«Դժվար է անգամ ենթադրել, թե Արցախում ինչ տրամադրություններ կտիրեն, եթե Հայրապետյանի կյանքին սպառնացող վտանգն իրական դառնա»
Հարցազրույց ԼՂՀ Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռուդիկ Հյուսնունցի հետ
– Ռուսաստանում Լևոն Հայրապետյանի կալանավորման հետ կապված տարբեր տեսակետներ են հնչել, այդ թվում՝ այն մասին, թե ինչու ԼՂՀ իշխանությունները պետական մակարդակով չեն հստակեցնում իրենց դիրքորոշումը: Արդյո՞ք կա նման դիրքորոշում արտահայտելու անհրաժեշտություն, և արդյո՞ք այն ինչ-որ կերպ կազդի Հայրապետյանի ճակատագրի վրա:
– Այո, հնչել են տարբեր տեսակետներ, բայց դրանք միշտ չէ, որ եղել են կոռեկտ: Լևոն Հայրապետյանի կալանավորմանը առաջինն արձագանքել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը, հետո հետևել է ԼՂՀ ԱԺ խումբ-խմբակցությունների հայտարարությունը, ԼՂՀ բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել՝ ի պաշտպանություն Լևոն Հարապետյանի, որին միացել են հազարավոր մարդիկ: Լևոն Հայրապետյանն այնքան շատ բան է արել ԼՂՀ-ի և նրա ժողովրդի համար, որ հիմա ինչ էլ որ անելու լինենք հանուն նրա ազատ արձակման, ապա, միևնույն է, դա անհամեմատելի է լինելու նրա արածի հետ:
– Տեղեկություն կա, որ Հայրապետյանը մտադիր էր Ռուսաստանում ունեցած իր ողջ կարողությունը վերածել կանխիկ փողի և այն նվիրաբերել Ղարաբաղի զարգացմանը: Հնարավո՞ր է, որ Ռուսաստանը կալանավորելով Հայրապետյանին և քրեական մեղադրանք ներկայացնելով՝ փորձում է ինքը տիրանալ այդ սեփականությանը, որը, տարբեր գնահատականներով, կարող է հասնել մինչև 2 միլիարդ դոլարի:
– Հայրապետյանն իսկապես շատ մեծ բան է արել ԼՂՀ զարգացման համար, և պատրաստվում էր անել ավելին: Նրա յուրաքանչյուր այցը նոր ծրագիր էր, նոր գաղափար, և դուք ճիշտ եք, որ նա ամենատարբեր առիթներով հայտարարում էր, որ իր ունեցվածքը պատկանում է ԼՂՀ-ին և նրա ժողովրդին: Ես չգիտեմ Լևոն Հայրապետյանի կարողության ճշգրիտ չափը, բայց 2 միլիարդ դոլարը ԼՂՀ 10 տարվա բյուջեն է, և այդ գումարով այստեղ հսկայական աշխատանք կարելի է իրականացնել: Ինչ վերաբերում է այն հարցին, թե Լևոն Հայրապետյանի կալանավորումը կարող էր կապված լինել իր կարողությունը ԼՂՀ-ին ծառայեցնելու նրա մտադրության հետ, ապա կարող եմ ասել, որ իմ կարծիքով՝ Ռուսաստանը ևս պետք է շահագրգռված լինի ԼՂՀ զարգացմամբ և հզորացմամբ:
– Լևոն Հայրապետյանի առողջական վիճակն անկայուն է, երեկ նա որոշ ժամանակ կորցրել է գիտակցությունը: Չե՞ք կարծում, որ պետք են ոչ ստանդարտ և անհապաղ քայլեր, եթե ոչ՝ քրեական հետապնդումը դադարեցնելու, ապա՝ գոնե խափանման միջոցը փոխելու համար:
– Ես գիտեմ, որ դիվանագիտական խողովակներով արվում է հնարավորը՝ նրա խափանման միջոցը փոխելու համար: Քանի դեռ այդ հարցը լուծված չէ, կարելի է ասել, որ այն, ինչ արվում է, բավարար չէ կամ արդյունավետ չէ:
– Հայտնի է, որ ԼՂՀ բնակչության մի ստվար զանգված Ռուսաստանին դիտարկում էր՝ որպես իրենց դաշնակից և բարեկամ պետություն: Լևոն Հայրապետյանի կալանավորումն ազդե՞լ է Ռուսաստանի նկատմամբ ԼՂՀ բնակչության վերաբերմունքի վրա:
– Ես չեմ ուզում, որ տեղի ունեցածն ազդի Ռուսաստանի նկատմամբ մեր ունեցած վերաբերմունքի վրա, որ դրա պատճառով ԼՂՀ բնակչությունը թշնամությամբ և ատելությամբ լցվի Ռուսաստանի հանդեպ: Պետք է հասկանանք, որ կան արտաքին ուժեր, որոնք շահագրգռված են նման տրամադրությունների առաջացմամբ, և հնարավոր է, որ նրանց անմիջական աջակցությամբ է տեղի ունեցել Հայրապետյանի կալանավորումը: Կարծում եմ՝ Ռուսաստանի իշխանությունը կգտնի իրավական մեխանիզմներ՝ խնդիրը լուծելու և Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու համար: Դա պետք է արվի հնարավորինս կարճ ժամկետում, որովհետև հապաղելը կարող է անդառնալի հետևանքներ առաջացնել: ԼՂՀ-ում Հայրապետյանի անձի նկատմամբ բոլորովին այլ վերաբերմունք կա: Նա իրեն անմնացորդ նվիրել է Արցախին, և նրա գործունեության և կյանքի նպատակը դարձել է Արցախն ու արցախցին: Դժվար է անգամ ենթադրել, թե Արցախում ինչ տրամադրություններ կտիրեն, եթե Հայրապետյանի կյանքին սպառնացող վտանգն իրական դառնա: