշների: Ու եթե ուշադիր հետևեք Ադրբեջանի քարոզչությանը, ոչ միայն Ղարաբաղը, այլ ընդհանրապես ամբողջ Հայաստանն են համարում Ադրբեջան՝ և՛ Զանգեզուրը, և՛ Երևանը, և՛ Սևանը, և այլն: Այս հակահայկական հիստերիայի և զենքի կուտակման պայմաններում նրանք, ամեն վայրկյան, հնարավոր է՝ պատերազմ վերսկսեն»:
Իրավապաշտպանի խոսքով՝ մենք երբեմն մեզ հանգստացնում ենք այն մտքով, որ միջազգային կառույցները թույլ չեն տա պատերազմ սկսել, կամ Ադրբեջանը, նավթային շահերի հետ կապված, պատերազմ չի սկսի. «Այդ ամեն ինչի մեջ, իհարկե, ճշմարտություն կա, բայց հանգստանալ դրանով ոչ մի դեպքում չի կարելի»:
Հարցին, թե հայերի վերջին հաջողությունները հայ-ադրբեջանական սահմանում հետ կպահե՞ն ադրբեջանցիներին ավելի լուրջ գործողությունների անցնելուց, թե՞ հակառակը՝ նրանք կփորձեն փոխհատուցել կորուստները, Ավ. Իշխանյանը պատասխանեց, որ ժամանակը ցույց կտա. «Որովհետև երկուսն էլ չեմ բացառում: Մի կողմից՝ սա կարող է ավելի զայրացնել նրանց, և ավելի շատ կոչեր հնչեն՝ վճռական գործողությունների անցնելու ուղղությամբ, մյուս կողմից, կարող է պատահի՝ փոքր-ինչ սթափվեն և ավելի լուրջ նախապատրաստվեն»:
Մի շարք միջազգային կազմակերպություններ խաղաղություն քարոզող հայտարարություններով հանդես եկան, սակայն դրանք կարծես առանձնակի ազդեցություն չունեցան ստեղծված իրավիճակի վրա, ի՞նչն է պատճառը. «Կարծում եմ՝ հայերս գոնե պետք է դաս քաղած լինեինք միջազգային կազմակերպությունների և միջազգային տարբեր հեղինակավոր և մեծ պետությունների հայտարարություններից, որ այդ հայտարարությունները նրանք չեն կարող չանել, բայց իրականում հայտարարությունն անում են և միանգամից մոռանում են ու սկսում են զբաղվել իրենց աշխարհաքաղաքական խնդիրներով: Եթե հետևեք, թե ինչ է կատարվում աշխարհում (Սիրիայի, Իրաքի, Պաղեստինի, Ուկրաինայի դեպքերը), ապա այստեղ մեծ պետություններն ու միջազգային կազմակերպություններն այնքան բաներով են զբաղված, և մարդկային կյանքն այնքան չնչին բան է նրանց աշխարհաքաղաքական շահերի համար, որ լուրջ հույս դնել, թե միջազգային կազմակերպությունները կարող են կանխել պատերազմը, անիմաստ է: Եթե մեր հույսը դա է, ուրեմն հայերը գտնվում են «մանկական ձախության» հիվանդության մեջ»:
1992 թվականից Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ է, որի մասնակից պետություններից յուրաքանչյուրի նկատմամբ ագրեսիայի ակտի դեպքում՝ բոլոր մյուս մասնակից պետությունները տրամադրում են նրան անհրաժեշտ օգնություն, այդ թվում՝ նաև ռազմական, ինչպես նաև ցուցաբերում են օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով: ՀԱՊԿ-ի անդամներ են Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը:
Հարցին, թե ինչո՞ւ մինչ օրս ՀԱՊԿ-ն որևէ քայլ չի ձեռնարկում՝ կապված հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող դեպքերի հետ, Ավ. Իշխանյանն այսպես պատասխանեց. «Նախ՝ ես ՀԱՊԿ-ն լուրջ կազմակերպություն չեմ համարում, հատկապես մեզ համար, որովհետև այդ ՀԱՊԿ անդամ պետություններից շատերը Ադրբեջանի դաշնակիցն են, և նրանցից շատերը տարբեր միջազգային կազմակերպություններից քվեարկել են Ադրբեջանի օգտին: Այդ ՀԱՊԿ անդամները բազմաթիվ զենքեր և բարոյական աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանին, ու նաև նույն Ռուսաստանը միլիարդավոր դոլարների զենք է վաճառել Ադրբեջանին, այսինքն՝ ՀԱՊԿ անդամ երկրի հակառակորդին: Հույս դնել ՀԱՊԿ-ի արձագանքման վրա՝ նույնպես մոլորություն է»:
Ավ. Իշխանյանի խոսքով՝ մենք Ռուսաստանին, որի հետ առանձին պայմանագիր ունենք, համարում ենք մեր ռազմավարական դաշնակիցը, բայց արդյո՞ք Ռուսաստանը մեզ համարում է իր ռազմավարական դաշնակիցը. «Ռուսաստանը չի հայտարարել երբեք, որ Հայաստանն իր ռազմավարական դաշնակիցն է, համենայն դեպս, ես չեմ լսել, բայց հայտարարել է, որ Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ իր համար բարեկամական երկրներ են: Եվ եթե մենք մեր հույսը դնում ենք Ռուսաստանի վրա, որ կարող է այս հակամարտության մեջ մեզ աջակցել, ապա, եթե նույնիսկ աջակցի, ապա կաջակցի բավականին ուշ, իսկ եթե ընդունենք, որ մեզ աջակցեց, ապա այդ հաղթանակը ոչ թե մերն է լինելու, այլ լինելու է չակերտավոր դաշնակցինը: Իսկ թե ինչպե՞ս «դաշնակիցն» իր աշխարհաքաղաքական շահերից ելնելով՝ կվերաձևի հետագա այդ սահմանները, մենք ունենք դրա պատմական փորձը»: