Բաժիններ՝

«Ոսկե ծիրանը» կմեկնարկի հուլիսի 13-ին. Ինչ նորությունն են սպասվում այս տարի

Երկու օր անց՝ հուլիսի 13-ին, Ծիրանօրհնեքի ավանդական արարողությամբ կմեկնարկի «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը: Փառատոնի 11-րդ մեկնարկին ընդառաջ՝ այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ համատեղ մամուլի ասուլիս՝ Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանի և նախագծի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանի մասնակցությամբ, որոնք:

Արամ Սուքիասյանն ասաց, որ իրենք ամեն տարի մեծ ոգևորությամբ են սպասում փառատոնին՝ որպես խոշոր իրադարձություն.«Երևանի քաղաքապետարանը ձեռնամուխ է եղել մի շարք նախաձեռնությունների, որպեսզի հավուր-պատշաճի ընդունի-ճանապարհի այն մարդկանց, ովքեր հյուրընկալվելու են Երևան քաղաքում: Ինչպես գիտեք, այցելում են բազմաթիվ հեղինակավոր անձինք, կինոգործիչներ, որոնց՝ Երևան քաղաքում լինելը մեզ համար մեծ ոգևորություն է, հպարտություն և պարտավորություն: Տարիների փորձը ցույց է տվել, որ նրանք իրենց հետ տանում են Երևանից մի մասնիկ, կայկական ոգի, զգացողություններ և դրանով իսկ հայ մշակույթը տարածում այլ միջավայրերում, նպաստում հայկական կինոյի զարգացմանն ու տարածմանը»:

Ծիրանօրհնեքի արարողությանը կհաջորդի Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի պաշտոնական բացումը «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում, որին ներկա կլինեն ինքը՝ լուսանկարիչ Յուրի Գարմաշը, փառատոնի հյուրերը, մասնակիցները, ինչպես նաև Փարաջանովի արվեստի սիրահարները: Նույն կինոթատրոնում կկայանա նաև փառատոնի բացման ֆիլմի՝ Փարաջանովի լեգենդար «Նռան գույնը» ստեղծագործության ցուցադրությունը: Ֆիլմի դիտմանը կհաջորդի փառատոնի բացման պաշտոնական արարողությունը Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Բացման արարողությունն իր ելույթով կպատվի հայազգի աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը: Փակման արարողությունը և մրցանակաբաշխությունը ևս տեղի կունենան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Երեկոյին ելույթ կունենան աշխարհահռչակ ջազ երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը և անվանի ջազ երաժիշտ, ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը:

Հարություն Խաչատրյանի խոսքով՝ Փարաջանովին նվիրված ծրագրի համատեքստում մեկնարկելու է նոր՝ «Ծիրանի ծառ» խորագիրը կրող նախաձեռնությունը.«Օրակարգը կներառի Փարաջանովի վերաբերյալ կլոր-սողան քննարկումներ, գիտական զեկույցներ, Փարաջանովին նվիրված ֆիլմերի ցուցադրություններ : Ծրագիրն իրականացվում է «Ժողովրդական արվեստի հանգույց» կրթամշակութային հիմնադրամի հետ համատեղ»:
«Ոսկե ծիրանն» այս տարի հանդիսատեսի համար կցուցադրի շուրջ 300 ֆիլմ աշխարհի 49 երկրներից: Տեղի կունենան նաև կարևորագույն կինոփառատոնների հաղթող ֆիլմերի երևանյան պրեմիերաները: Փառատոնի ֆիլմերը կներկայացվեն մրցութային և արտամրցութային տարաբնույթ ծրագրերով: Մասնավորապես՝ մրցութային ծրագիրը կկայանա ավանդական չորս՝ Միջազգային խաղարկային, Միջազգային վավերագրական, Հայկական համայնապատկեր և «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի անվանակարգերում: Արտամրցութային ծրագրերը կներկայացվեն ավանդական Երևանյան պրեմիերաներ, հետահայաց ցուցադրություններ, Հարգանքի տուրք, «Հայեր.Հայացք դրսից և ներսից», «Ֆիլմեր առանց սահմանների», ինչպես նաև այս տարի առաջին անգամ իրականացվող «Սոցիալական փոփոխությունների կինո», «Նոր գերմանական կինո» և «Ուկրաինական պոետիկ կինո» ծրագրերը:

Կարդացեք նաև

Փառատոնի օրակարգում տեղ կգտնի նաև արդեն ավանդական դարձած խիստ կարևոր և պատվաբեր մեկ այլ նախաձեռնություն՝ Հայ առաքելական եկեղեցու կողմից հիմնված հատուկ «Եղիցի լույս» մրցանակի շնորհումը մեծանուն մեկ կինոգործչի՝ հոգևոր, մշակութային և մարդասիրական արժեքների քարոզչության և համաշխարհային կինոարվեստում բերած նշանակալի ավանդի համար: Մրցանակը կհանձնի Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդը Մայր աթոռ Սբ. Էջմիածնի Արարողությունների սրահում: Այս տարի «Եղիցի լույս»-ը կշնորհվի լեհ մեծանուն կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսսիին: Նախկինում այս մրցանակին են արժանացել Արտավազդ Փելեշյանը և Ալեքսանդր Սոկուրովը:

Փառատոնի շրջանակում կկայանա «Ռեժիսորներ առանց սահմանների» տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորումը, որտեղ ներկայացված է 14 կինոնախագիծ, և Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը, որտեղ կներկայացվեն 10 կինոնախագծեր:

Փառատոնային միջոցառումները տեղի կունենան «Մոսկվա», «Նաիրի», «Սինեմա Սթար» կինոթատրոններում, Մալյանի անվան թատրոնում, Պողոսյան այգիներում, ինչպես նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում և «Ժողովրդական արվեստների» հանգույց կենտրոնում: Արամ Սուքիասյանի խոսքով՝ հուլիսի 14-ից ամեն օր՝ ժամը 21:00-ից, Կարապի լճի տարածքում ևս կլինեն ֆիլմերի ցուցադրություններ: Դրանք կլինեն հատկապես այն քաղաքացիների համար, ովքեր հնարավորություն չեն ունենա մուտք գործել կինոդահլիճներ:

Հարություն Խաչատրյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Երևանի քաղաքապետարանին, Մշակույթի նախարարությանը և «Vivacell-MTS» ընկերությանը՝ իրենց աջակցելու և հովանավորելու համար: Նա նշեց, որ «Ոսկե ծիրան»-ն ավանդաբար հավատարիմ է մեր քաղաքի արդեն իսկ հագեցած մշակութային կյանքը հարստացնելու, ինչպես նաև Երևանը տարածաշրջանային մշակութային կենտրոն դարձնելու պետականորեն մշակվող ծրագրի իրականացմանն աջակցելու իր առաքելությանը.«Ի սկզբանե հիմնադրվելով որպես երևանյան իրադարձություն՝ «Ոսկե ծիրանը» ուրախ է Երևանը աշխարհի մեծագույն կինոգործիչներին ներկայացնելու, ինչպես և համաշխարհային կինոարվեստի լավագույն նմուշները մեր քաղաքում ցուցադրելու համար»:

Աստղիկ Իսկանդարյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս