Խաղաղապահ գործողության (ան)իրականացումը
Ադրբեջանական զորքերի գերաշխուժացումը, հետախուզական ներթափանցման գործողություններ իրականացնելու առումով, չի կարելի բացատրել բացառապես ներքին սպառման շարժառիթներով: Արդեն ռազմական վարքագծի է վերածվել ոչ միայն արցախադրբեջանական, այլ նաեւ ՀՀ-Ադրբեջան շփման գծերից ներս կատարվող հերթական ոտնձգությունների շարքը: Նախիջեւանի ուղղությունը կարող է այս բոլորի մեջ առանձնահատուկ նշանակություն ունենալ, բայց նախադրյալները հուշում են, որ նոր ճակատի բռնկման հնարավորությունների հավանականությունը շատ նվազ է այստեղ:
Եթե պատերազմի վերսկսման հնարավորությունը այս պահի դրությամբ նվազ հավանական է, ապա անվերջ այդ տեսությունը բարձրաձայնելը, այդ մասին վերլուծումներ հրապարակելը, Արցախի «ղրիմացման» մասին խոսելը վերածվել է հրապարակախոսական նորաձեւության: Հաստատումը չի վերաբերում միայն ադրբեջանական կողմին, այլ նաեւ` հայկականին: Երկու դեպքերում էլ որոշ վերլուծումներում կա ներքին շուկայում առավելություններ ձեռք բերելու ինքնամղումի գործոնը. ադրբեջանականը անհամեմատելի մեծ տարողությամբ:
Հրադադարի խախտման այս անվերջանալի խաղի կանոնները թելադրվում են միաժամանակ առնչակից կողմերից:
ԵԱՀԿ-ի այլեւս անբովանդակ հայտարարությունները, արձանագրվող զոհերի, վիրավորների եւ ոտնձգությունների նկատմամբ շարունակվող համահավասարեցման վարքագիծը եւ անհետեւանք մշտադիտարկումներն այս առումով նախանշում են, որ հրադադարային խախտումների այս գոյավիճակի շարունակությունը բանակցությունների միջնորդական աշխատանքի փիլիսոփայության համար առանցքային նշանակություն ունի: Երեւան-Ստեփանակերտ-Բաքու երթուղին կամ հակառակ շրջայցը միջնորդական մեթոտաբանության հանգերգային ընթացքի մասին է խոսում:
Շեշտադրումների փոփոխությունը կամ հստակ ուղերձների փոխանցումը կատարվում է այս կամ այն գերմիջնորդի կատարած հայտարարությունների ընթացքում: Այդպես էր Քարնեգի կենտրոնում համանախագահ Ուորլիքի կատարած հայտարարությունը. այնպես են նաեւ մյուս գերմիջնորդի, հատկապես Ադրբեջանի նկատմամբ որդեգրած քաղաքականության նոր ելեւէջները: Վեց կետերից բաղկացած հակամարտության լուծման սկզբունքներում, իբրեւ վեցերորդ կետ Ուորլիքը հայտարարում էր՝ կարգավորումով պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքները, ինչը որ ներառում է խաղաղապահ գործողություն: Չկա այնպիսի սցենար, ուր խաղաղությունը ապահովվի առանց լավ մշակված ու բոլոր կողմերի վստահությունը վայելող խաղաղապահ գործողության:
Պետք է պարզ ընկալել Ուորլիքի առաջադրած խաղաղապահ գործողությունը: Այդ գործողությունը կիրականցվի միջազգային ուժերով. նախընտրաբար ՆԱՏՕ-ով, բայց չի բացառված նաեւ ՄԱԿ-ի խաղաղապահներով: Ուղերձի խառը բաժինը այստեղ բոլոր կողմերի վստահությունը վայելող խաղաղապահ գործողության նշումն է: Բոլոր կողմերը չեն մասնակիացված: Պետք է հասկանալ հայկական (արցախյան եւ հայաստանյան), ադրբեջանական եւ ենթադրաբար` միջնորդ երկրները: «Բոլոր կողմերի» փոխանցած այս առաձգականությունը առնչակիցների կամ մասնակիցների պատկանելիության անորոշություն է ստեղծում: Ինչ որ հակամարտության ներկա գոյավիճակի կամ սառեցված իրավիճակի տեւողության մասին է հուշում:
Եւ բնական է, որ «խաղաղապահ գործողություն» բանաձեւը ենթարկվում է տարատեսակ մեկնաբանությունների: Հատկապես այդ ուժերի բաղադրության բաժինը:
Եվ եթե ԵԱՀԿ-ը շարունակում է պատասխանատվությունների համահավասարեցման անբովանդակ հայտարարություններ կատարելով նպաստել հրադադարի խախտման ռեժիմի շարունակմանը, եւ եթե խաղաղապահ ուժերի տեղակայման համար Ուորլիքի պետության համար ձեռնտու է հրադադարի խախտման դեպքերի թափ ստանալը, նույնը կարելի է վերագրել Հայաստանի ռազմավարական հատուկ դաշնակցին, որը մի կողմից դեպի ԵՏՄ ուղի է ուզում հարթել Ադրբեջանին, որ իր թույլտվությամբ կանաչ լույս է տալիս նազարբայեւներին ալիեւյան նամակներ կարդալու. եւ մանավանդ որ շարունակում է սպառազինել Ադրբեջանը: Պետք է այս բոլորից հասկանալ, որ Բաքուն քաջալերվում է նաեւ Մոսկվայից հրադադարի խախտման դեպքերը շարունակելու: Գուցե ոչ պատերազմական գործողություններ սկսելու. այս գոյավիճակը շարունակելու:
«Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» գոյավիճակի երեւույթը առիթ կտա շահագրգիռ եւ առնչակից կողմերին պարբերաբար ընդգծելու խաղաղապահ գործողությունների անհրաժեշտությունը: Հայտարարությամբ կամ սպառազինական առեւտրով թե՜ ԱՄՆ-ը եւ թե՜ ՌԴ-ն այս ուղղությամբ ուղերձներ են փոխանցում: Խաղաղապահ ուժերի բաղադրության մասին է հիմնական տարակարծությունը:
Խաղաղապահ գործողության գաղափարից թվում է, որ անհանգիստ է հարեւան Իրանը:
ՀՀ-ում Իրանի դեսպանը մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղավորման հավանականությունը` իրանցի դիվանագետը հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը նմանատիպ նախաձեռնությանը դեմ է: Ըստ նրա` հարցի լուծումը կախված է Հայաստանից, Ադրբեջանից եւ ԵԱՀԿ Մինսկի խմբից: «Սակայն ես վստահ եմ, որ օտար ուժերի տեղակայումը սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը: Վառ օրինակ են Իրաքն ու Աֆղանստանը», հայտարարել է դեսպանը:
Այս հավանականությանը չի արձագանքել մյուս «հարեւանը», որը տարբեր առիթներով ինքնառաջադրվում է միջնորդի դեր ստանձնելու արցախյան հակամարտության մեջ:
Խաղաղապահ ուժերի բաղադրության շուրջ գոյություն ունեցող հիմնական տարակարծությունը հուշում է, որ այնքան էլ հավանական չէ նման գործողության իրականացումը: Ներկա պայմանների դրությամբ գոյավիճակի պահպանումը բխում է առնչակից կողմերի շահերից:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր