Իմիտացիա՞, թե ընդվզում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱրմենՏելի» նախկին գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի հանդեպ հայտարարված հետախուզման մասին տեղեկությունը, որ հայաստանյան մեդիայում հրապարակվեց նախօրեին, բավական ուշագրավ է ոչ միայն զուտ որպես խոշոր ընկերության նախկին թոփ-մենեջերի հանդեպ հարուցված քրեական գործ, այլ նաև որպես բավական լայն երանգներ պարունակող իրադարձություն
Խնդիրն այն է, որ Կլիմկոյի դեմ Հայաստանում հարուցված քրեական գործի և նրա հանդեպ հետախուզման մասին տեղեկությունը հրապարակվում է քրեական գործի հարուցումից մի քանի ամիս հետո, ընդ որում՝ բավական հետաքրքրական տնտեսա-քաղաքական ժամանակահատվածում:
Օրինակ, երբ Արգենտինայի մամուլին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը դժգոհություն է հայտնում Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումից՝ ասելով, որ Հայաստանի ժողովուրդը մտահոգված է դրանով:
Կարծեք թե Հայաստանի իշխանությունները հիշյալ թեմայով մինչ այդ միայն զբաղված են եղել Ռուսաստանի քայլերն արդարացնելով, իսկ այսօր հանկարծ, Սերժ Սարգսյանի մակարդակով, այն էլ՝ հեռավոր Լատինական Ամերիկայում, հնչում է դժգոհություն: Եվ ահա այս ֆոնին էլ հրապարակվում է ռուսական ընկերության թոփ-մենեջերի հանդեպ հարուցված քրեական գործի և հետախուզման մասին տեղեկությունը:
Պատահակա՞ն է արդյոք, որ մի քանի ամիս հարուցված քրգործը հրապարակային է դառնում հենց Սերժ Սարգսյանի հայտարարությանը զուգահեռ: Եթե նույնիսկ պատահական բաներ լինում են այդ մակարդակներում, ապա պատահականությունը իսկապես խսուն ու խորհրդանշական է: Խոսուն ու խորհրդանշական է նաև մեկ այլ իրողության՝ էլեկտրաէներգիայի թանկացման համատեքստում: Այդ գործընթացում պարզ դարձավ, որ Հայաստանի էներգետիկ համակարգը, որ գրեթե ամբողջությամբ ռուսական ընկերություններինն է, հասել է ճգնաժամի, և ֆինանսական ճեղքվածք կա, որը փակելու համար էլ կատարվում են թանկացումները:
Եվ այստեղ, բնականաբար, հարց է առաջանում՝ իսկ գուցե այդ ընկերություննե՞րն էլ կառավարվում են այնպես, ինչպես Կլիմկոն «Բիլայն»-«ԱրմեՏելն» է կառավարել, այսինքն՝ միլիարդների չարաշահումով, ինչն էլ էներգետիկ համակարգը հանգեցրել է կոլապսի:
Այսինքն՝ էներգետիկ համակարգի ֆոնին էլ Կլիմկոյի դեպքը գալիս է բարձրաձայնելու Հայաստանում ներկայացված ռուսական խոշոր ընկերությունների կառավարման որակների հարցը: Մինչդեռ խոսքը վերաբերում է Հայաստանում ռազմավարական ոլորտներին՝ հեռահաղորդակցություն և էներգետիկա: Իսկ Հայաստանի էլցանցերի ռուս կառավարիչը հայտարարում է հանրությանը, թե՝ ձե՞զ ինչ՝ ես որքան աշխատավարձ եմ ստանում: Կլիմկոն էլ երևի նույնը կասեր նույն հաջողությամբ: Արդյունքում, սակայն, այդ «ձե՞զ ինչ»-ի համար վճարում է Հայաստանի հասարակությունը, վճարում է Հայաստանը՝ որպես պետություն, որն էլ հասել է պետական սնանկության եզրին, սնանկություն, որը սպառնում է արդեն անվտանգությանը: Եվ գուցե հենց անվտանգության սպառնալիքի, այսպես ասած, կարմիր գծին հասնելն է, որ Հայաստանի իշխանություններին ստիպել է, կորցնելու բան այլևս չունենալով, թեկուզ փոքր, թեկուզ ավելի շատ իմիտացիա, քան իրական ընդվզում կամ ըմբոստություն թվացող քայլեր կատարել Ռուսաստանի գործողությունների դեմ:
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։