Մարդիկ չեն վստահում սահմանադրական փոփոխություններին

Ամբողջ հուլիս ամիսը Սահմանադրական փոփոխությունների նախագահական հանձնաժողովի անդամները եղան Հայաստանի մարզերում, հանդիպեցին մարզային ակտիվի հետ և նրանց հետ քննարկեցին հանձնաժողովի ներկայացրած սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացնելով հանրային քննարկումների կարևորությունը՝ ասում էր, որ դրանք կարևոր են այնքանով, որ հանձնաժողովի անդամները հնարավորություն կունենան լսել հանրապետության բնակչության կարծիքն ու առաջարկությունները, որոնք հետագայում կարող են օգտագործվել նոր Սահմանադրության նախագծի ստեղծման աշխատանքներում:

Չնայած այդ մեկ ամսվա աշխատանքին և բազում քննարկումներին՝ հանձնաժողովի անդամները հայ հանրությունից չեն ստացել գեթ մեկ առաջարկ, որը կարող է ներառվել Սահմանադրության նոր նախագծի մեջ: Քննարկման մասնակից հանձնաժողովի անդամներն ասում են, որ չնայած մարզային հանդիպումների մասնակիցների մեծ մասը եղել են մարզպետարանի աշխատակիցներ ու մարդիկ, ովքեր երաշխավորված են եղել մարզպետի կողմից, սակայն դրանց մասնակցել են նաև մարզերում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհատներ, ովքեր բավականին ազատ են եղել իրենց կարծիքն արտահայտելու հարցում: Բաց ոչ մարզպետարանի քվոտայով, և ոչ էլ սեփական նախաձեռնությամբ այդ հանդիպումներին մասնակցողները որևէ առաջարկ չեն ներկայացրել հանձնաժողովին:

«Մարդկանց մտահոգում է մի հարց. ի՞նչ է փոխելու իրենց կյանքում նոր Սահմանադրությունը: Բոլորը նույն հարցն են տալիս. եթե նոր Սահմանադրություն ընդունվեց, որն ավելի լավը եղավ, քան գործողը, արդյոք իրենց կյանքը բարելավվելո՞ւ է»,- պատմում է Սահմանադրական փոփոխությունների նախագահական հանձնաժողովի անդամներից մեկը, ով ավելի ազատ արտահայտվելու համար չցանկացավ ներկայանալ: Նա ասում է, որ հանձնաժողովի անդամներն անկեղծորեն խոստովանել են, որ թեև նոր Սահմանադրությունն իրենց կյանքում կարող է և ոչինչ էլ չփոխել, բայց այն կարող է նպաստել այդ փոփոխություններին:

Ըստ մեր զրուցակցի՝ հանձնաժողովի՝ մարզեր այցելելու հիմնական նպատակը ոչ այնքան մարզերի բնակիչներից առաջարկներ ստանալն էր, այլ նրանց հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացումը, որպեսզի մարդիկ տեղեկանան, թե հանձնաժողովն ինչ է ցանկանում փոխել գործող Սահմանադրությունում, և այդ փոփոխություններն ինչպես կարող են օգնել մարդկանց ավելի էֆեկտիվորեն պաշտպանել իրենց և Հայաստանի շահերն ու իրավունքները:

Կարդացեք նաև

Օրինակ, հայեցակարգում կա կետ, ըստ որի՝ եթե Հայաստանը միանում է որևէ միջազգային կազմակերպության, և որի պարագայում ենթադրվում է Հայաստանի ինքնիշխանության սահմանափակում, ապա այդ կազմակերպության անդամակցության հարցը պետք է դրվի համաժողովրդական հանրաքվեի: Օրինակ, եթե գործող Սահմանադրության մեջ նման նորմ լիներ, ապա Եվրասիական տնտեսական միությանը միանալու հարցը պետք է որոշվեր հանրաքվեով: Նման նորմի առկայությունը հնարավորություն կտա, որպեսզի ՀՀ յուրաքանչյուր բնակիչ ինքը որոշի՝ միանա՞ Հայաստանն այս կամ այն միությանը, թե՞ ոչ, կամ՝ որքանո՞վ սահմանափակվի ՀՀ ինքնիշխանությունը:

Այս հարցը հանձնաժողովի անդամները կարևորում են նաև հենց սահմանադրական իրավունքի տեսակետից. Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդը կարող է որոշել՝ զիջե՞լ իր իշխանության մի մասը, թե՞ ոչ:

Իհարկե, այլ խնդիր է, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին միանալը, ենթադրվում է, որ տեղի կունենա ավելի շուտ, քան Սահմանադրության նոր տարբերակի հանրաքվեն, և եթե նույնիսկ այս նորմը լինի նոր Սահմանադրության մեջ, ապա այն ուշացած կլինի՝ ԵԱՏՄ-ին միանալու վերաբերյալ համաժողովրդական որոշում կայացնելու հարցում:

Սահմանադրական հանձնաժողովի անդամները կարևորել են նաև այլ սահմանադրական նորմի գաղափար ևս. այն է՝ մարդկանց որոշակի խմբի նախաձեռնությամբ հանրաքվեի անցկացման հնարավորության ամրագրումը նոր Սահմանադրության մեջ:

Հանձնաժողովի կազմած հայեցակարգում կա այդպիսի առաջարկ. ըստ որի՝ քաղաքացիների խումբը կարող է նախաձեռնել համաժողովրդական հանրաքվեի անցկացում: Իհարկե, հայեցակարգում հստակեցված չէ, թե հանրաքվեի նախաձեռնությանը քանի մարդ պետք է միանա, որպեսզի այն իրականություն դառնա, սակայն միայն այդպիսի գաղափարի ամրագրումն արդեն իսկ ժողովրդավարության հաղթանակ է համարվում:

Քննարկման մասնակիցները հետաքրքրվել են, թե, օրինակ, հնարավո՞ր է՝ համաժողովրդական հանրաքվեի դրվի կուտակային կեսաթոշակային համակարգի վերացման հարցը, ինչին հանձնաժողովի որոշ անդամներ դրական են պատասխանել: Չնայած քննարկման որոշ մասնակիցներ էլ անվստահություն են հայտնել նման հանրաքվեների նկատմամբ՝ ասելով, որ դրանք շատ հեշտությամբ կկեղծվեն, և իշխանություններն իրենց ուզածը կանցկացնեն՝ ներկայացնելով, թե դա ժողովրդի նախաձեռնությունն էր, կամ ժողովուրդն ինքն է կողմ արտահայտվել այդ նախաձեռնությանը:

Մենք հակված ենք մտածելու, որ նոր Սահմանադրության նախագիծը կարող է մերժվել: Ընդհանրապես մարդիկ հակված չեն հավատալու, որ իրենց կյանքը կարելի է բարելավել՝ ինչ-որ օրենքներ փոխելով: Մարդիկ մտածում են, որ իրենց վատ կյանքը պայմանավորված է ոչ թե վատ օրենքներով, այլ գործող օրենքների վատ իրականացման կամ չիրականացման հետևանքով: Եվ նրանք իրենց լավ ապրելը պայմանավորում են իրականացնողների փոփոխությամբ: Չնայած կյանքը ցույց է տալիս, որ այդ փոփոխությունները ևս ոչ մի արդյունք չեն տալիս:

 

Տեսանյութեր

Լրահոս