Դատական երկաստիճան համակարգի ձևավորումն այլընտրանքային լուծումներից մեկն է. Գագիկ Ղազինյան

«168 Ժամը» սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի մասին զրուցել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի հետ։

– Նախագծում խոսվում է Արդարադատության խորհրդի մասին: Ներկայումս դրա կազմում ընդգրկված են գործող 9 դատավորներ: Որքանո՞վ է արդարացված նրանց անդամակցությունն Արդարադատության խորհրդում. հաճախ է տեսակետ հնչում, որ նրանք չեն կարող օբյեկտիվ լինել իրենց գործընկեր դատավորներին առնչվող հարցերում: Այդ առումով ի՞նչ է նախատեսվում անել սահմանադրական բարեփոխումների շրջանակներում:

– Դատական իշխանության անկախության, նրա հաշվետու լինելու, արդյունավետ աշխատանքի մասին խոսելիս առաջին հերթին` պետք է մտածել նրա անկախության հիմնական երաշխավորի` ՀՀ Արդարադատության խորհրդի մասին: Այդ առումով բացառիկ կարևորություն է ձեռք բերում Արդարադատության խորհրդի սահմանադրաիրավական կարգավիճակի այնպիսի հստակեցումը, որի արդյունքում վերջինս ամբողջությամբ կկարողանա իրացնել իր սահմանադրական առաքելությունը: Գործող Սահմանադրության համաձայն` Արդարադատության խորհուրդը կազմված է 13 անդամից, որոնցից 9-ը գործող դատավորներ են` դատական համակարգի բոլոր օղակներից, 4-ը` իրավաբան-գիտնականներ: Արդարադատության խորհրդի նիստերն առանց քվեարկելու իրավունքի վարում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը: Փաստացի, արդարադատության խորհրդի կազմում 10 գործող դատավոր և 4 իրավաբան-գիտնական կա: Հաշվի առնելով ԱԽ խնդիրները, նպատակները և նրա սահմանադրաիրավական կարգավիճակը` ակնհայտ է, որ այս պայմաններում այն, ըստ էության, չի կարող պատշաճ մակարդակով կատարել իր վրա դրված առաքելությունը: Խոչընդոտող պատճառները մի քանիսն են:
Առաջինն ԱԽ-ին առնչվող սահմանադրական կարգավորման բնագավառում առկա խնդիրներն են: Ըստ Սահմանադրության` ԱԽ անդամ 9 դատավորներն ընտրվում են դատավորների ընդհանուր ժողովի կողմից` 5 տարի ժամկետով, իսկ երկուական իրավաբան-գիտնականները 5 տարի ժամկետով նշանակվում են ՀՀ Ազգային ժողովի և Հանրապետության նախագահի կողմից: Օբյեկտիվորեն դատավորների մասնակցությունն ԱԽ գործունեությանն անհրաժեշտ է, քանի որ վերջինս դատական իշխանության համակարգի անկախությունը, արդյունավետ գործունեությունը երաշխավորող և ապահովող կառույց է: Սակայն դա չի նշանակում, որ Արդարադատության խորհուրդը պետք է վերածվի դատական իշխանության ինքնաբավությունն ապահովող կառույցի: Այստեղից խնդիր է առաջանում, թե ի՞նչ կարգավիճակով դատավորները պետք է մասնակցեն ԱԽ աշխատանքներին, և արդյո՞ք ԱԽ-ին առնչվող գործող սահմանադրաիրավական կարգավորումն ընդհանուր առմամբ բխում է նրա նպատակներից: Միանգամից ասեմ` ոչ: Պատճառները ինչպես` օբյեկտիվ են, այնպես էլ` սուբյեկտիվ: Առաջին հերթին հարկ է նկատի ունենալ, որ դժվար է պահանջել գործող դատավորներից, որպեսզի նրանք լինեն բացարձակ օբյեկտիվ իրենց գործընկերների նկատմամբ` առնչվի դա առաջխաղացման ցուցակներում ընդգրկվելո՞ւ, կարգապահական պատասխանատվությա՞ն ենթարկելու, թե՞ այլ հարցերի: Ավելին, կան մի շարք այլ գործոններ ևս, որոնք հաճախ ի չիք են դարձնում այն սպասելիքները, որոնք կան ԱԽ-ից վերջինիս առաքելության առումով: Մասնավորապես, խոսքն անդամ իրավաբան-գիտնականների և գործող դատավորի թվի հարաբերակցության մասին է: Եթե նույնիսկ տեսականորեն ընդունենք, որ չորս իրավաբան-գիտնականները չեզոք, մասնագիտական անհրաժեշտ որակներով օժտված սուբյեկտներ են, և չկան օբյեկտիվ հիմքեր նրանց սուբյեկտիվության մեջ կասկածելու համար (չնայած, բոլոր դեպքերում, եթե մի բան կախված է մարդուց, ապա արդեն իսկ սուբյեկտիվ գործոնն առկա է), գործող դատավորների և իրավաբան-գիտնականների թվի առկա հարաբերակցության պայմաններում ստացվում է մի վիճակ, որ վերջինների մասնակցությունը ԱԽ գործունեությանը հաճախ ձևական բնույթ է կրում: Կարծում եմ, որ Արդարադատության խորհրդում հարցերի քննարկման ժամանակ օբյեկտիվություն և հավասարակշռություն ապահովելու նպատակով հարկ է քննարկել նաև Արդարադատության խորհրդի անդամների մի մասին կենսաթոշակի անցած, փորձառու, որակյալ, պարկեշտ դատավորների թվից նշանակելու հարցը: Մեզ մոտ դատավորները պաշտոնավարում են մինչև 65 տարեկանը: Կարծում եմ, որ շատ դեպքերում դա անձի գործունեության ծաղկուն շրջանն է, մինչդեռ մենք նրան թոշակի ենք ուղարկում, և վերջինիցս չենք ստանում այն, ինչ անձն իր փորձի ու մասնագիտական որակների պայմաններում կարող էր տալ հասարակությանը: Առաջարկվում է քննարկել նաև գործող դատավորների` Արդարադատության խորհրդին անդամակցության հարցը, սահմանափակել այն մեկ անգամով` 2-3 տարի ժամկետով: Նպատակահարմար ենք համարում նաև այդ ընթացքում կասեցնել վերջիններիս` դատավորի կարգավիճակում գործունեությունը, ինչը ևս որոշակիորեն կարող է դրականորեն ազդել Արդարադատության խորհրդում նրանց գործունեության վրա: Հաջորդ կարևոր հանգամանքը, որին կցանկանայի անդրադառնալ հիշյալ համատեքստում, այն է, թե քննարկվող հարցի տեսանկյունից ում պետք է համարել իրավաբան-գիտնական: Իհարկե, հարցը սահմանադրական լուծում չի պահանջում, սակայն այն կարևոր է, քանի որ այսօր տարածված մեկնաբանության համաձայն` եթե անձն ունի գիտական աստիճան, ապա նա համարվում է իրավաբան-գիտնական` անկախ փաստացի գործունեության ոլորտից, ինչը, բնականաբար սխալ է: Կարծում եմ, որ իրավաբան-գիտնական ասելով` այս համատեքստում պետք է հասկանալ այն անձանց, ովքեր զբաղվում են գիտությամբ, իրենց գործունեությունը ծավալում են առավելապես կրթության կամ գիտության բնագավառում: Գտնում եմ, որ հետագա բարեփոխման կարիք ունի նաև այն սահմանադրաիրավական կարգավորումը, համաձայն որի` Արդարադատության խորհրդի նիստերը վարում է վճռաբեկ դատարանի նախագահը: Իրավիճակն այնպիսին է, որ ցանկացած մեկը, ով հանդես գա այդ կարգավիճակում, այն է` լինելով վճռաբեկ դատարանի նախագահ` նախագահի ԱԽ նիստերը ներկայիս կազմով (թեկուզ առանց քվեարկության իրավունքի), չի կարող առնվազն ենթագիտակցական առումով չեզոքություն դրսևորել Արդարադատության խորհրդում հարցերի քննարկման և լուծման տեսանկյունից, և տվյալ պարագայում բացարձակ կապ չունի վերջինիս անձը: Կարծում եմ, որ վճռաբեկ դատարանի նախագահն ընդհանրապես չպետք է գործ ունենա այս խորհրդի գործունեության, մասնավորապես` վերջինիս նիստերը վարելու հետ: Հետևաբար, ճիշտը, կարծում ենք, Արդարադատության խորհուրդը ղեկավարելու ռոտացիոն կարգի սահմանումն է: Կարծում եմ` սահմանադրական բարեփոխումների համատեքստում այս առաջարկներն ընդունվելու պարագայում կստեղծվեն այն նախադրյալները, որոնք հնարավորություն կտան Արդարադատության խորհրդին պատշաճ մակարդակով իրականացնելու իր առաքելությունը:
– Առաջարկներից մեկն էլ առաջին ատյանի դատարանների կազմում ինքնուրույն դատական օղակի ստեղծումն է, որը մասնագիտացված գործառույթ կկատարի` օրինակ` վերահսկողությունը մինչդատական վարույթի նկատմամբ: Ի՞նչ ազդեցություն կարող է այն ունենալ արդարադատության որակի վրա:

– Առաջին ատյանի դատարանների կազմում ինքնուրույն դատական օղակի ստեղծումը, որի հիմնական լիազորությունը պետք է լինի վերահսկողության իրականացումը մինչդատական վարույթի նկատմամբ, այն հարցն է, որի վերաբերյալ սկզբունքորեն տարակարծություն չկա: Այսօր դատարաններում տարեկան քննվում է 19-21 հազար քրեական գործ: Դրանցից առաջին ատյանի դատարաններում, ըստ էության, քննվող գործերի քանակը մոտ 4 հազար է, մնացած 15-17 հազարը դատարանի կողմից տարբեր վերահսկողական լիազորությունների իրականացումն է: Խոսքը վերաբերում է որոշ խափանման միջոցների ընտրության, առանձին քննչական գործողությունների (խուզարկության, հեռախոսային խոսակցությունները լսելու թույլտվություններ տալու), ինչպես նաև վարույթն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների դեմ բերվող բողոքների քննության առումով իրականացվող դատական վերահսկողությանը: Սահմանադրության և 1998թ. Քրեական դատավարության օրենսգրքի ընդունումից հետո առաջին անգամ ներդրվեց այս ինստիտուտը, այն է` դատարանը ներգրավվեց մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողության ոլորտ` որպես արբիտր` ապահովելու համար օբյեկտիվություն հիշյալ հարցերի քննության ընթացքում: Սակայն փաստացի արդյունքն այժմ այնպիսին է, որ փոփոխություններից հետո նույնպես իրավիճակը լուրջ փոփոխությունների չի ենթարկվել: Մասնավորապես, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունների մոտ 95 տոկոսը բավարարվում է դատարանների կողմից: Տվյալ պարագայում պարզապես նշեմ, որ երբ նախկինում կալանքի սանկցիա տալիս էր դատախազը, բավարարվում էր միջնորդությունների շատ ավելի քիչ տոկոսը: Ավելին, շատ հաճախ դատարաններն առանց բավարար հիմքերի` օբյեկտիվ և սուբյեկտիվ տարբեր պատճառներով, բավարարում են կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունները: Այդ պատճառները տարատեսակ են, մասնավորապես` քրեական գործի բոլոր նյութերին ծանոթանալու ժամանակ չունենալու, պրոֆեսիոնալ չլինելու հանգամանքը (հաճախ կալանքի միջնորդությունները քննում են քաղաքացիական գործեր քննող դատավորները), քննչական մարմինների և Դատախազության հետ կոնֆլիկտի մեջ չմտնելու ցանկությունը: Պատճառներից է նաև այն հանգամանքը, որ դատավորները հաճախ վախենում են, որ միջնորդությունը չբավարարելու դեպքում անձը կարող է խուսափել արդարադատությունից, և նման իրավիճակում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարց կառաջանա: Այս բոլորը հաշվի առնելով` հանձնաժողովը հանգեց այն եզրակացության, որ առաջին ատյանի դատարանում պետք է մի օղակ, որի հիմնական գործառույթը կլինի մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության իրականացումը: Միևնույն ժամանակ հարկ է նկատի ունենալ, որ դատարանի հիմնական առաքելությունը, ըստ էության, արդարադատության իրականացումն է. մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողությունը ևս դատական գործառույթ է, բայց ոչ դասական առումով արդարադատության իրականացում: Հետևաբար` կարծում եմ, որ նշված դատարանը կարող է նաև ըստ էության քննել այնպիսի գործեր, որոնց սանկցիաները նախատեսում են ազատազրկման հետ չկապված պատժատեսակներ: Տվյալ պարագայում դատարանը հանդես չի գա` որպես զուտ մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին, այլ ամբողջական առումով կիրականացնի նաև Սահմանադրությամբ նախատեսված իր հիմնական առաքելությունը, այն է` արդարադատություն:

Կարդացեք նաև

– Նախագծում նշվել է, որ քննարկման առարկա է նաև երդվյալ ատենակալների մասնակցությամբ դատավարությունների անցկացումը: Կարծիք կա, որ այդ ինստիտուտը ներդնելով` կարող ենք գումար ծախսել և արդարադատության առումով ոչինչ չշահել:

– 1995թ. խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության մեջ դրույթ կար, համաձայն որի` օրենքով սահմանված դեպքերում դատավարությունն իրականացվում է երդվյալների մասնակցությամբ: Բայց քանի որ օրենքով չնախատեսվեցին այդ դեպքերը, նորմը փաստացի չգործեց, դարձավ, այսպես կոչված, «մեռած նորմ», որպիսիք իրականում չեն կարող պահպանվել Հիմնական օրենքում: Այդ էր պատճառը, որ 2005թ. սահմանադրական բարեփոխումների արդյունքում հիշյալ դրույթը հանվեց Սահմանադրության տեքստից: Կարծում եմ, որ խնդրահարույց է այսօր գոյություն ունեցող իրավիճակը, երբ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով, որոնց համար նախատեսված է առավելագույն պատիժ, դատավորը քննում է միայնակ: Աշխարհում հնարավոր չէ գտնել որևէ քաղաքակիրթ երկիր, որտեղ բոլոր գործերը, առանց բացառության, քննվում են մեկ դատավորի կազմով: Տարբեր իրավական համակարգերում այդ հարցի տարատեսակ լուծումներ են գտնվել: Օրինակ` կախված արարքի ծանրության աստիճանից` գործը կարող է քննվել մեկ դատավորի և երկու ատենակալի, մեկ դատավորի և հինգ ատենակալի, 3 պրոֆեսիոնալ դատավորի կազմով, երդվյալների մասնակցությամբ, և այլն: Այս փուլում երդվյալների մասնակցության հարցը նորից բարձրացվեց, և դրա հիմնական պատճառն այն է, որպեսզի դատարանի կողմից նշված գործերով որոշումներ կայացնելիս ապահովվի նաև հասարակության մասնակցությունը, և այդ առնչությամբ պատասխանատվությունը դատարանը կիսի հասարակության հետ: Իմ համոզմամբ` երդվյալների ինստիտուտն արդյունավետ կարող է գործել հասարակության զարգացման երկու աստիճաններում: Առաջին, երբ հասարակության մեջ իրավագիտակցության մակարդակը բավականին ցածր է, և երկրորդ, բարձր իրավագիտակցության պայմաններում, երբ քաղաքացիական պարտքը վեր է դասվում ազգակցական, արյունակցական և այլ կապերից: Մենք միջին մակարդակում ենք, որտեղ կարող է նույնիսկ հակացուցված և ռիսկային լինել նման իրավակարգավորման նախատեսումը: Սակայն Սահմանադրության մեջ այն նախատեսելու դեպքում, փորձնական կարգով, որոշակի ժամանակամիջոցով, օրենքով այն կարող է նախատեսել, ասենք, այնպիսի հանցագործությունների քննության դեպքում, որոնց համար օրենքով նախատեսված է առավելագույն պատիժ: Այդպիսի հանցագործությունների թիվը բավականին փոքր է տարվա կտրվածքով, ուստի փորձարկման համար հնարավոր կլինի երդվյալների ինստիտուտը կիրառել այդ գործերով:

– Քննարկման առարկա է նաև դատական ատյանների քանակի կրճատման, այն է` դատական երկաստիճան համակարգին անցում կատարելու հարցը: Արդյունավե՞տ եք համարում նման զարգացումները:

– Դատական երկաստիճան համակարգի ձևավորումը հայեցակարգի հրապարակված նախագծի այլընտրանքային լուծումներից մեկն է: Վերջինիս համար բերվող հիմնավորումները հետևյալն են` ունենք փոքր պետություն, փոքր ազգաբնակչություն, մեծ շռայլություն է եռաստիճան դատական համակարգ ունենալը: Դատական ատյանների քանակի կրճատմանն առնչվող առաջարկի ներկայացման հաջորդ պատճառը, կարծում եմ` այն է, որ մինչև այժմ հստակեցված չէ սահմանադրական մակարդակով ՀՀ վճռաբեկ դատարանի տեղը մեր դատական համակարգում: Հետևաբար, տվյալ իրավիճակում խնդիր է դրվել` լրջորեն կատարելագործել գործող համակարգը` առաջին հերթին հստակեցնելով վճռաբեկ դատարանի` սահմանադրական լիազորություններով պայմանավորված կարգավիճակը, վերջինիս կողմից բողոքը քննության ընդունելուն առնչվող հարցերը, և այլն: Եթե քննարկումների արդյունքում պարզ դառնա, որ նույնիսկ այդ բարեփոխումների պարագայում հնարավոր չէ ամբողջությամբ լուծել վերը նշված խնդիրները, նոր միայն կարող է քննարկվել հարցի լուծման այլընտրանքային տարբերակը:
Զրուցեց ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Տեսանյութեր

Լրահոս