Այս փուլում Ռուսաստանին ձեռնտու չէ լարվածության նոր օջախը Ղարաբաղի շուրջ. Jane’s Intelligence. 1in.am

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը:

-Վերջին օրերին բավական լարված է իրավիճակը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: Տեսակետներ են հնչում, որ դեստաբիլիզացիան ԼՂ հակամարտության շուրջ Ռուսատանի պատասխանն է Արևմուտքին այն բանի համար, որ Արևմուտքը փորձում է այլընտրանքային ռեսուրսներ գտնել ռուսական էներգակիրների փոխարեն: Հիմնական պնդումն այն է, թե Ռուսաստանը փորձում է հասկացնել, որ ադրբեջանական գազատարներն իր կամքով մեկ ակնթարթում կարող են հայտնվել կրակահերթերի տակ: Իրատեսակա՞ն են նման համեմատությունները:

-Ըստ իս՝ ոչ: Բավական հավակնոտ տեսակետ է, որը ես անիմաստ եմ համարում մի քանի պատճառներով: Առաջինը՝ պետք չէ ԼՂ հակամարտությունը կապել Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի նոր պատժամիջոցների հետ էներգետիկ ոլորտում: Ես չեմ հերքում՝ Ադրբեջանը որոշակի դերակատարություն ունի Եվրոպայի էներգետիկ շուկայում, սակայն այդ դերակատարությունը Ռուսաստանի համեմատ չնչին է: Ասեմ, որ «Հարավային հոսք» գազատարի նախագծի իրագործման դեպքում Ռուսաստանը կկարողանա շուրջ 63 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարել Եվրոպա, իսկ Ադրբեջանը «Շահ Դենիզ» նախագծերով հասցնում է միայն տասը միլիարդ խորանարդ մետր: «Հյուսիսային հոսքը» երկու-երեք գազամուղ ունի, և նույնիսկ անիմաստ է ռուսական էներգետիկ կարողությունն Ադրբեջանի էներգետիկ կարևորության հետ համեմատելը:

Ռուսաստանը կարիք չունի պայթեցնելու գազամուղն իր կարևորությունը շեշտելու համար: Էներգետիկ պայմանագիր գոյություն ունի Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, Ադրբեջանի գազի մի մասը ռուսական գազամուղով է վաճառվում, ռուս-ադրբեջանական էներգետիկ հարաբերությունները շատ լավ վիճակում են։ Կարիք չկա վնասելու այդ հարաբերությունները, Ռուսաստանի համար ԼՂ հակամարտությունն արդեն իսկ խնդիր է, կարիք չկա նորը ստեղծել:
Այս լարվածության պատճառն, ըստ իս, այլ տեղ պետք է փնտրել: Վերջին զարգացումները պարզապես Ադրբեջանի նյարդայնության արդյունքն են, որովհետև Բաքուն փորձում է հասկացնել Արևմուտքին և Ռուսաստանին, որ իրենք պատրաստ են դիմակայել ցանկացած շարժման, իրենք կդիմադրեն ցանկացած որոշման, ԼՂ հարցում, որտեղ ինքնորոշման սկզբունքը կգերադասվի տարածքային ամբողջականության սկզբունքին, որ Ղրիմն իրենց համար անընդունելի է: Եթե ՌԴ-ն խոսում է ինքնորոշման սկզբունքի մասին, ադրբեջանցիները փորձում են լարվածության միջոցով ցույց տալ, որ Ղրիմը մասնավոր դեպք է, և ԼՂ-ի դեպքում զիջման չեն գնա և պատրաստ են պահել ստատուս քվոն: Ռուսաստանը պատրաստ չէ օգնել այս երկու երկրներին հիմա, Բաքուն, ճիշտ է, նյարդայնացած է, բայց կարիք չկա անհանգստանալու: Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքն էլ ազդանշան էր Արևմուտքին և տարածաշրջանին այն մասին, որ Ռուսաստանը չի պատրաստվում ԼՂ հակամարտությունը լուծել Ղրիմի սցենարով: Ռուսաստանը շահագրգռված չէ ԼՂ-ի դեպքում այդ սցենարով:
Ադրբեջանն աշխատում է պահպանել իր լավ հարաբերությունները Ռուսաստանի հետ, ՄՄ անդամների, Ղազախստանի հետ, որպեսզի պահպանի ԼՂ հակամարտության ստատուս քվոն, այսինքն՝ այն, ինչ կար նախկինում: Չեմ կարծում, թե Ռուսատանը կարիք ունի ևս մեկ անգամ հիշեցնել, որ կարևոր է Արևմուտքի համար էներգետիկ ոլորտում, իսկ Արևմուտքը ախորժակ չունի նոր հակամարտության մեջ ներգրավվելու:

-Ձեր մատնանշած կոնտեքստում բավական ինտենսիվացել են ռուս-ադրբեջանական բարձր մակարդակի շփումներն, ու տեսակետներ են շրջանառվում, որ Ռուսաստանն առաջարկում է Ադրբեջանին Ղարաբաղի շուրջ Հայաստանի ազատագրած շրջաններից երեքի վերադարձը՝ որպես կանխավճար Ադրբեջանի՝ եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին մասնակցության դիմաց:

-Չգիտեմ, թե որքանով են շահարկումները ճիշտ, որովհետև ես պաշտոնական հայտարարություն չեմ տեսել։ Եթե կան առաջարկություններ, ապա գուցեև դրանք ներքին խոհանոցային խոսակցություններ են: Եթե նման տարբերակ Ադրբեջանն ընդունի, գուցե դա կլինի կոմպրոմիս, կլինի հակամարտության լուծման ինչ-որ մի տարբերակ, այս դեպքում ԼՂ-ն կստանա ճանաչում Ադրբեջանի կողմից: Իսկ եթե Ռուսաստանը սա մանրադրամ է դիտարկում, ապա բնակչությունն իր որոշումը կթելադրի: Եթե նույնիսկ մեր իշխանություններն ի վիճակի չեն Ռուսաստանի ներկայիս իշխանություններին դիմակայել, Ռուսաստանը պետք է այդ հարցը լուծի, այսինքն՝ հաշվի նստի ՀՀ բնակչության հետ: Ծայրահեղ շահարկում է սա, եթե այդպես լինի, կդեստաբիլիզացվի տարածաշրջանը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս