Խաչիկ Եղոյան. Կարծում եմ, որ մարդկությունը միշտ անբավարարված է
Qahana.am-ը զրուցել է ռեժիսոր Խաչիկ Եղոյանի հետ
– Ի՞նչ խանգարող, խոչընդոտող հանգամանքներ կան հասարակություն-եկեղեցի հարաբերություններում:
– Շատերն են ցանկանում հավատալ Աստծուն, նրանցից ոմանք վստահ են Տիրոջ գոյության իրականությանը: Ես կարծում եմ՝ երբեմն չափազանց խստությունն է խուճապի առիթ դառնում: Մարդկանց կարելի է նուրբ մատուցման միջոցով բերել հավատքի, մարդկանցից շատերն են ուզում բարի լինել, իսկ մեր կրոնը բարության տիպիկ պատկերն է:
– Հավատքը կամ ծնվում է մեզ հետ, կամ արթնանում է տարբեր իրավիճակներում: Ձեր մեջ այդ արթնությունն ինչպե՞ս կայացավ:
– Ես չեմ գիտակցել իմ հավատքի սկիզբը: Կարծում եմ՝ այն ինձ հետ է ծնվել, ու ես կամաց-կամաց, Աստծո կողմից տարբեր փորձություններով հասել եմ ավելի ամուր հողի: Համոզված եմ, որ Նա կա: Վստահ եմ, որ ինձ փրկելու կամ դատելու է միայն Քրիստոս: Փոքր տարիքում եմ մկրտվել: Պատմում են, որ սկսել եմ լացել, երբ տեսել եմ ոսկյա խաչը, որը պետք է պարանոցիս հագցնեին: Պատճառն այն էր, որ պահարանի դռան առջև ընկած հասարակ, պլաստմասից պատրաստված Երուսաղեմի խաչ էի տեսել: Պնդում էի, որպեսզի դրանով մկրտեին: Ծնողներս դեմ էին, բայց ի վերջո ես Աստծո կամոք հասա իմ ուզածին: Այժմ այդ՝ ինձ համար շատ կարևոր խաչը սրբորեն եմ պահում. այն հիմա զարդարում է մեքենայիս հայելին և պաշտպանում ինձ:
– Շատերը բողոքում են, որ Աստված իրենց ձայնը չի լսում, չի պատասխանում: Դուք երբևիցե «Աստծո պատասխանը» լսե՞լ եք…
– Աստծո պատասխանը, Աստծո հայացքը, չծիծաղեք, եթե ասեմ՝ նույնիսկ Քրիստոսի ժպիտը, ինձ հետ են ամեն օր, ես ապրում եմ այդ ամենով… Ես կարծես Հսկիչ ունեմ, ու այն իմ մեջ է: Երբեմն մեր երկրորդ ես-ը, որ գրեթե միշտ առաջանում է մեր բոլորի մեջ, հաղթում է հենց այդ Հսկիչով՝ Աստծով: Եթե ես կորցնեմ Նրան, ուրիշ մարդ կդառնամ՝ վտանգավոր ու անիմաստ: Այն մարդիկ, ովքեր ուզում են Աստծուն ձայնով լսել (թեպետ, ես հավատում եմ, որ մեզանից շատերին երբեմն Աստված այդ շնորհը կընծայի), հիմնականում նյութականացված մարդիկ են, որ սպասում են Աստծո լսելի և շոշափելի պատասխանին: Այդ մարդիկ ուղղակի ունեն նայվածք՝ հայացքի փոխարեն: Այս թեմային համահունչ՝ կցանկանամ մեջբերել Ս. Հովհան Ոսկեբերանի խոսքը. «Աստված և՛ տալիս և չի՛ տալիս (խնդրածը), և՛ այն, և՛ այս անում է օգուտի համար: Այնպես որ ստացար կամ չստացար` դու ստանում ես շնորհիվ այն բանի, որ չստացար, հաջողեցիր կամ չհաջողեցիր` դու հաջողեցիր շնորհիվ այն բանի, որ չհաջողեցիր…»
– Եթե չեմ սխալվում, երկու անգամ եղել եք Երուսաղեմում: Ձեր մեջ ինչ-որ փոփոխություն զգացի՞ք, երբ առաջին անգամ ոտք դրեցիք այնտեղ:
– Առաջին անգամ ես շոկի մեջ էի, իմ մեջ առաջացավ Սուրբ Պատարագներին ներկա լինելու պարտադիր որոշում: Դա էր հիմնական փոփոխությունը: Սակայն առաջին անգամ ես աշխատանքի բերումով էի այնտեղ, ուստի, չէի կարողանում լիարժեք ուխտավոր լինել, ու երբ բոլորը աղոթքի համար ծնկում էին, ես՝ տեսախցիկը ձեռքիս, մտովի աղոթում ու ներողություն էի խնդրում Աստծուց իմ ոչ լիարժեք մասնակցության համար: Զգացի ցանկություն և պարտավորություն՝ երկրորդ անգամ այցելել:
– Մարդիկ գիտեն, քիչ թե շատ գիտակցում են, թե հավատքը, կրոնը, եկեղեցին ինչ դեր ունի իրենց կյանքում, ի՞նչ կարող է անել իրենց համար: Իսկ մե՞նք ինչ կարող ենք անել եկեղեցու համար: Օրինակ դուք, որպես անհատականություն, մինչ այժմ ի՞նչ եք արել կամ պատրաստվում եք անել…
– Այն, թե ես Հայոց եկեղեցու համար ինչ եմ արել կամ ինչ եմ պատրաստվում անել՝ չեմ ասի, որովհետև այն, ինչ անհայտ կլինի այստեղ, ապա անպայման հայտնի է Հորը, Ով երկնքում է… Ես դեռ իմ մեջի եկեղեցին չեմ շինել, այն կիսակառույց է: Երբեմն այն ուզում եմ հասցնել ավարտին, բայց բարբարոսների կողմից քանդվում և նորից կառուցման ենթակա է լինում: Չգիտեմ, երբևիցե այն լիարժեք կվերջացնեմ թե ոչ, բայց մի բան գիտեմ, որ շատ կարևոր է. «շինարարությունը»՝ իմ հոգու, ներսի եկեղեցու «շինարարությունն» ամեն օր, ամեն վայրկյան և ամեն ժամ է լինում:
Մենք պիտի կառուցենք մեր ներսինը, այն չկառուցած կամ գոնե կառուցման փուլում չլինելու դեպքում մեր երկրի եկեղեցիներին ինչ որ բան անելը զուր կլինի, անօգուտ ու սին: Ուղղակի շատ գումար նվիրելը մկրտությունների, հարսանյաց հանդեսների կամ որևէ այլ միջոցառումների ժամանակ՝ չունենալով ներսում հավատքի ներքին կառուցումը, փուչ է:
– Մասնագիտությամբ ռեժիսոր եք, նկարահանում եք ֆիլմեր, տեսահոլովակներ, չե՞ք ուզում անդրադառնալ հոգևոր թեմային:
– Հոգևոր թեմային ես բազմիցս եմ անրադարձել, դրանցից մեկը հենց Աննա Խաչատրյանի կատարմամբ «Տիրամոր գովք» երգի հիման վրա նկարահանված վավերագրական տեսահոլովակն էր, որի նպատակով էլ առաջին անգամ այցելել էի Երուսաղեմ:
Աննա Խաչատրյան «Տիրամոր գովք»
Իմ տարբեր գործունեություններում երևում է հոգևորի ներկայությունը՝ որոշ գործերում շատ նուրբ ակնարկի տեսքով, որոշներում`ակնհայտ:
– Աշխարհում մարդիկ այսօր կարծես շատ են չարացած: Ինչի՞ց կարող է դա լինել:
– Ես կարծում եմ, որ մարդկությունը միշտ անբավարարված է: Բնականաբար, դրանից բխում է նաև չարությունն՝ իր տարբեր դրսևորումներով: Կարծում եմ, ձեր հարցին պատասխանի ևս մեկ տարբերակ կա. արդեն իսկապես մոտ է դատաստանի ժամանակը, և կատարվում է գրվածը, որ չարը պիտի գահակալի մինչև մեր Փրկիչ և Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը…
– Ըստ ձեզ ո՞րն է մեր ժամանակների ամենամեծ չարիքը:
– Սնահավատությունը, մարդկային մեծամտությունն ու ինքնավստահությունը, որոնց պատճառով շատ անգամ մարդիկ սահմռկեցուցիչ դատավճռի են արժանանում: Ի վերջո, մեր ժամանակների մեծագույն չարիքը անհավատությունն է:
Նելլի Մարգարյան
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: