Պարտադիր փաթեթավորումը
Երեկ թանկացումների սպասմանը տարօրինակ թափ հաղորդվեց: Էներգակիրների սակագնի աճից հետո բոլորը հիմնականում սպասում էին թանկացումների սննդամթերքի ու տրանսպորտի ոլորտում: Հատկապես, որ ուղեվարձի գնաճի վերջին փորձն անցած տարի հենց ամռանը տեղի ունեցավ: Մաշտոցի պուրակից հետո դա հասարակական շարժումների միակ հաջողությունն էր: Անցած մեկ տարվա ընթացքում չիրականացան թանկացումների հեղինակների սպառնալիք-կանխատեսումները:
Քաղաքային տրանսպորտի համակարգը չփլուզվեց: Չփլուզվեց ու շարունակեց նույն համամասնությամբ հարկային մուտքեր ու գերշահույթներ ապահովել: Ապահովել բյուջեի ու գծատերերի համար՝ համապատասխանաբար: Բայց այս ամառ տեղի ունեցող գործընթացները տոտալ գրոհի տակ են պահում հասարակությանը: Հասարակությունը բզկտվել է տարբեր ոլորտներում ընթացող գնաճի դեմ պայքարում: Հասարակությունն արդեն բավարար ուժեր չունի ինքնապաշտպանության համար:
Երեկ Դեղ արտադրողների ու ներմուծողների միությունը հայտարարեց թանկացման նոր ու անսպասելի ոլորտի մասին: 2014թ. հոկտեմբերի 1-ից հարազատ իշխանությունները նոր պահանջներ են ներկայացնելու: Այդ օրվանից հետո Հայաստանի տարածքում վաճառվող դեղորայքը պարտադիր պիտի գնանշվի: Արտադրող ու ներմուծող բոլոր խոշոր ընկերություններն ընկնում են նոր ու մեծ ծախսերի տակ: Նախ դրոշմանշման համար պահեստավորման ու արտադրական նոր տարածքներ պիտի ձեռք բերեն: Ապա՝ պետք է կազմակերպեն դրոշմանշման աշխատանքները: Այս ծախսերն, իհարկե, կներառվեն դեղորայքի գնի մեջ:
Հայտնի է, որ վերջին տարիներին մենք՝ հայաստանցիներս, բժշկի դիմում ենք, ընդունված արտահայտությամբ ասած՝ երբ «դանակը ոսկորին է հասնում»: Իսկ բժշկի դիմած քաղաքացիները կհաստատեն, որ զուտ բժշկական ծառայության վճարներն անհամեմատելի են դեղորայքային ծախսերի հետ: Հայաստանում դեղորայքը շատ թանկ է: Դեղատներում ինքներդ կարող եք համոզվել, որ բնակչությունը դեղորայքը հատիկ-հատիկ՝ հաբերով է գնում: Գնային տարբերությունը Վրաստանի հետ, օրինակ, կազմում է 35-40 տոկոս: Հետևաբար` բարդ չէ պատկերացնելը, թե նոր թանկացումն ինչ նկատելի կլինի բնակչության համար: Դեղ արտադրողների ու ներմուծողների տվյալներով` բնակչությունը վաղուց է սկսել Վրաստանից «ապօրինի» ներկրված դեղ գնել:
Վրաստանի երկու անցակետից օրական մի քանի հարյուր մարդ է մտնում Հայաստան: Նրանք բոլորը, որպես կանոն, իրենց ծանոթ-հարազատների խնդրանքով մեկ-երկու տուփ դեղ են բերում: Այս «ապրանքաշրջանառությունն», իհարկե, չի կարող անվերջ աճել: Հարազատ իշխանություններն, իհարկե, հայրենիք վերադարձողների պայուսակները քչփորելու ձևը կգտնեն: Կգտնեն ու կարգելեն: Համեմատության համար կարելի է հիշել անվադողերի օրինակը: Ներմուծող օլիգարխների շահերի պաշտպանության նպատակով Մաքսային վարչությունը վաղուց է փակել օգտագործված անվադողերի ներմուծման հնարավորությունը: Մեծածախ ընկերություններն, իհարկե, շարունակում են օգտագործված անվաղողեր ներմուծել: Իսկ պարզ սպառողին չի կարելի: Նման մի բան կհորինեն նաև այս պարագային: Բայց իշխանությունների նոր որոշումից դժգոհում են նաև ներմուծողները: Հավանաբար կանխատեսում են, որ իրացումը կտրուկ կկրճատվի: Ավելին, նրանք առայժմ չգիտեն՝ ինչպես իրականացնել այդ պարտադիր փաթեթավորումը: Այդ աշխատանքը պապենական մեթոդով՝ ձեռքով անելը սանիտարական հնարավոր բոլոր նորմերի խախտում է: Իսկ նոր՝ փաթեթավորող հոսքագիծ գնելը, հարկավ, անասելի կխթանի գնաճը:
Մենեջմենթի նոր դասագրքերում շատ բերվող մի օրինակ կա: Ուկրաինական մի ընկերություն Գերմանիայից բուժանյութ է ներմուծել ու փաթեթավորել: Գերմանացիների գրած փաթեթավորման տեխնոլոգիայով բանվորները պիտի հատուկ՝ հաստ ու անհարմար ձեռնոցներ հագնեին: Բանվորուհիներից մեկը նկատում է, որ կոնտակտի դեպքում բուժանյութը չի վնասում մաշկը, և ձեռնոցը դեն է շպրտում: Նրա օրինակին հետևում են բոլոր գործընկերները: Միայն, երբ սպառողները սկսում են վերադարձնել անորակ բուժանյութը, ուկրաինացի գործարարը գերմանական ընկերությունից պարզում է, որ մարդու ձեռքի հետ կոնտակտից բուժանյութն է վնասվում՝ դառնալով ոչ պիտանի: Ահա փաթեթավորման այսպիսի անսպասելի օրինակ:
Բայց հիշեցնենք, որ ուկաինական դեպքում խոսքը բուժանյութի մասին էր: Իսկ մերոնք ափալ-թափալ պահանջում են պարտադիր փաթեթավորել մարդու համար նախատեսված դեղորայքը: Երևի սա յուրօրինակ վրեժ է կենսաթոշակների պարտադիր կուտակայինը սաղացնելու անհաջող փորձի համար: Մեր իշխանությունների վարքն օր օրի ավելի ու ավելի անկանխատեսելի է դառնում: Բոլոր դեպքերում համակերպվեք դեղերն ավելի թանկ գնելու փաստի հետ: Գոնե նյարդեր կխնայեք: