Բաժիններ՝

Ազատանի գյուղապետ. «Սկսած ինձանից՝ գյուղում գրեթե բոլորն էլ ունեն վարկեր»

Գյումրի քաղաքի ամենամոտիկ գյուղի՝ Ազատանի բնակիչները 168.am-ի հետ զրույցում պատմեցին, որ ունեն արտերի, այգիների ոռոգման խնդիրներ. ջրի գինը շատ թանկ է: Իրենք ուշացումով են ջրում հողերը, ինչի հետևանքով էլ բերքը չորանում է: Գյուղում չկար մի ընտանիք, որ չունենար չմարած վարկ, այն էլ՝ մի քանի բանկերում: Այս մշտական խնդիրներից բացի՝ հացահատիկի բերքահավաքից առաջ տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել ցորենի և գարու արտերին: Այժմ գյուղացին չգիտի, թե ինչպես է հաղթահարելու բնական աղետի թողած հետևանքները:

Ազատանն ունի մոտ 5900 բնակչություն և նույնիսկ այս՝ 1300 տնտեսություն ունեցող գյուղում մարդիկ հազիվ են կարողանում զբաղվել գյուղատնտեսությամբ: Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը մեզ հետ զրույցում հաստատեց այն բոլոր խնդիրների առկայությունը, որ նշել էին գյուղացիները:

– Ինչպես տեղեկացանք Ազատանի գյուղացիներից՝ իրենց վարկերը և պարտքերն անվերջանալի են: Համամի՞տ եք, որ վարկերի հարցն այդքան լուրջ է:

– Սկսած ինձանից՝ գյուղում գրեթե բոլորն էլ ունեն վարկեր: Ինձ որ հարցնում են՝ ազատանցին վարկ ունի՞, ասում եմ՝ սկսեք համայնքի ղեկավարից: Անձամբ ես 6 միլիոն դրամ գյուղատնտեսական վարկ եմ վերցրել: Պատկերացրեք՝ այս պարագայում մոտավորապես երկուսուկես միլիոն դրամի վնաս է տվել կարկուտը միայն իմ տնտեսությանը: Այսինքն՝ այն ակնկալիքները, որ ունեինք գյուղատնտեսությունից, այսօր դժվարություններ են առաջացնում, և, բնականաբար, մարդիկ վարկեր են վերցնում, ներդրումներ են կատարում գյուղատնտեսության մեջ, որպեսզի կարողանան բերքահավաքից հետո դուրս գալ այդ վիճակից, և տարեկան այսպիսի անակնկալների են հանդիպում:

Կարդացեք նաև

– Ըստ Ձեզ՝ ո՞րն է այս վարկերի անվերջանալի լինելու պատճառը:

– Գյուղատնտեսական վարկերը կարճաժամկետ են. տոկոսները բարձր են, ռիսկային են: Հաշվարկել ենք՝ մոտավորապես 400 տնտեսություն, որոնք հաշվառվել են կարկտահարությունից տուժածների ցուցակներում, 180 միլիոն դրամ և 250 հազար դոլար միայն գյուղատնտեսական վարկեր ունեն. էլ չեմ հաշվում ոսկու գրավադրումները, ապառիկները, այլ՝ ոչ գյուղատնտեսական վարկերը: Լուրջ բանկերը, որոնք վարկային քաղաքականություն են վարում, բոլորին վարկ չեն տրամադրում: Երբ տեսնում են, որ մարդը վարկունակություն չունի, կամ վարկային պատմությունը հարուստ չէ, չեն տալիս, որպեսզի այդ մարդը չծանրաբեռնվի վարկերով: Բայց կան վարկային կազմակերպություններ՝ «Արեգակ», «Ֆինկա», «Սեյֆ Ինտերնեյշնլ», որոնք հաճախորդ են պահպանում և այդ մարդկանց գցում են իրենց ճանկը: Համենայնդեպս, վարկ վերցնողը պետք է նախապես մտածի, որ վերջում ինքն է մարելու այն:

– Բնակիչներից տեղեկացանք, որ, այնուամենայնիվ, ունենալով լավ հակակարկտային համակարգ, նախորդ շաբաթ տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել իրենց գարու և ցորենի արտերին:

– Այո: Մենք 2009 թվականից ունենք հակակարկտային համակարգ: Տարիներ շարունակ՝ 4-5 տարի է, նորմալ պայքար էինք տանում այդ համակարգով՝ կարկտաբեր ամպերի դեմ, բայց երբեմն լինում են ամպեր, որոնց հզորությունն ավելի ուժգին է լինում, և այդ համակարգի կայանները չեն կարողանում պայքարել: Այդ օրերին շատ ուժեղ քամի կար. քամու դիմադրությունը նույնպես խանգարեց՝ մասամբ խանգարեց: Եթե համեմատենք հարևան Ախուրիկ համայնքի կարկուտի հասցրած վնասները մեր կրած վնասների հետ՝ այնտեղ ընդհանրապես ահավոր աղետ է եղել. տանիքներ են ջարդվել, մեքենաներ են ծռվել, պատուհաններ են ջարդվել, և այլն: Համենայնդեպս, մեզ էլ քիչ վնաս չի տվել. ահագին վնաս ենք կրել: Բայցևայնպես, այդ կարգի կարկուտ չի մտել մեր գյուղ, ինչպես որ հարևան գյուղ էր մտել:

Այսինքն՝ մարզն ունի ռադիոլոկացիոն համակարգի խնդիր: Մեր կայանների հետ աշխատում են Արագածի և Լոռու մարզի լոկատորները, որոնք ամբողջությամբ չեն տեսնում մեր մարզը. այնտեղ սարերը խանգարում են: Ճիշտ է, կայաններ ունենք. մենք 9 հատ կայան համայնքի ուժերով դրել ենք, որոնցից մեկը՝ ծրագրով: Ոչ մի համայնք մեր համայնքի չափ կայան չունի, բայց այդքան կայան ունենալով հանդերձ՝ նորից ահագին տուժեցինք: Մենք դիմել ենք Արտակարգ իրավիճակների նախարարությանն այս հարցով, որպեսզի խնդրին լուծում տան:

– Կառավարությունից որևէ աջակցություն ստանալո՞ւ է ձեր համայնքը:

– Աջակցություն ենք ակնկալում նաև հակակարկտային համակարգի կայացման գործում, որովհետև ռադիոլոկացիոն համակարգ չունենք: Վարչապետի այցի ժամանակ ինքս հարցրել եմ, ասել է՝ կառավարությունն աշխատում է. հանձնաժողովը փորձում է վերջնականապես ի մի բերել ամբողջ վնասները, որպեսզի կարողանան հասկանալ, թե ինչպիսի աջակցություն կարող են տրամադրել: Այս պահին սկսել են արդեն. 130 դրամով գարի են առաջարկում: Անցյալ տարվա ցորենի սերմացուները, որ բնակիչները ստացել էին, պետք է այս տարի վճարեին, այս տարի չեն գանձելու: Այդ վճարումը տեղափոխել են հաջորդ տարվան: Հնարավոր է՝ նաև ուժ գտնեն իրենց մեջ և զիջեն, բայց չեմ կարող հաստատ ասել: Սոցիալապես անապահով խավի, այսինքն՝ կարկուտից տուժած նպաստառուների ցուցակներն են պահանջում. երևի մտադիր են օգնություն ցուցաբերել:

– Ձեռնարկվող կոնկրետ քայլեր տեսնո՞ւմ եք:

– Աջակցության մասով կոնկրետ լուրջ քայլեր չենք տեսնում, բայց կարծես թե աշխատում են, ուզում են ինչ-որ բան անել: Այն, որ այսօր կառավարությունը 6000 դրամով պարարտանյութ է տալիս՝ չի կարելի չտեսնել. թերություններն էլ պետք է տեսնենք, պետք է վերաբերմունքն էլ տեսնենք: Շատ մեծ աջակցություն է այն, որ 7000 դրամով դիզվառելանյութ են տալիս, սուբսիդավորում են՝ դա աջակցություն է: Այն, որ 14 տոկոսով վարկեր են տալիս. 4 տոկոսը տալիս է պետությունը՝ նույնպես աջակցություն է: Բայց այսօր նաև կան շատ բացթողումներ, օրինակ՝ մեծ կարկտահարություն է տեղի ունեցել, կորուստ ունենք, բայց հացահատիկի մթերման գները ծիծաղելի են: Նախքան բերքահավաքը ցորենն արժեր 150 դրամ, հիմա՝ բերքահավաքի ընթացքում միանգամից իջավ 120 դրամ, այն ժամանակ, երբ խանութներում հացի գինը չի իջել, ընդհակառակը՝ շուկայում հացի գնի թանկացում է սպասվում:

– Գյուղի բնակիչները նաև ոռոգման ջրի սակագնից էին դժգոհ. ասում էին, որ թանկ է:

– Ես էլ եմ կիսում այդ մտահոգությունը: Ճիշտ են ասում, որովհետև մեր ջրերը գալիս են ինքնահոս ճանապարհով: Ջրամղիչ պոմպեր գրեթե չունենք, և Գյուղատնտեսության նախարարությունը, և կառավարությունը պետք է անդրադառնան այս հարցին: Միայն մի հատվածում է, որ ջրամղիչ պոմպերով է ջուրը մղվում: Ես մի քանի անգամ առաջարկել եմ զբաղվել խնդրով: Ոչ թե գները թանկացնեն, այլ՝ իջեցնեն, որպեսզի ոռոգման ջուրը հասանելի լինի ազգաբնակչությանը: Ջուրը գալիս է Ամասիայի Արփի լճից, Կառնուտի ջրամբար է լցվում, այնտեղից էլ կանալով գալիս է մեր համայնքներ, և մոտակա մոտ 7 համայնքներն օգտվում են ինքնահոս եղանակով տրվող ջրից: Իմ կարծիքով՝ շատ թանկ են հաշվում. մեկ հեկտարի ոռոգման համար միջինացված գինը 16 հազար դրամ է: Բայց դա էլ է հարաբերական: Հեկտար կա, որ մեկ օրվա է ոռոգվում, իսկ կա, որ այդ նույն ջրով 4 հեկտար են ոռոգում: Այսինքն՝ սա կախված է հողի թեքությունից, ջրունակությունից, ջրաթափանցելիությունից: Բայց իրենք ասում են, որ՝ մենք լիտր ենք գրանցում: Ցանկալի կլիներ, որ լիտր գրանցեն, չնայած՝ այսօր այդ մեխանիզմը չկա, որ յուրաքանչյուր շահառուի հողի գլխին կանգնեն, նորմալ չափեն և մեկ լիտրով հաշվեն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս