Վարդան Պետրոսյան. «Այս պատմությունն իմ ու Հակոբյանների մեջ չէ, իմ ու վերևների մեջ է» (լուսանկարներ, տեսանյութ)

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործով դատական նիստը: Դատարանում հարցաքննվեցին գործով տուժողներ Հայկ և Էմմա Հակոբյանները, ինչպես նաև վթարի արդյունքում մահացած Էդգար և Էդուրադ Հակոբյանների մայրերը, ովքեր քրեական գործում ներգրավված են որպես տուժող երիտասարդների իրավահաջորդներ:

Էմմա Հակոբյանը դատարանում հայտնեց, որ նախկինում Վարդան Պետրոսյանին չի ճանաչել: Նա ասաց, որ 2013թ. հեկտեմբերի 20-ին հորեղբոր ընտանիքը հյուրընկալվել է իրենց տանը, ապա հորեղբոր հետ գնացել են Ծաղկաձոր: Ըստ տուժողի՝ դեպքը տեղի է ունեցել, երբ իրենք ետ վերադառնալիս են եղել Ծաղկաձորից. «Մանրամասներ չեմ հիշում, որովհետև ճիշտ է՝ ուշքի եմ եկել, բայց շոկային վիճակ է եղել, շատ մանրամասներ չեմ հիշում: Միայն հիշում եմ, որ ահավոր վատ վիճակ էր, երեխաներն անգիտակից էին, մենք իրենց նույնիսկ չենք տեսնել գիտակցության մեջ, պապան, հոպարն էլ գիտակից էին, բայց էլի ի վիճակի չէին ինքնուրույն տեղաշարժվելու, միայն սկզբի 5-10 րոպեն: Դրանից հետո արդեն իրենք էլ չկարողացան տեղաշարժվել:

Հետո օգնության ենք կանչել մարդկանց, ինքնուրույն չենք կարողացել դուռը բացել: Եկել են, օգնել են, միասին հանել ենք երեխաներին»: Դատարանում Էմմա Հակոբյանը պատմեց, որ հետևի նստատեղին նստած են եղել Էդգար, Էդուարդ Հակոբյանները. նրանց կողքին ինքը, իր կողքին՝ Տաթև Հակոբյանը:

Մեղադրողը տուժողից հետաքրքրվեց՝ արդյոք նա իրենց ավտոմեքենայի կանգնելու պահն ու պատճառը հասկացե՞լ է, թե՞ ոչ: «Ամեն ինչ այնքան արագ է ստացվել, որ չենք հասցրել ոչ պատճառն իմանալ, ոչ էլ մանրամասներ: Պարզապես մինչև կկողմնորոշվեինք հարցնել՝ ինչո՞ւ ենք կագնել, արդեն վթարն եղավ»,- ասաց տուժող Էմմա Հակոբյանը: Նա նշեց նաև, որ իրենք կանգնած են եղել հողածածկ գոտում:

Կարդացեք նաև

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ քրեական գործին կցված են Էմմա Հակոբյանի ծանոթ մի աղջկա խոսքերը և մեջբերեց նրա խոսքերն այն մասին, որ Էմմա Հակոբյնաը նստած է եղել դիմացի նստատեղերի մեջտեղի մասում՝ դեմքով դեպի երեխաները: Գործով տուժող Հայկ Հակոբյանը վրդովվեց դրանից և վիրավորական արտահայտություն հնչեցնելով դուրս եկավ դատական նիստերի դահլիճից: Դատարանը նիստերի դահլիճից 4 ժամով հեռացրեց Արթուր և Հայկ Հակոբյաններին:

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդեց դատարանին քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմել դատախազին: «Եվ հայհոյանքներ, և վիրավորնքներ հնչեցվեցին»,- ասաց Ն. Բաղդասարյանը՝ նշելով, որ դա դատարանի կողմից որևէ միջամտություն, համապատասխան գնահատական չտալու արդյունք է:

Տուժողների և տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն ասաց, որ փաստաբանի վարքագիծն է այս իրավիճակն առաջացնում: «Ձեր գործողություններով էլ հենց պայմանավորված է տուժողների վարքագիծը, և ամեն անգամ դուք հրահրում եք և այնպես եք անում, որպեսզի և Հայկ Հակոբյանը, և Արթուր Հակոբյանը, անգամ իրավահաջորդները, անգամ այս երիտասարդ աղջիկները վրդովվեն ձեր հարցերից:

Հարցը կարելի է առաջադրել այնպիսի ձևով, որպեսզի որևէ մեկի վրդովմունքը չառաջացնի, իսկ դուք հարցից առաջ ինչ-որ ներածական խոսքով եք հանդես գալիս 5 րոպե, նոր հետո հարց եք առաջադրում»,- հայտարարեց Ռ. Բալոյանը:

Տուժող Էմմա Հակոբյանը պարզաբանեց, որ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի վկայակոչած հարցազրույցը տեղի է ունեցել դեպքի հաջորդ օրը կամ 2 օր անց: «Այդ օրերին մեր տանը, Աշտարակում այնպիսի վիճակ էր, որ հաստատ ես ինչ-որ մեկին չէի կարող պատմել եղելությունը: Ես նոր-նոր սկսում են խոսել այդ դեպքի մասին ինչ-որ մարդկանց հետ»,- ասաց տուժողը՝ նշելով, որ Աշտարակում եղել են բազմաթիվ այլ խոսակցություններ:

Տուժողի իրավահաջորդ Աննա Կարապետյանը դատարանում պատմեց, որ դեպքի օրն ինքն ու մյուս տուժողի իրավահաջորդ Նաիրա Հայրապետյանը իրենց տանը սպասելիս են եղել երեխաներին ու ամոըսններին: «Ուշացել են, մենք զանգել ենք, չեն վերցրել հեռախոսները, հետո ես եմ զանգեմ Տաթևի հեռախոսի վրա, իմ եղբայրն է պատասխանել, և մենք արդեն պանիկայի մեջ ընկանք, երբ ասաց՝ վթար է եղել: Հետո մենք գնացել ենք Հանրապետական հիվանդանոց. Արթուրը, Էդոն, Էդգարը, Տաթևը Հանրապետականում էին, Հայկն ու Էմուլը՝ Էրեբունիում: Մենք չգնացինք Էրեբունի: Այնտեղ խառնաշփոթ վիճակ էր»,- պատմեց տուժողի իրավահաջորդը՝ նշելով, որ իր որդուն այդպես էլ չի տեսել: Նա ասաց նաև, որ մոտավորապես 3-4 օր անց է իմացել, որ մեքենայի ղեկին Վարդան Պետրոսյանն է եղել:

Գործով մյուս տուժողի իրավահաջորդ Նաիրա Հայրապետյանն էլ ասաց, որ իր ընտանիքի հետ գնացել են Աշտարակ՝ ամուսնու եղբոր տուն, ճաշելուց հետո երկու եղբայրները և նրանց երեխաները գնացել են Ծաղկաձոր: Ինքը ավելի ուշ մի քանի անգամ զանգահարել է նրանց, սակայն չեն պատասխանել, ապա հեռախոսազանգերին պատասխանել է Աննա Կարապետյանը, ով հայտնել է, որ վթարի են ենթարկվել, ստուգման համար նրանց տարել են հիվանդանոց: Իրենք եղել են հիվանդանոցում: Իրենց ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի հարցին՝ արդյոք «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վրա եղե՞լ են հայելիներ, Նաիրա Հայրապետյանը պատասխանեց. «Արթուրի նման օրինապաշտ վարորդ երևի թե քաղաքում չկա: Ինքը առանց հայելի երբևէ դուրս չի եկել ճանապարհ: 4 երեխան մեջը նա չէր կարող առանց հայելի, անսարք կամ խմած ճանապարհ դուրս գար: Դա խելքին մոտիկ բան չէ: Արթուրը երբևէ առանց հայելի չի քշել»:

Ամբաստանյալ Վարդան Պետրոսյանը խնդրեց իր պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանին ետ վերցնել քրեական գործ հարուցելու վերաբերյալ դատախազին դիմելու մասին միջնորդությունը: Նա ասաց, որ օրենքի տեսակետից հասկանում է իր փաստաբանին. «Բայց եթե տեսնում եք, վերջին դատավարություններին արդեն տուժածները չեն էլ ուզում գալ: Սիրտ չունեն: Ես նույնպես: Ես չեմ կարծում, թե նրանք այլևս կգան: Ես հասկանում եմ, որ պաշտպանն ու ամբաստանյալը պետք է նույն ուղղությամբ կրակեն՝ չնայած այստեղ կրակելու հարց չկա»:

Վ. Պետրոսյանն ասաց, որ իր վրա է վերցնում վիրավորանքները: «Աստված գիտի՝ ինչ է կատարվում: Ընտանիքներ են ողբերգության մեջ: Մարդիկ ոբերգության մեջ են: Այս դատը ե՞րբ պիտի կվերջանա: Աստված գիտի: Հիմա էլ ուզո՞ւմ եք երկրորդ դատը սկսվի: Հիմա երկրորդ դատավարություն… Ես ինձ չեմ ների: Ոչ ոք ոչ մեկին չի ների: Ես խնդրում եմ այս միջնորդությունը հետ վերցնել: Պատկերացնենք, որ այդ հայհոյանքներն ինձ են ուղղված: Ես դա ընդունում եմ լռությամբ»,- Վարդան Պետրոսյանի այս խոսքերից հետո Նիկոլայ Բաղդասարյանը ետ վերցրեց միջնորդությունը:

Ռուբեն Բալոյանն ասաց, թե գտնում է, որ պաշտպանական կողմը պետք է հարցերն ավելի կոռեկտ տա. «Եթե ուշադիր հետևենք դատաքննությանը, ամեն անգամ, երբ այս վիճաբանությունները սկսվում են, սկսվում է մի հարցից, որը կարելի էր տալ մեկ այլ ձևով: Ամեն անգամ այս վիճաբանությունները սկսվում են հարցերից: Ես ուղղակի խնդրում եմ՝ պաշտպանական կողմը այսուհետ հարցերը մի քիչ այլ ձևով տա, որպեսզի նման իրավիճակներ այսուհետ չլինեն»: Դատարանը քննության չառավ միջնորդությունը:

Դատարանում Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդեց քրեական գործի նյութերին կցել մամուլի հրապարակումներ, որտեղ տուժողներից մեկը ներկայացրել է դեպքի մանրամասները: Ըստ փաստաբանի՝ նույնաբովանդակ ցուցմունք է տվել «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը առաջին հարցաքննության ընթացքում: Գործով դատախազն ասաց, որ լրատվամիջոցներում, ցավոք, այս ընթացքում հրապարակվել են բազմաթիվ տվյալներ, որոնց մի մասը խեղաթյուրված է եղել: «Հիմա ես չգիտեմ՝ դրանով ինչ ենք ուզում ապացուցել: Ի՞նչ հանգամանք ապացույցելու համար է ուզում կցենք գործին»,- ասաց մեղադրողը:

«Հարգելի դատարան, ժողովրդական խոսք կա՝ խեղդվողը ձեռքը փրփուրներից է գցում, ես ուրիշ ասելիք չունեմ սրա վերաբերյալ»,- ասաց Ռ. Բալոյանը:

Vardan Petrosyan (5)

«Ես չգիտեմ՝ առաջին օրն Արթուրը ինչ ցուցմունք է տվել, ես իր կողքին չեմ եղել, բայց շատ հնարավոր է, որ որոշ բաներ չհամընկնի հիմիկվա ցուցմունքի հետ: Երբ Արթուրը պառկած էր ողերը կոտրված, վերակենդանացման բաժնում, հաջորդ օրը գալիս են, հայտնում են, որ երկու երեխան մահացել են, երրորդը դեռ հարցականի տակ է՝ կապրի՞, թե՞ չի ապրի, ապրելուց էլ քանի տոկոսանոց մարդ կլինի, Արթուրն այդ վիճակով ցուցմունք է տվել այն դեպքում, երբ իր վստահորդը մինչ այսօր ցուցմունք չի տվել, ու ինքը կառչում է Արթուրի ասածներից: Մարդ պիտի մարդ լինի»,- հայտարարեց Նաիրա Հայրապետյանը:

Ռուբեն Բալոյանն էլ նշեց, որ Արթուր Հակոբյանին հարցաքննել են այն օրը, երբ նրան հայտնել են երեխաների մահվան մասին: «Ես այն անգամ խնդրեցի, ասացի՝ մի շահարկեք այդ ցուցմունքը»,- ասաց Ռ. Բալոյանը՝ նշելով, որ քննիչն իրեն պետք է թույլ չտար գնալ, ցուցմունք վերցնել. «Նախկինում բոլոր քննիչները մինչև քառասունքը չի լրացել, ոչ մեկ չի գնացել հարցաքննության, իսկ հիմա գնում են դագաղի կողքը մարդ են հարցաքննում»,- ավելացրեց փաստաբանը: Տաթևիկ Հակոբյանն էլ ասաց, որ մինչ օրս որևէ լրատվամիջոցի հարցազրույց չի տվել:

Vardan Petrosyan (3)

Վարդան Պետրոսյանն էլ հայտարարեց. «Այո, իսկապես, երբ նման դեպք է տեղի ունենում, քննիչը 40 օր չի գնում հարցաքննության, և 4 անգամ չի տանում դատարան: Հիմա դուք մտածեք, թե ինչո՞ւ բերեցին, այդքան հարցաքննեցին: Որովհետև ինձ պետք էր դատարան քարշ տալ, ու այս պատմությունն իմ ու Հակոբյանների մեջ չէ, իմ ու վերևների մեջ է: Դուք դա ասացիք այսօր»: Դատարանը որոշեց փաստաթղթերը կցել քրեական գործին:

Տեսանյութեր

Լրահոս