Բաժիններ՝

«Դիվերսանտը կարող է լինել հասարակ զբոսաշրջիկի տեսքով». Արթուր Եղիազարյան

Ազատամարտիկ, պահեստազորի սպա, նախկին զինվորական, ավագ դասախոս Արթուր Եղիազարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձավ Քարվաճառի` աղմուկ հանած դիվերսիային, ու դրանից հետո տարածվող լուրերին, թե ինչ նպատակ են հետապնդում հանրության շրջանում խուճապ հրահող տեղեկությունների տարածումը, թե դիվերսիաներն ինչպես են իրականացվում կամ ովքեր կարող են լինել դիվերսանտ:

«Հասարակության մեջ առաջացած խառնաշփոթը հիմնականում նրանից էր, որ դիվերսիա ասելով` անտեղյակ մարդիկ պատկերացնում են հատուկ պատրաստված զինվորական անձանց: Մի կողմից դա ճիշտ է, որովհետև դարեր առաջ դիվերսիան ծնվել է որպես ռազմավարական գործելաոճ, երբ հակառակորդի հիմնական ուժերին շեղելու համար, մի այլ, փոքրաթիվ, ավելի լավ պատրաստված խմբով հարված էին հասցնում ինչ որ մի կետի` հակառակորդի ուշադրությունը շեղելու համար: Բայց հետագայում, երբ հայտնվում է պայթուցիկը, այդ տրամաբանությունը փոխվում է: Դիվերսանտները կարող են հագնված լինել տարբեր կերպ ու առաջին հայացքից ոչնչով չտարբերվել  հասարակ քաղաքացուց:

Դիվերսանտը կարող է լինել հասարակ զբոսաշրջիկի տեսքով, որը, գալով քո երկիր, կարող է մի սրվակ ինչ-որ քիմիական նյութով վարակի ինչ-որ ջրամբար և դրանով լուրջ վնասներ պատճառի: Ահաբեկչական գործողություններն էլ են դիվերսիա, այսինքն` մենք պետք է սա չդիտենք որպես ռազմական գործողության տարր:

Այսօր էլ պատերազմող կողմերի միջև օրինական ձևով գոյություն ունի դիվերսիա, որի հիմնական նպատակը հակառակորդին նյութական վնաս պատճառելն է: Մենք Ադրբեջանի հետ գտնվում ենք հարաբերական անդորրի ու բանակցային գործընթացի մեջ,  և եթե Ադրբեջանն ասի, որ սա օրինական գործողություն է , ապա կնշանակի, որ նման բանակցային գործընթաց չկա և ինքը պատերազմում է, որովհետև սա պատերազմի կոնկրետ դետալ է: Բնականաբար, իրենք ամեն կերպ պետք է հերքեն, որ սա կազմակերպված էր պետության կողմից»,- պարզաբանեց Արթուր Եղիազարյանը:

Կարդացեք նաև

Խոսելով դիվերսիայի մասնակիցների դատավարության մասին, ասաց, որ շահեկան է այն հանգամանքը, որ դատավարությունը տեղի է ունենալու ԼՂՀ-ում. «Իրենք դատապարտվելու են Արցախի իշխանությունների ենթակայության տակ և Արցախի օրենքներով: Ադրբեջանը պետք է կա՜մ բանակցի Արցախի հետ, կա՛մ հրաժարվի բանակցելուց: Բանակցելու դեպքում  կնշանակի, որ Ադրբեջանն ընդունում է ԼՂՀ ինքնիշխան լինելու փաստը:

Ես կարծում եմ, որ այս դիվերսիան ավելի շատ հոգեբանական հարթության վրա գործելու համար էր: Չեմ խորանում, թե սա Ադրբեջանի պետության կողմից էր կազմակերպված, թե որևէ կազմակերպության, ամեն դեպքում փաստն առկա է. մտել են տարածք, խորացել են, նրանց մոտ առկա է զենք, կա սպանություն, թե անունն ինչ կդնենք` կարևոր չէ, բայց այդ մարդիկ կոնկրետ խնդրով են եկել»,- ասաց նա:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչ գործողություններ պետք է ձեռնարկվեն մեր կողմից,  բացի դատավարությունից, նա պատասխանեց. « Կան ռազմական գաղտնիքներ , որոնք պետք չէ հրապարակել: Այսօր մեր հանրությունը ուզում է, որ ամեն ինչ բաց լինի, ամեն ինչ իմանան, բայց կան բաներ, որոնք չպետք է իմացվեն: Մարդիկ ամեն կերպ փորձում են իմանալ, թե արդյոք այդ 3 հոգին էին, թե ոչ: Միգուցե այդ երեքը չեն, միգուցե այլ խնդիրներ էլ կան, որ պետք չէ ասել կամ պահանջել , որ այդ ամենն ի ցույց դրվի: Բոլորս հասկանում ենք, որ հակառակորդ կողմը ևս կարող է դա տեսնել ու քայլեր անել:

Ուղղակի ցավալի է, որ սոցիալական ցանցերում մարդիկ մեկնաբանություններ են անում` հենվելով  զուտ ադրբեջանական կայքերում  գրված ինֆորմացիայի վրա, օրինակ` երեկվա ադրբեջանական լուրերից մեկը, որ նրանք տեղացի էին, կարոտից ելնելով էին եկել Քարվաճառ: Միգուցե սա ճիշտ է , ճիշտ ընտրվել են մարդիկ, որոնք ծագումով այնտեղից են ու տեղանքին էլ լավ ծանոթ են. սրա մասին չեմ կարող հստակ ասել: Բայց տեսեք ադրբեջանցիների մոտեցումը, երբ ասում են, որ նրանք կարոտից են եկել, նշանակում է, որ հայերը զավթել են իրենց հայրենիքը, այսինքն` սրանք էլ օգտագործվող դետալներ են:

Եթե պետական մարմինը ասում է, որ դիվերսանտ է, ուրեմն` մի բան գիտի, որ ասում է  և պետք է ընդունենք, որովհետև Ադրբեջանն ուզում է այս դեպքը հավասարեցնել  այն դեպքի հետ, երբ մի հայ խաղաղ բնակիչ ընկել էր իրենց ձեռքը և իրենք ուզում են այս կարգավիճակները հավասարեցնել, բայց իրականում դրանք տարբեր են. մեր այդ տարիքով մարդը այնտեղ ոչ ոքի չի սպանել ու վտանգ չէր ներկայացնում:

Ուղղակի պետք է փորձենք ավելի զգույշ լինել արտահայտվելիս, որովհետև այս ամենին հետևում է հակառակորդը: Պետք է զուսպ լինել ու չիմացած բաների մասին հնարավորինս քիչ խոսել և ամեն մի ենթադրություն չմատուցել  որպես բացարձակ ճշմարտություն»,- եզրափակեց Արթուր Եղիազարյանը:

Ռազմիկ Մարտիրոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս