Բաժիններ՝

«Ես ինչո՞ւ պիտի պատմեմ իմ էպիկրիզի մասին». Կարեն Մկրտչյան

Դեռևս օրեր առաջ համացանցում ֆեյսբուքյան օգտատեր Գևորգ Ալեքսանյանը գրառում էր կատարել` դերասան Կարեն Մկրտչյանին մեղադրելով շառլատանության մեջ: Ըստ այդ գրառման` դերասանը Գերմանիայում չի վիրահaատվել և ժողովրդի կողմից հավաքված 80 հազար եվրո գումարը ծախսել է սեփական հաճույքների համար:

Lույսի արագությամբ տարածվեց այս գրառումը: Իր հասցեին հնչած մեղադրանքներին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում կրկին անդրադարձավ ինքը` Կարեն Մկրտչյանը, նրա ընկերը` Վարդան Արզումանյանը, ով դերասանի հետ մեկնել էր Գերմանիա, AM իրավաբանական ընկերության գլխավոր իրավախորհրդատու, փաստաբան Դավիթ Հունանյանը և AM իրավաբանական ընկերության ավագ իրավախորհրդատու, փաստաբան Վահագն Դալլաքյանը:

Karen Mkrtchyan- Davit Hunanyan-Vahagn Dallakyan (2)

Դավիթ Հունանյանը հայտարարեց, որ AM իրավաբանական ընկերությունը ստանձնել է դերասան Կարեն Մկրտչյանի իրավունքների պաշտպանության առաքելությունը.

«Բոլոր այն անձինք, որոնք խախտել են Կարենի իրավունքները, փորձել են ոտնահարել նրա արժանապատվությունը և բարի համբավը, կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության»:

Անդրադառնալով այն հարցին, որ Կարեն Մկրտչյանի բուժման ծախսերը հաստատող փաստաթղթերից միայն երկուսն են փոքր-ինչ կասկածի տեղիք տվել` Դավիթ Հունանյանն իր պարզաբանումները ներկայացրեց.

«Նախ, կուզենայի հայտնել, որ ժամանակից շուտ ոչ մասնագիտական որակումներ չտրվեն. այստեղ չի կարող խոսք գնալ կեղծ փաստաթղթերի մասին: Լիարժեք տեղեկատվությունն առկա է, թաքցնելու ոչ մի բան չունի Կարեն Մկրտչյանը. բոլոր տեսակի վճարումների նպատակը և առարկան կարող է պարզաբանվել համապատասխան հաստատությունների կողմից, որտեղ դրանք կատարվել են: Համապատասխան իրավասու անձինք կարող են դիմել և ստանալ սպառիչ պատասխան:

Ոստիկանությունում նյութեր են պատրաստվում դեպքի առթիվ, և Ոստիկանության քննությունից հետո բոլոր հարցերն իրենց պարզաբանումները կստանան, իսկ քանի որ գոյություն ունի քննության գաղտնիության սկզբունք, բոլոր այն հարցերը, որոնք կապ ունեն քննության հետ, ցավոք, չենք կարող տրամադրել»:

Անդրադառնալով Կարեն Մկրտչյանի հասցեին հնչած մեղադրանքներին և լրատվամիջոցների տարբեր մեկնաբանություններին ու հրապարակումներին` իր խոսքն ասաց դերասանի ընկերը` Վարդան Արզումանյանը.

«Նախ` կուզենայի, որ բոլորս ժպտայինք. ի վերջո, մարդ չի մահացել, հանցագործություն տեղի չի ունեցել, հանցագործ չենք բռնել: Ես, լինելով հայ, չեմ հասկանում, թե ինչո՞ւ մենք այսօր պիտի հավաքվեինք, ինչո՞ւ Կարենը պիտի հաշվետվություն աներ: Հիմա ով՝ ինչ գրառում անի, պիտի լրատվամիջոցները վերցնեն հրապարակե՞ն, ժողովրդին գցեն ցայտնոտի մե՞ջ: Ամեն ինչ սկսվեց այնտեղից, երբ Կարենը ընդամենը մեկ հարված էր ստացել, իսկ լրատվամիջոցները գրում էին, որ նա ծեծի է ենթարկվել:

Եվ երբ «Կարմիր խաչում» Կարենը մեռնում էր, ինչը բոլորս ենք տեսել և թող որևէ մեկը չասի, որ չի տեսել, այս ժողովուրդը հավատաց նրան, միահամուռ ուժերով հավաքվեցին, որ մարդու կյանք փրկեն, այսօր այդ նույն ժողովուրդը հալածում է նրան և ասում` արի հաշվետվություն արա: Իմ ընկերը, երբ Ֆրայբուրգ քաղաքում քայլեց, ուզում էի գրկել այդ ժողովրդին, որ իմ ընկերոջը կյանքի կոչեց, որ իմ ընկերոջ երեխաները որբ չեն մեծանալու:

Ես իմ աշխատանքը թողեցի, իմ ծնողներին թողեցի, ամեն ինչ թողեցի, որ գնամ իմ ընկերոջն օգնեմ, այսօր ասում են, որ Վարդան Արզումանյանը կայֆավատ ա լինում… Այն հերոսին, որին ճանապարհեցիք, հիմա չե՞ք հավատում: Կարեն Մկրտչյանն անձամբ փո՞ղ է հավաքել, ո՞վ է արել դա. իր կոլեգաները: Ես պարզապես շնորհակալ եմ այն ժողովրդին, որն իր լուման ներդրեց այս մարդու կյանքի համար»:

Նույն հարցին անդրադարձավ նաև ինքը` Կարեն Մկրտչյանը.

«Ես միշտ սիրել եմ զբաղվել իմ գործով: Ես ունեմ կենսագրություն: Այն, ինչ արել եմ, արել եմ առաջին հերթին ինձ համար: Եթե ինչ-որ մեկը, որը չունի անուն-ազգանուն, չունի դեմք, կարող է այդ ամեն ինչն իր մի գրառմամբ ջնջել, ես չեմ հասկանում` ինչո՞ւ, ես չեմ հասկանում` նա ո՞վ է: Իմ առողջական վիճակը լավ է, իմ ժողովուրդը տվեց այդ հնարավորությունը, ես հայտնվեցի շատ լավ մասնագետների մոտ:

Ես պարզապես չեմ հասկանում, թե ինչո՞ւ պիտի պատմեմ իմ էպիկրիզի մասին: Չե՞ք կարծում, որ դա չափազանց անձնական է: Ես ինձ այնքան վիրավորված և ստորացված եմ զգում, որ պիտի շորս բարձրացնեմ և ցույց տամ իմ վիրահատությունը:

Վերջին հաշվով` ես ուրոլոգիական խնդիրներ էլ եմ ունեցել, ի՞նչ անեմ, հանվեմ կանգնեմ, մարդիկ նայեն ի՞նձ: Բացի այդ, ես մասնագիտական տերմիններով չեմ կարող հստակ բացատրել, թե որն է եղել իմ հիվանդությունը: Պարզապես այդ ամեն ինչը հարվածի հետևանքն էր և հին վնասվածք, որ թարմացել էր ընկնելու հետևանքով:

Բացի այդ` նա գրում է, որ ՊՆ-ն այդպես էլ չի հաստատել իմ` ազատամարտիկ լինելու փաստը: Այդ ո՞ր մի իրավասու մարմինը հարցում արեց ՊՆ-ին ու չստացավ պատասխան: Ինձ մեղադրանք է ներկայացնում, որ ես ուզում եմ ֆիլմ նկարահանել. ես ինձ ինչ հիշում եմ՝ ֆիլմեր եմ նկարում: Ո՞վ է խոսում այն մասին, որ ես ֆիլմ եմ նկարահանել ցեղասպաության մասին և պրեմիերան արել եմ Ստամբուլում ապրիլի 24-ին:

Ես ինձ պարտավորված էի զգում, որ պիտի բուժվեմ ու հետ գամ: Մարդիկ, ինձ սիրելով, հարգելով, իմ կենսագրությունն իմանալով, նվիրաբերել են գումար և ինձնից ակնկալել են միայն մի բան, որ ես գնամ և բուժված հետ գամ: Ես այդ մարդկանց ցանկությունը բավարարել եմ: Եթե այն, ինչ ես արել եմ իմ կյանքի ընթացքում, խարդախություն ու սրիկայություն է, ապա ես ունակ եմ այդ խարդախությունը կրկնելու»:

Karen Mkrtchyan-Davit Hunanyan- Vahagn Dallakyan

Փաստաբան Դավիթ Հունանյանը նշեց, որ ֆեյսբուքյան տվյալ գրառումը վիրավորել է ոչ միայն Կարեն Մկրտչյանի անձը, այլև նվիրատվություն կատարած մյուս անձանց.

«Այստեղ խոսք է գնում նրանց զգացմունքների հետ խաղալու մասին. մարդիկ, սիրելով, հարգելով Կարենին, նվիրատվություն են կատարում, և հետո ինչ-որ մեկը հայտնվում ու նման անհեթեթ հայտարարություններ է անում` չմտածելով, որ խաղում է նրանց զգացմունքների հետ»:

Կարենը նշեց, որ կապ տեսնում է ամիսներ առաջ կատարվածի, երբ հարված ստացավ, և այսօրվա դեպքերի միջև, երբ այդ անհայտ օգտատերը կատարեց այդ գրառումը.

«Ես չեմ կարող ասել, որ դա նույն մարդն է արել, բայց նրանք նույն արյունն ունեցող մարդիկ են, որոնք, ցավում եմ, որ մեր ազգում կան»:

Որպես խոսքի եզրափակում` Կարեն Մկրտչյանը նշեց, որ այս թեմայով այլևս ոչ մի լրատվամիջոցի ոչինչ չի ասելու.

«Ես ուզում եմ իմ քաղաքում, իմ ընտանիքի հետ հանգիստ ապրել: Շարունակելու եմ ապրել այնպես, ինչպես ապրում էի մինչ այս դեպքերը»:

Հիշեցնենք, որ Կարեն Մկրտչյանն ամիսներ առաջ` դեկտեմբերի 26-ին` աշխատանքից տուն վերադառնալիս, շքամուտքում հարձակման էր ենթարկվել, ոիր հետևանքով չէր կարողանում ոչ քայլել, ոչ նորմալ խոսել: Լիարժեք բուժման համար հարկավոր էր նրան ուղարկել Գերմանիա, բայց անհրաժեշտ գումարը չկար: Ի վերջո, համախմբվեցին նրա գործընկերները, հասարակության մի հսկա զանգված՝ աշխարհի տարբեր ծայրերից և հավաքվեց անհրաժեշտ գումարը` 80 հազար եվրո, ինչի արդյունքում հնարավոր եղավ իրականացնել լիարժեք բուժում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս