Բաժիններ՝

Ըստ Մանվել Եղիազարյանի՝ պետք է սահման ուղարկել այնպիսի տղաների, որ հատ-հատ ընտրված լինեն

«Էս կռիվը մեր կռիվն է եղել, երևի մենք էլ պետք է վերջացնենք»,- ասաց «Արաբո» ջոկատի ազատամարտիկ, 66-ամյա Սեդրակ Նազարյանը՝ խոսելով հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող մարտական գործողությունների մասին:

Ըստ նրա՝ մուսուլմանն արդեն կռիվը սկսել է, մենք ոչ մի բանից չենք խոսում. «Երևի ղեկավարությունն այնքան վստահ է, որ մեր ջահելները կարող են այդքանին (երևի միլիոնի հասած բանակին) հետ շպրտեն: Բայց մենք ազգովին պետք է նվիրվենք այդ գործին, դա այնպես բան չէ, որ մենք նստենք»:

Ազատամարտիկը նկատեց, որ Եղեռնի մասին բոլորը  խոսում են, բայց մենք քաղաքում մարդ ենք սպանում. «Սա ի՞նչ է նշանակում: Այս պահին ո՞նց կարելի է քաղաքում իրար վրա կրակել, մարդ սպանել: Սա անելու բան չէ: Ի՞նչ է նշանակում այն, որ փողոցում մեքենաների թիվն ավելի է շատացել, քան մարդկանց թիվը: Որ դղյակի դուռը բացում ես, 8 ավտո է դուրս գալիս, ու դեռ մի քանի հատ էլ չծված երեխաների համար դղյակներ են սարքել: Թող սարքեն, մենք դրանց փողերը չենք հաշվել ու չենք հաշվում, բայց քանի որ իրենց աշխատավարձերը բարձրացնում են (երևի նրանք դրա կարիքն էլ չունեն), ես ստանում եմ 33 ռուբլի թոշակ այս տարվա ընթացքում»:

Ս. Նազարյանն կոչ արեց ժողովրդին այս կռիվը չանտեսել. «Եթե մենք անտեսենք, ես վստահ եմ՝ պատմության մեջ դա մի քանի ժամ էլ չի տևի, մի քանի վայրկյան է: Սևանի ափին ռուբեր են պայթելու, որովհետև նրանք Շորժայի գլխին պոստեր ունեն: Ես դրանց տեղն անձամբ գիտեմ»:

Խոսելով այն մասին, որ օգոստոսի 3-ին Մարտակերտ են մեկնել տարածքն ազատագրած ազատամարտիկները, որպեսզի աջակցեն այնտեղի զինվորներին՝ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն ասաց, որ ըստ նրա՝ այս օրերին այդ ազատամարտիկներին այնտեղ ուղարկելը շատ սխալ է. «Մենք պետք է սահման ուղարկենք այնպիսի տղաների, որ հատ-հատ ընտրված լինեն, որոնք կարողանան զինվորի ոգին բարձրացնեն: Աստված չանի, վաղը կրակոց եղավ (այդ տղաներին ո՞վ է ուսումնասիրել), ու այդ մեծերից մեկը իրեն լավ չպահեց, նա ինչքանո՞վ օգնած կլինի մեր բանակին, նա ավելի չի՞  մեծացնի խուճապը: Դրա համար հարկավոր է ընտրել մարդկանց, իսկական մարդկանց ուղարկել, լավ տղաներ կան»:

Նա հիշեցրեց, որ կամավորական ջոկատների անվան տակ շատ ուրիշ մարդիկ կան. «Առաջին կռվին մասնակցել են 15-17 հազար կամավոր, բայց 85-100 հազար մարդ պատերազմի մասնակցի կարգավիճակի թուղթ ունի: Ես գիտեմ՝ ինչքան մարդ է ֆրոնտում կռվել, կեսից ավելիին էլ դեմքով ճանաչում եմ: Դրա համար հարկավոր է կարգին մարդկանց ուղարկել, որ տվյալ անձնավորությունը իր ներկայությամբ ոգի ու ուժ տա զինվորին, որ զինվորն ասին՝ «տես մեծն ինչ է անում հայրենիքի համար, մենք ավելի պարտավոր ենք՝ երիտասարդ ենք»: Մի խոսքով, այդքան շուտափույթ այնտեղ ուղարկելը ճիշտ չէ»,- նշեց Մ. Եղիազարյանը:

Անի Քեշիշյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս