Մարտունիում անհամբեր սպասում են, թե երբ կանդամակցենք Եվրասիական տնտեսական միությանը
Գաղտնիք չէ, որ Հայաստանում բնակչության մի մեծ մասը գոյատևում է արտագնա աշխատանքի մեկնած իրենց բարեկամ-հարազատների ուղարկած գումարների շնորհիվ։ Այդ առումով հատկապես աչքի է ընկնում Գեղարքունիքի մարզը։ Մարտունի քաղաքում և հարակից գյուղերում դժվար է գտնել գեթ մեկ ընտանիք, որը դրսում «մարդ չունենա»։
Ծովինար, Երանոս, Արծվանիստ, Վարդենիկ և մյուս գյուղերում բնակչության կեսից ավելին դրսում է։ Առաջին հերթին Ռուսաստանում։
Ամեն ինչ, ինչը կարելի է տեսնել գյուղում՝ քիչ թե շատ բարեկարգ տներ, ավտոմեքենաներ և այլն, ձեռք է բերվել դրսից ուղարկված գումարների հաշվին։
Ընդ որում, ինչպես պատմում են գյուղացիները, եթե նախկինում միայն տղամարդիկ էին մեկնում սեզոնային աշ խատանքի, ապա այսօր գնում են ընտանիքներով։ Օր չկա, որ ինչ-որ մեկը դուռը չկողպի ու ավտոբուսով կամ օդանավով չուղևորվի Ռուսաստան։
«Չենք ուզում գնալ, բայց չենք էլ կարող մնալ։ Գյուղատնտեսական աշխատանքներով գոյատևել չենք կարող։ Օրինակ, 1 կգ կարտոֆիլ աճեցնելու համար 100 դրամ ենք ծախսում, բայց 40-50 դրամով ենք վաճառում»,- ասում են նրանք։
Այժմ մարտունեցիների առջև խնդիր է ծառացել։ Նրանցից շատերին արգելել են մուտք գործել Ռուսաստանի տարածք։ ՌԴ միգրացիոն կարգավորումների խստացումից հետո շատերը հայտնվել են այսպես կոչված «սև ցուցակում»։ Ընդ որում, շատերն այդ մասին իմացել են պատահականորեն, օդանավակայանում։
Նրանց համար հասկանալի չէ, թե իրենց ինչու են արգելում գնալ Ռուսաստան։ Ծովինարի բնակիչների մեկը, ով 1984 թվականից ամեն տարի սեզոնային աշխատանքի է մեկնել Ռուսաստան, ցույց տալով իր փաստաթղթերը, ասում է, որ իր թղթերի հետ ամեն ինչ կարգին է, ոչ մի խախտում չի արել։ Մերժվելուց հետո դիմել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատուն, որպեսզի իրեն տեղեկացնեն, թե ինչու է իր մուտքը արգելվել։ Դեսպանատնից ասել են, որ պատասխանը կլինի 5 ամսից։ «5 ամսից հետո պատասխանն ինչի՞ս է պետք։ Աշխատանքի սեզոնը բաց թողեցի»,- ասում է մեր զրուցակիցը։
Առավել անհասկանալի է այն հանգամանքը, երբ ամուսիններից մեկին թույլատրում են, մյուսին ոչ։ Կամ 5 հոգանոց աշխատավորների խմբի մի մասը հայտնվել է «սև ցուցակում», այն դեպքում, որ նրանք ապրել և աշխատել են նույն տեղում, նույն պայմաններում։
Շատերը սեփական բացատրությունն ունեն այս ամենին։ «Հիշու՞մ եք, որ ժամակին ԳԱԻ-ում ակտերի պլան կար. օրվա վերջում պիտի 10 հատ ակտ գրած լինեին։ Երևի հիմա էլ մերժումների քանակի պլան կա ու մեր հաշվին պլան են կատարում»,- ասում են մարտունեցիները։
Ավելին, ոչ միայն պլան են կատարում, այլև ձեռքի հետ հարստացնում են սեփական ավիաընկերություններին։ Ինչպես նշեցինք, այս մարդկանցից շատերը մերժման մասին տեղեկանում են օդանավակայնում, երբ արդեն գնած են լինում ինքնաթիռի տոմսը։ Վերադարձնելիս նրանցից պահում են այդ տոմսի արժեքի 30%-ը։
Մի խոսքով, արտագնա աշխատանքի շնորհիվ ապրող մարտունեցիները հիասթափված ու ընկճված են։ Բայց հույսը չեն կորցնում։ Ոչ թե հույս ունեն, որ այստեղ վիճակը կբարելավվի և իրենք նորմալ աշխատանք կգտնեն, այլ… «Ասում են էդ մաքսային միությանը միանալուց հետո մեր գնալու հարցերը ավտոմատ կլուծվեն»։
Ահա այսպես, մարդիկ նախապատրաստվում են գնալ… դեպի ապահով Ռուսաստան։ Ընդ որում, ընտանիքներով ու մեծ մասը՝ ընդմիշտ։ Որովհետև վախենում են, որ եթե վերադառնան, իրենց այլևս երբեք թույլ չեն տա վերադառնալ Ռուսաստան։