Բաժիններ՝

Եզակի շենքի պարսկահայկական մոտիվները (լուսանկարներ)

Հանրապետության փողոցի վրա գտնվող հին ու նոր շենքերի կողքին հարյուրամյակներ շարունակ «ապրում» է ոչ այդքան շատ աչքի ընկնող, փոքրիկ մի շենք` իր հսկայական պատմությամբ: Վերջին տարիներին այս շինությունն այնքան համեստ ու արհամարհված կյանքով է ապրում, որ հնարավոր է` նույնիսկ դուք այդ փողոցով բազմիցս անցնելիս եք եղել, բայց ոչ մի անգամ ուշադրություն չեք դարձրել, քանի որ այս համեստ շենքն իր դարավոր պատմությունն ու գեղեցկությունն իր պատերի ներսում է պահպանում: Բավական է մեկ անգամ գտնվեք շինության ներսում և դուք երբեք չեք մոռանա պարսկական ու հայկական մշակույթների միաձուլումից ստացված այն ներդաշնակ գույների պարահանդեսը, որը տիրում է շենքի ներսում:

Տարիներ առաջ այս շինությունն այնպիսի մեծանուն մարդկանց է տեսել ու հյուրընկալել իր պատերի ներսում, ինչպիսիք են Հովհաննես Թումանյանը, Ալեքսանդր Թամանյանը, Մարտիրոս Սարյանը և ուրիշ շատ ու շատ ազգի նվիրյալներ: Այս շենքն իր կյանքի մեծ մասը որպես աշխատասենյակ է ծառայել պարսկական և հայկական հասարակությանը, իսկ այժմ այն հայտնի է` որպես Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերության շենք:

Hin shenq-Amali (8) Hin shenq-Amali (1) Hin shenq-Amali (2)

Պատմությունը սկսվում է դեռ 1800-ականներից, երբ Հայաստանի մի մասը գտնվում էր պարսկական տիրապետության տակ, ու մինչև 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագիրը հայոց հողի վրա կառուցվում էին պարսկական շատ ու շատ շինություններ. միայն Սարդուրի պալատում (ներկայիս Գինու կոմբինատի գործարան) հարյուրից ավելի որմնանկարներով սենյակներ են եղել, իսկ ազգությամբ պարսիկ Փարախանի դղյակի երկհարկանի շենքի յուրաքանչյուր հարկում եղել են չորս որմնանկարներով պատված սենյակներ, բայց այժմ, ցավոք, այդ ամենից պահպանվել է միայն այս հոյակերտ ու շատ համեստ շինությունը:

Կարդացեք նաև

Hin shenq-Amali (5)  Hin shenq-Amali (7)

Շինությունը սկզբնական շրջանում պատկանել է ազգությամբ պարսիկ ոմն Աբու Հաճի Հասանին, ում հետ 1853 թվականին Քաղաքաշինության խորհուրդը պայմանագիր է կնքել` տարածքը 25 տարով վարձելու համար, ու նույնիսկ երկու տարի էլ շուտ` 1876-ին, նրանք իրենց հաշիվները մաքրել են Աբու Հաճիի հետ, շինությունը քանդել և կառուցել են ներկայիս հիանալի փոքրիկ շենքը` պարսիկ հյուպատոսին աշխատասենյակ ծառայեցնելու նպատակով, ու մինչև հեղափոխություն` 1876-1920 թթ., շուրջ 44 տարի, այն եղել է պարսիկ հյուպատոսի աշխատասենյակը:

Hin shenq-Amali (9) Hin shenq-Amali (10) Hin shenq-Amali (11)

Միայն 1920թ. նոյեմբերի 29-ին տարածքը դադարում է պարսիկ հյուպատոսի նստավայրը լինելուց ու սկսում է ծառայել Հայ օգնության կոմիտեին (ՀՕԿ), որի նախագահն էր Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանը, ով Թիֆլիսից գալիս էր ՀՕԿ-ի նիստերն այս աշխատասենյակում գումարելու համար: Թումանյանի մահից հետո ՀՕԿ-ն ուրիշ շինություն է տեղափոխվում, և այս տարածքը տրամադրում են Կուսակցական երեկոյան բարձրագույն դպրոցին, որտեղ հենց կուսակցականները դասընթացներ էին կազմակերպում իրենց համար:

Այնուհետև շենքը երկար տարիներ նաև թափուր է մնացել, որից հետո պատկանել է հայկական բանակի ռազմական դատախազին, ու վերջապես 1964 թվականին, երբ հիմնադրվում է Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերությունը, որի նախագահն էր Մարտիրոս Սարյանը, այս փոքրիկ հրաշք շինությունը սկսում է ծառայել` որպես այս ընկերության գրասենյակ: Մ. Սարյանը դիմում է կառավարությանը` շինությունն իրենց տրամադրելու համար, և այդպես մինչ օրս այն պատկանում է Պատմական հուշարձանների պահպանման հայկական դաշնությանը:

Hin shenq-Amali (13) Hin shenq-Amali (14)

Մարտիրոս Սարյանից հետո ընկերության նախագահներ են եղել Ռուբեն Ազիզբեկյանը, Վարազդատ Հարությունյանը և ներկայիս նախագահ Միքայել Հարությունյանը:
Այս եզակի շինության ոճն արևելյան է` հարուստ պարսկական և հայկական մոտիվներով, որի շնորհիվ էլ կասկածներ են առաջանում, որ այս բոլոր աշխատանքները կատարվել են հենց հայի ձեռքով, ու դրանցից շատերը որպես գաղտնագրեր են արվել, քանզի որմնանկարների մեծ մասում զգացվում է խաչի խորհուրդն ու հայկական շունչը:

Պարսկական գույնզգույն ծաղկեփնջերի մեջտեղում պատկերված մեծ հայկական գորգն ու մեջտեղում ներկայացված խորհրդավոր երկու խաչերն այս սենյակի ամենահայկական պատկերներն են համարվում: Դեռ հեթանոսական շրջանից գորգագործության մեջ կիրառվող «փակման գոտիները» նկատելի են ամենուր, իսկ մուտքի վերևի հատվածի եղնիկներն ու սկիհները, որոնք ավելի շատ հանդիպում են Մատենադարանի արխիվներում, հաստատում են այստեղի որմնանկարչության հայկականությունը: Մնացած վառ գույներով պատկերված ծաղիկներն ու նախշերն արված են պարսկական ոճով` շաղախված հայկական մոտիվներով:

Հեքիաթային սենյակի պարսկահայկական տեսարանին ամբողջական տեսք է տալիս ջահը, որը 1928 թվականին Ալեքսանդր Թամանյանի նախաձեռնությամբ բերվել է Եվրոպայից: Նրանք ամեն կերպ փորձել էին ընտրել այնպիսի ջահ, որ ներդաշնակ լինի սենյակի համահունչ տեսարանին: Հայելապատ առաստաղին կյանք տվող մեծ ջահի պատմությունը մեզ է հասել Յուրի Թամանյանի` հոր մասին գրված հուշերից: Իսկ հայելապատ «ստալակտիտային կախվածքները», որոնք ասես առյուծի մռութներ լինեն, գեղեցկացնում են առաստաղի շուրջբոլորը:

Ամենաուշագրավն այն է, որ սենյակի այդ բոլոր որմնանկարներն արվել են հենց 1876 թվին, ու որմնանկարներին այդ ժամանակահատվածում ոչ ոք ձեռք չի տվել, նույնիսկ այն տարիներին, երբ երկար ժամանակով թափուր է մնացել` չհաշված վերակառուցումներն ու թարմացումները: Հայտնի է միայն, որ 1949թ. Վարազդատ Հարությունյանի նախաձեռնությամբ ամբողջական վերականգնվել են քայքայված հատվածները, և հատուկ մասնագետների օգնությամբ արվել են գունային թարմացումներ:

Երկրորդ գունային թարմացումն արվել է 1974 թվին, երբ որմնանկարիչների խումբը` պահպանելով հին ոճը, վերականգնել է գույները: Այդ ժամանակից ի վեր, մաքրման ընդամենը երկու աշխատանքներից բացի, այստեղ այլևս ոչինչ չի արվել շինության համար, ու մինչ այսօր էլ այն անուշադրության է մատնված:

Նախկինում ամեն ինչ այլ էր, նույնիսկ այստեղ մշակութային արժեքներով հետաքրքրվողների թիվն էր ավելի շատ, ու հիմնական այցելուները դպրոցական խմբերն էին կամ հատուկ էքսկուրսիաները, իսկ հիմա զբոսաշրջիկներն են կամ պարզապես անհատներ, ովքեր ամեն անգամ այցելելով` խնդրում են նախագահին ներկայացնել ամբողջական պատմությունը: Նրանցից շատերը ցավում են շենքի ներկայիս վիճակի համար ու խոստանում հնարավորության դեպքում օգնել, բայց, ինչպես բոլորինը, նրանց խոստումները ևս մնում են չիրագործված:

Խոստումները չկատարելու համար բազմաթիվ պատճառաբանություններ են հորինվել այս ընթացքում. հասկանալի է` քիչ գումար չէ, բայց հիմա գրեթե բոլոր այսպիսի շինություններն են այս վիճակում, և պատմամշակութային արժեքների նկատմամբ համապատասխան ուշադրությունը գրեթե բացակայում է: Որմնանկարապատ սենյակն այժմ խիստ մասնագիտական վերանորոգման և գունային թարմացման կարիք ունի:

Այս պատճառով տարիներ շարունակ շենքի սրտացավ նախագահը պաշտոնական նամակներով դիմել է գրեթե բոլորին` թե՛ իշխանական մարմիններին, թե՛ ունևոր խավին, ու մինչ օրս ոչ մի արձագանք չի ստացել: «Մինչև հիմա ոչ մի արձագանք չկա, խոստումներ, բայց ոչ մի գործնական քայլ. ամեն տեղ դիմել եմ` անգամ շեշտը դնելով, որ սա իմը, ձերը, Պողոս-Պետրոսինը չէ, սա ազգային արժեք է, իր տեսակի մեջ սա եզակի պահպանված կոթող է»,- հուսահատված ձայնով պատմում է ներկայիս Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերության նախագահ Միքայել Հարությունյանը:

Վերջերս ԻԿՕՄՕՍ Հայաստան միջազգային կազմակերպությունը, որը զբաղվում է մշակութային արժեքների պահպանման խնդրով, հետաքրքրվել է այս շինությամբ ու խոստացել է օժանդակել և ամբողջությամբ վերականգնել շենքը: Նախագահը մեծ հույս ունի, որ հնարավոր է` այս անգամվա խոստումը տարբերվի մյուսներից, և արդյունքը տեսանելի լինի մոտ ապագայում:

Լուսանկարները` հեղինակի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս