Հայաստանը՝ Իրանի և Ռուսաստանի արանքում. Ի՞նչ է Իրանը հասկացնում ՌԴ-ին

Նախորդ շաբաթ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիի տված մամուլի ասուլիսից հետո կրկին ակտիվացան քննարկումները` հայ-իրանական համագործակցության հեռանկարների և մեր տարածաշրջանում Իրանի դերակատարության մասին: Իրանի դեսպանը լրագրողների հետ քննարկեց մի շարք կարևոր հարցեր, մասնավորապես` կարո՞ղ է արդյոք իրանական գազը դառնալ այլընտրանք ռուսական գազին, և որքանո՞վ է հնարավոր, որ Հայաստանը դառնա տարանցիկ երկիր` իրանական գազը դեպի արևմտյան երկրներ տեղափոխելու համար:

Ռեյիսին պատասխանեց` «եթե ստեղծվի համապատասխան ենթակառուցվածք, այսինքն, համապատասխան տրամագծի խողովակաշար, որևէ խնդիր չկա Հայաստանի միջոցով գազ տարանցելու»: Միաժամանակ նա ավելացրեց, որ այդ ծրագիրն իրագործելը պահանջում է հսկայական ներդրումներ: Նա օրինակ բերեց Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման նախագիծը` նշելով, որ այն կյանքի կոչելու համար անհրաժեշտ է 3-4 միլիարդ ամերիկյան դոլարի ներդրում: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը և Լեռնային Ղարաբաղ խաղաղապահ ուժեր մտցնելու հարցին` դեսպանը շեշտեց, որ Իրանը դեմ է ցանկացած օտարերկրյա ուժի տեղակայմանը տարածաշրջանում:

Ի՞նչ ուղերձներ են պարունակում Ռեյիսիի հայտարարությունները, և ո՞վ է դրանց գլխավոր հասցեատերը, Հայաստանի ղեկավարությո՞ւնը, թե՞ Ռուսաստանը:
Թեմայի շուրջ «168 Ժամը» զրուցեց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանի հետ:

– Ակնհայտ է, որ Իրանի դեսպանի խոսքերի հասցեատերը Հայաստանը չէ, և պարզ է, որ նման հարցերը Հայաստանը չի լուծում: Նախ` Հայաստանը շատ փոքր երկիր է` նման աշխարհաքաղաքական ծրագրերի նախաձեռնող լինելու համար, երկրորդը` Հայաստանի իշխանություններն այն իշխանությունները չեն, որոնք կարող են կամային որոշումներ կայացնել: Ո՛չ հանրության վստահությունն ունեն, ո՛չ էլ համապատասխան մտավոր պոտենցիալը:

Կարդացեք նաև

Գազային ծրագրերը հասկանալու համար պետք է նայել նաև գլոբալ քաղաքական ենթատեքստին, և այստեղ կարևոր են էներգետիկ ոլորտի փորձագետների կարծիքները: Համենայն դեպս, վերջին շրջանում իրանական կայքերում կային մի քանի հետաքրքիր նյութեր, որտեղ նշված են առաջարկություններ` ուղղված նաև Ռուսաստանին:

Կար մի հետաքրքիր վերլուծություն` Կասպից ծովում ածխաջրածնային ռեսուրսների շահագործման վերաբերյալ, և մանրամասն առաջարկներ էին ներկայացված, թե ինչպես կարող է իրանական և թուրքմենական գազը տեղափոխվել դեպի Պակիստան, Հնդկաստան և հարակից երկրներ: Այստեղ կար ակնարկ, որ այդ ծրագրին կարող է միանալ նաև ռուսական գազը:

– Ասուլիսում դեսպանը նշեց, որ Իրանը Ռուսաստանի հետ ունի լավ հարաբերություններ, և այս երկու երկրները կարող են շատ լավ համագործակցել էներգակիրների, հատկապես` գազի ոլորտում:

– Այո, այստեղ այդ տարբերակն էլ կա, որ ոչ թե իրանական և, բնականաբար, թուրքմենական գազը Հայաստանի, Վրաստանի միջոցով տեղափոխվի դեպի Եվրոպա, այլ նաև խոսք է գնում հակառակ ուղղության մասին: Եվ, բնականաբար, նման հարցերը կարող են քննարկվել միայն Ռուսաստանի հետ: Իմ կարծիքով` դեսպանի հայտարարությունները հիմնականում ուղղված են Ռուսաստանին, որովհետև այդ իրանական մերձկառավարական կայքերում կան առաջարկներ Ռուսաստանին` տարբեր ոլորտների վերաբերյալ, ինչպես նաև կան որոշակի դժգոհություններ ու թեթև սպառնալիքներ նրա հասցեին:

Այսինքն, եթե Ռուսաստանը չհամաձայնի համագործակցել, հակառակ դեպքում` Իրանը, հատկապես Իրանի ներկայիս նախագահը հակված է տնտեսական գործունեություն ծավալել արևմտյան երկրների հետ: Սա որոշակի վերջնագիր է Ռուսաստանին` եթե մասնակցում են, թող մասնակցեն, եթե` ոչ, Իրանն այլ ուղիներ կփնտրի:

Այստեղ պետք է խոսել նաև Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ Իրանի դժգոհության մասին, որովհետև ակնհայտ է, որ այդ զենքերը ոչ միայն Հայաստանի դեմ են ուղղված, այլև Իրանի, առավել ևս, կան զինատեսակներ, որոնք օգտագործվում են նավատորմում: Ակնհայտ է, որ դա ուղղված է Իրանի դեմ, և կա խնդիր, որ այդ զենքը կարող է նաև Ռուսաստանի դեմ օգտագործվել:

Մենք պետք է փորձենք լավ հասկանալ տարածաշրջանը: Հարավային Կովկասը բաղկացած է երեք պետություններից, և կան շրջակա երեք երկրներ, որոնց անվտանգության խնդիրները և շահերը փոխկապակցված են այն բալանսի հետ, որը ստեղծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այսինքն, բալանսի խախտումը կբերի անկանխատեսելի հետևանքների: Ղարաբաղի հարցը քննարկելով` մենք պետք է հասկանանք, որ սա ոչ միայն Ղարաբաղի, այլև տարածաշրջանային բալանսի փոփոխության հարցն է: Եվ այդ փոփոխությունը, բացի նշված երեք երկրներից, կարող է իր մեջ ավելի մեծ տարածաշրջան ներառել, կարող են կատարվել համաշխարհային նշանակության շատ ակտիվ, խոշոր ռազմական գործողություններ: Կարծում եմ` դեսպանի հայտարարությունը նշանակում է, որ Իրանը շահագրգռված չէ, որ այդ բալանսը փոխվի: Նաև Ռուսաստանին է հասկացնում, որ այդ բալանսի փոփոխությունը լուրջ սպառնալիք է իր համար:

– Դուք նկատի ունեք, որ Իրանը Ռուսաստանի՞ց է դժգոհում` Ադրբեջանին զենք վաճառելու համար, թե՞ Արևմուտքից:

– Իրանը դժգոհում է Ռուսաստանից, որ զենք է վաճառում Ադրբեջանին, և իր մտահոգությունները հայտնելուց բացի` նաև հասկացնում է, որ իր համար անհասկանալի է Ռուսաստանի քաղաքականությունը: Ես այդպես եմ հասկանում դեսպանի ասածը:

– Իսկ Իրանն ինչպե՞ս կարող է ազդել տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու և կայունությունը պահպանելու վրա:

– Ես դժվարանում եմ այդ հարցին պատասխանել, բայց գուցե Հայաստանի, նաև Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության շնորհիվ` ավելի կանխատեսելի վիճակ կստեղծվի: Առաջինը` Իրանն ասում է, որ ինքը դեմ է պատերազմի վերսկսմանը, երկրորդը` խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իր մասնակցության մասին` Իրանը նկատի ունի, որ դա ուղղակիորեն իր անվտանգության խնդիրն է:

Իսկ թե Իրանն ինչ կարող է անել խնդրի լուծմանը նպաստելու համար, չեմ կարող ասել, որովհետև սա մի մեծ թնջուկ է, որտեղ շահագրգռված են ոչ միայն տարածաշրջանային գերտերությունները, այլև բավական հեռու գտնվող երկրները` Միացյալ Նահանգներ, Եվրամիություն, Իսրայել, Չինաստան, և այլն: Սրանք արդեն մեր տարածաշրջանում երկրորդ, երրորդ կարգի շահեր ունեցող պետություններն են: Նորից եմ կրկնում` տարածաշրջանում բալանսի փոփոխությունը կարող է երկրաշարժի ազդեցություն ունենալ անվտանգության գլոբալ համակարգի վրա:

– Շրջանառվում է տեսակետ այն մասին, որ Եվրասիական միությանն անդամակցելու հարցով, ղարաբաղյան հիմնախնդրով և մի շարք այլ հարցերով պայմանավորված` Հայաստանը հայտնվել է որոշակի փակուղում, և Իրանը կարող է յուրօրինակ փրկօղակ դառնալ Հայաստանի համար: Ի՞նչ կերպ Հայաստանը կարող է Իրանին ներգրավել այս տարածաշրջանային գործընթացներին:

– Ես հարցը մի քիչ այլ կերպ կձևակերպեի: Իրանը շահագրգռված է բալանսի պահպանմամբ: Հայաստանը նույնպես շահագրգռված է դրանում, ուստի Հայաստանի և Իրանի շահերը համընկնում են: Այլ քաղաքական դասավորության դեպքում կարող է հակառակը լինել:

Այսինքն` այստեղ փրկօղակի հարց չկա, Հայաստանը պետք է ունենա ակտիվ քաղաքականություն և հասկանա` ընդհանրապես ինքն ի՞նչ է ուզում: «Ինչ ուզելը» կապված է ոչ միայն արտաքին քաղաքականության, այլ նաև երկրի ներսում բարոյահոգեբանական բարենպաստ մթնոլորտ ձևավորելու, երկրի զարգացման, իշխանություն-հասարակություն վստահության և այլ հարցերի հետ:

Միայն այդ պայմաններում կարելի է արդյունավետ քաղաքականություն վարել: Եվ նաև որոշ ինտելեկտով օժտված ղեկավարներ են պետք, իսկ մենք տեսնում ենք, որ դա այդպես չէ: Այս հարցերը լուծելուց հետո պետք է փորձենք հասկանալ` ի՞նչը կարող է մեզ փրկել:

– Մենք եկանք այն հարցին, թե ինչո՞ւ են համառորեն լռում Հայաստանի իշխանությունները: Օրինակ, ինչո՞ւ չեն արձագանքում հայ-իրանական համագործակցության վերաբերյալ Իրանի վերոհիշյալ առաջարկներին:

– Դա շատ պարզ պատասխան ունի. Հայաստանն այսօր ուղղակի չունի իշխանություն: Եթե չկա իշխանություն, չի կարող լինել արձագանք: Եթե չկա իշխանություն, չկա քաղաքականության մոդելավորում, ռիսկերի գնահատում, զարգացման ծրագրեր, իրավիճակի սթափ գնահատում, որոշակի ինքնուրույնություն` քայլեր ձեռնարկելու համար: Եթե այդ ամենը չկա, ո՞վ պետք է արձագանքի:

– Բայց մենք հիշում ենք, որ Իրանի դեսպանը մի քանի անգամ հանդես եկավ հայտարարությամբ` ասելով, որ Իրանը պատրաստ է ավելի էժան գնով գազ վաճառել Հայաստանին:

– Իրանի դեսպանի հայտարարությունը Հայաստանին չէր ուղղված, որ Հայաստանը պատասխաներ: Իրանի դեսպանի հայտարարությունն ուղղված էր Ռուսաստանին, և Ռուսաստանից էլ կպատասխանեն: Հարցը Հայաստանին գազ վաճառելը չէ, դա երկրորդական հարց է: Խնդիրը Հայաստանը որպես տարանցիկ տարածք օգտագործելն է:

– Իսկ Ձեր կարծիքով` Ռուսաստանը կհամաձայնի՞, որպեսզի Հայաստանը դառնա տարանցիկ երկիր` Իրանից դեպի Արևմուտք գազ տեղափոխելու համար:

– Իրանից դեպի Արևմուտք գազ տարանցելը, բնականաբար, Ռուսաստանի շահերին դեմ է: Նույն Իրանը կարող է դա անել Թուրքիայի տարածքով, սակայն ցանկանում է, որ Թուրքիայի ազդեցությունը որոշակիորեն հավասարակշռվի, և շահագրգռված է գազատարը Հայաստանի տարածքով անցկացնելու մեջ: Բայց այստեղ կա նաև մյուս տարբերակը` կարող է հակառակը տեղի ունենալ, այսինքն, գազը Ռուսաստանից Հայաստանի տարածքով արտահանվի դեպի արևելք` Հնդկաստան: Մենք այդ երկրորդ տարբերակը հաշվի չենք առնում: Ռուսաստանը կարող է շատ լուրջ կերպով շահագրգռված լինել այս տարբերակում:

Տեսանյութեր

Լրահոս