Ցզյա Չժանկե. «Ֆիլմերը, որոնք հոլիվուդյան ուղղվածություն չունեն, գնալով քչանում են Չինաստանում»
«Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա ներկայացնել իմ 7 ֆիլմերն այս փառատոնի շրջանակներում և ներկայանալ հայ հանդիսատեսին»,- ասաց «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնին մասնակցելու համար Հայաստան ժամանած չինացի ռեժիսոր Ցզյա Չժանկեն (Jia Zhangke):
Նշենք, որ այս տարի կինոփառատոնում ընդգրկված են ռեժիսորի ՝ «Նատյուրմորտ» (2006), «Գրպանահատը» (Pickpocket) (1997), «Բեմահարթակ» (Platform) (2000), «Աշխարհը» (The World) (2004), «Քաղաք 24» (2008) (24 City), «Հասարակական վայրեր» (In Public) (2001), «Կուզեի իմանալ» (I Wish I Knew) (2010) ֆիլմերը:
Նշենք, որ Ց. Չժանկեն նկարչություն է ուսանել, ապա տարվել խաղարկային կինոյով և 1995թ. հիմնել Փորձարարական կինոյի երիտասարդական խումբը` նկարահանելով երկու մրցանակակիր ֆիլմեր: 1997թ. ավարտել է Պեկինի կինոակադեմիան: Նրա առաջին լիամետրաժ աշխատանքը` «Գրպանահատը» (1997), մեծ հաջողության հասավ Բեռլինի, Նանտի և Վանկուվերի փառատոներում: «Բեմահարթակ» (2000) և «Անիմանալի հաճույքներ» ֆիլմերը ներկայացվեցին Վենետիկի և Կաննի կինոփառատոների պաշտոնական մրցույթում: 2003թ. Ցզյա Չժանկեն հիմնեց Xstream Pictures կինոընկերությունը՝ Չինաստանի երիտասարդ տաղանդավոր ռեժիսորներին աջակցելու համար: Նրա «Նատյուրմորտը» 2006թ. Վենետիկի ՄԿՓ-ում արժանացավ «Ոսկե առյուծ» մրցանակի:
Ց. Չժանկեն նշեց, որ առաջին անգամ «Ոսկե Ծիրան» փառատոնի մասին լսել է 4 տարի առաջ, երբ զանգահարել և հրավիրել էին, բայց ինքն այդ տարի չեկավ. «Գալով այստեղ՝ նաև հնարավորություն ստացա ծանոթանալ Հայաստանին, հայերին, բնությանը, հայկական մշակույթին, պատմությանը, երգերին»:
Նա ասաց, որ Չինաստանի տնտեսությունը շատ արագ է զարգանում, և միայն անցած տարի Չինաստանում 800 ֆիլմ է նկարահանվել. «Լավ է այն առումով, որ շատ գործատուներ ներդրումներ են կատարում, և շատ ռեժիսորներ ունեն հնարավորություն նկարահանել իրենց ֆիլմերը, իսկ վատ է այն առումով, որ բոլոր նրանք, ովքեր ֆինանսավորում են ֆիլմերը, ցանկանում են, որ ֆիլմերը նման լինեն հոլիվուդյան ֆիլմերին: Այսինքն՝ ֆիլմերը, որոնք հոլիվուդյան ուղղվածություն չունեն, գնալով քչանում են»:
Ց. Չժանկեն ասաց, որ ընտանիքը Չինաստանի համար և չինացիների համար շատ կարևոր է, չինական ընտանիքը համարվում է հասարակության բջիջը, և այս զարգացումներն ընտանիքների վրա ևս մեծ ազդեցություն են ունենում. «Կարծում եմ՝ ես ավանդապաշտ մարդ չեմ, և իմ անհատական ազատություններն ավելի կարևոր են: Ես ուշադրություն եմ դարձնում ընտանիքներին, քանի որ ցույց տալով, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում ընտանիքներում, կարելի է ցույց տալ, թե հասարակության մեջ ինչ փոփոխություններ են տեղի ունենում»:
Ռեժիսորը նշեց, որ իր «Բեմահարթակ» ֆիլմում հստակ ցույց է տալիս ընտանիքի նկատմամբ իր վերաբերմունքը. «Այդ ֆիլմում մի շատ սովորական ընտանիք է, բայց հետո պարզվում է, որ ամուսինը սիրուհի ունի և փախչում է տնից, լքելով ընտանիքին՝ գնում է սիրուհու հետ ապրելու: Դա է իրականությունը: Այդ ֆիլմից հետո ընտանիքի նկատմամբ բացառապես դրական վերաբերմունք չունեմ»:
Ըստ չինացի ռեժիսորի՝ Սովետական Միությունը և Չինաստանը շատ ընդհանուր բաներ ունեն, որովհետև հասարակության մեջ տեղի ունեցող իրադարձությունները նման են. «Իմ նկարահանած բոլոր ֆիլմերի առանցքը մարդն է, բայց բոլոր այս մարդիկ կապված են հասարակությանը: Չեմ ուզում կտրել մարդու և հասարակության մեջ եղած կապը: Հատկապես հիմա, երբ Չինաստանում յուրաքանչյուր մարդու կյանքը տնտեսության զարգացման ազդեցությունն է կրում»: