Պատժամիջոցներով նախատեսվող սահմանափակումները խիստ որոշակի են և ՀՀ-ի տնտեսավարողների գերակշիռ մասի վրա ազդեցություն չեն ունենա. ԱՄՆ դեսպանատուն
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ՀՀ կառավարությանը և բիզնես կառույցներին ուղղված իր հայտարարությունն ուղարկել էր ՀՀ ԱԳՆ: Պետական կառույցները, ըստ էության, որևէ ծանրակշիռ պատասխան չեն տվել ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը, որում կոչ էր արվում դադարեցնել պատժամիջոցների ներքո գտնվող ռուսական ընկերությունների հետ բոլոր գործարքները: Հաշվի առնելով այն, որ Հայաստանի կառավարությունը և բիզնես կառույցները հակված չեն հետևելու պատժամիջոցների ներքո գտնվող ռուսական ընկերությունների հետ համագործակցությունից բխող ռիսկերի վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան նախազգուշացումներին, 168.am-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը մի քանի հարց ուղղեց.
– Եթե չդադարեցվեն պատժամիջոցներին հակասող բոլոր գործարքները, ի՞նչ է նախատեսում ամերիկյան կողմը:
– Կարևոր է հիշել, որ պատժամիջոցներով նախատեսվող սահմանափակումները խիստ որոշակի են և Հայաստանի տնտեսավարողների գերակշիռ մասի վրա ազդեցություն չեն ունենա: Մենք բոլոր ընկերություններին հորդորում ենք հաշվի առնել բարի համբավի հետ կապված ռիսկը, որ կառաջանա պատժամիջոցների ենթարկված անձանց ու ընկերությունների հետ գործ ունենալու դեպքում, և դադարեցնել բոլոր գործարքները, որոնք հակասում են մեր և մյուսների կողմից առաջ քաշված պատժամիջոցներին: Միացյալ Նահանգների մոտ լուրջ մտահոգություններ կառաջացնեն այն ընկերությունները, որոնք կգան մատուցելու ծառայություններ կամ լրացնելու այն պատվերները, որոնց վերաբերյալ սկզբնապես պայմանագրեր են եղել ամերիկյան ընկերությունների հետ, սակայն վերջիններս պատժամիջոցների հետևանքով հրաժարվել են որոշակի բիզնես հնարավորություններից:
– Հնարավո՞ր է՝ պատժամիջոցներ սահմանվեն ՀՀ ռեզիդենտ ընկերությունների դեմ:
– Ոչ ռուսական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կարող են լինել պատժամիջոցի ենթարկված անձանց կամ ընկերություններին նյութական օժանդակություն ցուցաբերելու պարագայում: Մենք բոլոր տնտեսվարողներին կոչ ենք անում զգոնություն հանդես բերել՝ ապահովելու, որ գործարքներ չունենան պատժամիջոցների ենթարկված անձանց և ընկերությունների հետ: Պատժամիջոցների ենթարկված անձանց ու ընկերությունների ցուցակը հասանելի է ԱՄՆ գանձապետարանի կայքում: Բացի այդ, ծանոթացեք նաև Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակի 50 տոկոսի կանոնին (OFAC 50Percent Rule), որը վերաբերում է այն ընկերություններին, որտեղ պատժամիջոցի ենթարկված անձն ունի 50 տոկոս և ավելի մասնաբաժին, տես՝ այստեղ.
– Հուլիսի 30-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հանդիպման ժամանակ այս հարցը քննարկվե՞լ է, եթե այո՝ ինչպե՞ս է արձագանքել ՀՀ վարչապետը, եթե ոչ՝ ինչո՞ւ չի քննարկվել, և ինչո՞ւ է նույն օրը երեկոյան գրությունն ուղարկվել ՀՀ ԱԳՆ:
– Դեսպանը և վարչապետը քննության են առել հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող տարաբնույթ հարցեր, սակայն պատժամիջոցների հարցը չի քննարկվել: ԱԳՆ-ին ծանուցող գրություն ուղարկելը դիվանագիտական ընդունված պրակտիկա է: