Բաժիններ՝

Հայազգի դիզայներ. «Ինձ ասացին՝ 24 ժամ ունես Լեդի Գագայի զարդերը պատրաստելու համար…» (տեսանյութեր, լուսանկարներ)

Ավելի քան 30 տարի ԱՄՆ-ում բնակվող հայազգի դիզայներ Մարիաննա Հարությունյանն այսօր համագործակցում է համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք աստղերի հետ։ Առաջին նման համագործակցությունը երգչուհի Փինքի (Pink) հետ էր, երբ Մարիաննան 4 օր՝ առավոտից մինչ գիշեր աշխատելով, պատրաստել էր աքսեսուարներ Փինքի «U + Ur hand» տեսահոլովակի համար։ Դրանից հետո նա համագործակցել է Շերի, Նիքի Մինաժի, Ջասթին Բիբերի, Լեդի Գագայի և այլ հայտնիների հետ։ Մարիաննան ասում է, որ սիրում է աշխատել հայտնի աստղերի ոճաբանների հետ, և նրանցից հատկապես առանձնացնում է Նիքոլա Ֆորմիչետին, ով Լեդի Գագայի «Judas» տեսահոլովակի ոճաբանն էր։ «Ինձ բացատրեցին տեսահոլովակի ընդհանուր գաղափարն ու ասացին, որ 24 ժամ ունեմ Լեդի Գագայի համար զարդեր պատրաստելու։ Դա իսկական մարտահրավեր էր ինձ համար, և ես ուրախ եմ, որ կարողացա հաղթահարել այն։ «Judas»-ում կարող եք տեսնել իմ պատրաստած երկու թագերը և մի ապարանջան»,- պատմում է Մարիաննան։

Marianna-Lady Gaga (38)

168.am-ի հետ զրույցում Մարիաննան պատմեց, որ սկսել է զարդեր պատրաստել դեռևս 5 տարեկանից և երբեք մտքով չի անցկացրել իր հոբբին վերածել աշխատանքի։ Նա ինքնուս է, ոչ ոք նրան չի սովորեցրել աքսեսուարներ ստեղծել։ Հայազգի դիզայները պատրաստում է վզնոցներ, ապարանջաններ, ականջօղեր, մատանիներ, եղունգների համար նախատեսված զարդեր։ Մարիաննան իր առաջին խանութը բացել է 1999 թվականին։ Իսկ այսօր նա etsy.com կայքում ունի իր օնլայն խանութը, որտեղից ամեն ոք կարող է գնումներ կատարել։ Մարիաննայի աշխատանքների արժեքները տարբեր են՝ 12 դոլարից մինչև 80 դոլար: Նա նաև Լոս Անջելեսում ունի սրահ, որտեղ ցուցադրում է իր աշխատանքները։

Marianna-Lady Gaga (35) Marianna-Lady Gaga (8)

Կարդացեք նաև

Մարիաննայի խոսքով՝ մինչև որևէ զարդ ստեղծելը՝ նա հստակ այն պատկերացնում է, մտովի տեսնում է: Աքսեսուարները պատրաստելուց առաջ նա էսքիզներ չի նկարում, քանի որ նկարելուց այդքան էլ լավ չէ. «Եթե ուղեղումս գաղափարը ծնվեց, միանգամից անցնում եմ աշխատանքին»։ Մարիաննան ստեղծագործում է և՛ հաճախորդի պատվերով, և՛ հենց այնպես՝ իր համար։ «Ես սիրում եմ տեսնել, որ հաճախորդներս գոհ են ինձնից, այդ պատճառով դեմ չեմ հատուկ պատվերներով զարդեր ստեղծելուն»։

Մարիաննան ունի մեկ օգնական, ով ամբողջովին հասկանում է իր «խենթ ու խելառ» գաղափարները։ Աքսեսուարներ ստեղծելու ընթացքում Մարիաննան սիրում է երաժշտություն միացնել, քանի որ դա մոտիվացնում է իրեն։ Այն հարցին, թե ի՞նչն է իր համար առաջնային աքսեսուարներ պատրաստելիս՝ գեղեցկությո՞ւնը, հարմարավետությո՞ւնը, թե՞ գաղափարը, Մարիաննան պատասխանեց, որ «գեղեցկությունը հարմարավետություն չի ճանաչում»։ «Մենք՝ աղջիկներս, շատ լավ գիտենք այդ ճշմարտությունը, հատկապես, երբ պարում ենք բարձրակրունկներով և ձևացնում, որ մեր ոտքերը չեն ցավում»։

Marianna-Lady Gaga (7) Marianna-Lady Gaga (12)

Մարիաննայի համար ոճն ինքն իրեն արտահայտելու ազատությունն է, որը ձևավորվում է կյանքի ընթացքում։ Փոքր-ինչ դժվարությամբ Մարիաննան նշեց նաև իր պատրաստած զարդերի ամենասիրելի հավաքածուն՝ Փինքի համար նախատեսված վերոհիշյալ աքսեսուարները։ Մեր զրույցի պահին Մարիաննան աշխատում էր ֆուտուրիստական ոճով աքսեսուարների վրա։

Marianna-Lady Gaga (33) Marianna-Lady Gaga (17)

Այն հարցին, թե դժվա՞ր էր արդյոք իր համար հաջողության հասնելը, Մարիաննան պատասխանեց, որ ԱՄՆ-ում դժվար է բարձունքում հայտնվելը, բայց ոչ անհնարին։ «Եթե դու կիրք չես զգում քո արած գործի նկատմամբ, հաստատ բողոքելու ես հաջողության պակասից։ Ես սիրում եմ այն, ինչ անում եմ, և շարունակելու եմ ստեղծագործել։ Ես շատ բան եմ զոհել իմ ճանապարհին, որպեսզի հասնեմ այն կետին, որտեղ հիմա եմ։ Այս պահին ինձ համար կարևորն իմ ընտանիքի մշտական աջակցությունն է»։ Հայազգի դիզայների մասնագիտական երազանքն է՝ բացել խանութներ ամբողջ աշխարհով մեկ։

Marianna-Lady Gaga (19)

Marianna-Lady Gaga (18)

Խոսելով հայաստանյան նորաձևությունից և հայ ոճաբաններից՝ Մարիաննան նշեց, որ հայ դիզայներները հեշտությամբ կարող են մրցել արտասահմանյան դիզայներների հետ։ «Լոս Անջելեսում կան հոյակապ հայ դիզայներներ, որ լիովին արդարացնում են իմ ասածը», – ասաց Մարիաննան։

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս