Աղբյուրի պահանջ. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Երբ մեր լրատվամիջոցում չինովնիկների կամ օլիգարխների մասին բացասական տեղեկատվություն է հրապարակվում, լուրի «հերոսները» սովորաբար չեն պնդում, որ դա սուտ է, հերքումն էլ նրանց առանձնապես չի հետաքրքրու»:

Միակ հարցը, որն այդ պարագայում նրանց մոտ ծագում է, հետեւյալն է` ո՞րն է տեղեկատվության աղբյուրը: Մոտ 20 տարի խմբագիր աշխատելով՝ ես առավել հաճախ լսել էլ հենց այդ խնդրանքը. «Ինձ հերքում-մերքում պետք չի, դու ինձ մենակ ախպերավարի ասա` էդ գործը, էդ զակազը իմ դեմ ո՞վ ա տվե»:

Այս հարցն ունի իր տրամաբանությունը: Պաշտոնյաների եւ հարուստների միջավայրում ընդունված բարքերն այնպիսին են, որ նրանք մի կողմից՝ իրար փաթաթվում են խնջույքների սեղանի շուրջ, մյուս կողմից` իրար տակ են փորում եւ իրարից բամբասում են` այդ սեղաններից դուրս: Եվ այդ մարդիկ, հավանաբար, խնդիր ունեն իմանալու, թե որտեղի՞ց է գալիս վտանգը եւ իրենց «բաժակի ընկերներից» ո՞ր մեկն է դավեր նյութում:

Ահա թե ինչի համար է նրանց, որպես կանոն, պետք լինում տեղեկատվության աղբյուրի բացահայտումը: Բայց դա մեր` լրագրողներիս խնդիրը չէ: Մենք ընդամենը տեղեկատվություն ենք հաղորդում:

Իհարկե, ցանկալի է այն ստուգել. եթե Պողոսը, ցանկանալով անհայտ մնալ, ինֆորմացիա է հաղորդում իր «բաժակի ընկեր» Պետրոսի մասին, ապա մենք կարող ենք ենթադրել, որ նա շահագրգռված անձ է, եւ լավ կլինի գտնել ինչ-որ մի Կիրակոսի, որն այդ լուրը կհաստատեր:

Բայց հաստատում չստանալու դեպքում էլ դա արժե հրապարակել` ստանալով Պետրոսի պարզաբանումը: Այս «վերնախավի» ներկայացուցիչները պետք է հասկանան, որ իրենք հանրային դեմք են, եւ նրանց նկատմամբ հետաքրքրությունը բնական է, կարելի է ասել՝ այն գինն է, որն իրենք վճարում են իրենց ճոխ կյանքի համար:

Այդ մարդիկ ուզում են անարգել վայելել այս կյանքը, որպեսզի ոչ ոք իրենց անհանգստություն չպատճառի: Դատախազները, դատավորները իրենց գրպանում են, նրանք մի թիմ են, մի, այսպես ասած, գրասենյակ:

Բոլոր գործիքները հանգիստ կյանք ապահովելու համար կան: Մնում է մտածել մեթոդների մասին: Կարելի է, իհարկե, զրպարտության համար դատի տալ եւ 6 միլիոն դրամ պահանջել: Բայց ամեն մի նման դատավարության ժամանակ «զրպարտված» եւ «նեղացած» օլիգարխի կամ պաշտոնյայի անունը «հոլովվում» է բոլոր լրատվամիջոցների կողմից:

Այն նոր տարբերակը, որը հիմա է ընտրվել՝ լրատվամիջոցից դատարանի միջոցով տեղեկատվության աղբյուրի բացահայտումը պահանջելը, ավելի «անվտանգ է»՝ իբր «նեղացածի» դեմ գործ է հարուցվել, եւ իբր այդ գործի շրջանակներում անհրաժեշտ է պարզել, բացահայտել, թե ով է համարձակվել այդ անբիծ մարդու մասին տեղեկատվություն հաղորդել:

Հասարակության համար այս տարբերակը զգալիորեն ավելի վտանգավոր է, որովհետեւ ուղղված է նրան, որ լրատվամիջոցներն իրենց մասին ընդհանրապես որեւէ լուրջ տեղեկատվություն չհաղորդեն: Որովհետեւ եթե մի որեւէ լրագրող կամ խմբագիր սխալվի եւ հրապարակի իր տեղեկատվության աղբյուրը, նա վատություն կանի ոչ միայն իր լրատվամիջոցին, այլեւ բոլոր մնացած լրագրողներին եւ խմբագիրներին: Չէ՞ որ այդ դեպքում մեզ ոչ ոք տեղեկատվություն չի վստահի:

Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։

 

Տեսանյութեր

Լրահոս