Մարզերի բնակչության բարեկեցության վարկանիշը
«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնը ՀՀ կառավարության պատվերով հետազոտություն է կատարել «Մարզերի բնակչության բարեկեցության վարկանիշը Հայաստանում» խորագրով: Հարցումն անցկացվել է 2014թ. ապրիլ-մայիսին, Հայաստանի 81 բնակավայրում, 5000 բնակիչներիշրջանում:
«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց ուսումնասիրության նպատակն է եղել կապ հաստատել «կառավարման օբյեկտների և կառավարման սուբյեկտների» միջև, քանի որ եթե իշխանությունը ճշգրիտ ուսումնասիրության վրա հիմնված տեղեկություն չունի, չի կարող իմանալ, թե ի՞նչ խնդիրներ ունի բնակչությունը. Իշխանությունները պետք է իմանան՝ իրենց գործունեության արդյունքը ինչպե՞ս է ընկալում և գնահատում բնակչությունը, ի՞նչ կարիքներ ունի, ի՞նչ սպասելիքներ ունի: Չբավարարված լինելը ի՞նչ լարվածության է բերում, ի՞նչ հետևանք կունենա: Եվ այդ արդյունքների հիման վրա կառավարիչները կարող են իմանալ՝ որ խնդիրն է առաջնային, որն է երկրորդային, եղած ռեսուրսները ո՞ր ուղղությամբ ծախսեն, ինչպե՞ս աշխատեն բնակչության հետ, ի՞նչ կարիքներ կան: Դա կդառնա կառավարման բավականին արդյունավետ համակարգ»:
Հարցվածների ազգագրական պատկերը համապատասխանում է բնակչության ազգագրական ցուցանիշներին և ապահովում տվյալների բավարար հավաստիությունը. գոյություն ունեցող և միջազգային վարկանիշային կենտրոնների կողմից կիրառվող գնահատման չափորոշիչներից Հայաստանի համար առավել կարևորվել են հետևյալ կետերը՝
- Բնակեցման միջավայրին և սպասարկման ոլորտին տրված գնահատականները,
- Տեղական ռեսուրսների հավաքագրման և օգտագործման կարողությունները,
- Առավել կարիքավորների սոցիալական աջակցության ծավալները,
- Բողոքներին ու դիմումներին պատշաճ արձագանք տալը,
- Պոտենցիալ արտագաղթի մակարդակները,
- Համայնքի և ընտանիքների բարեկեցության ինքնագնահատման փոփոխությունները
- «Սոցիալական ըմբոստության» ռիսկերի աստիճանը
Քանի որ հասարակության շրջանում կարծիք է ձևավորված, որ վախի մթնոլորտ կա, սոցիոլոգը փորձել է պարզել՝ արդյո՞ք քաղաքացին իրեն պաշտպանված զգու՞մ է, թե՞ ոչ. «Այստեղ կան շատ հարցեր. մարդու սեփականությանը, բիզնեսին ձեռք չտան»:
Հայաստանի մարզերում խնդիրները կապված են տարածքների բարեկարգման, գործազրկության, տեղական եկամուտ ունենալու և այլ հարցերի հետ են կապված: Մարզերի բնակչության բարեկեցության ամփոփ տվյալները ստորև ներկայացնում ենք ինֆոգրաֆիկայի տեսքով՝
Մյուս ցուցանիշներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
Ըստ «Սոցիոմետրի»՝ Գեղարքունիքի մարզն ամենաբարեկեցիկն է հանրապետությունում, հաջորդը Սյունիքն է, իսկ ամենավատ վիճակում է գտնվում Լոռու մարզը: Այն հարցին, թե ի՞նչ խնդիրներ են գերակշռում Լոռիում և ո՞րն է այդքան ցածր վարկանիշի պատճառը, սոցիոլոգը պատասխանեց, որ, օրինակ, Լոռիում տարածքային բարեկարգման խնդիրներ կան. ասֆալտապատումը, աղբահանումը, բակերի մաքրությունը և այլն: Նրա խոսքերով՝ շատ հարցեր կան, որ իրենք բյուջեով չեն կարողանում լուծել՝ մնում են բաց: Գործազրկությունը բավականին բարձր է:
Սոցիոլոգը չի բացառում, որ մարզպետները, գյուղապետները զգան, թե ինչն է ավելի շատ մտահոգում մարդկանց, և որոնք են բնակչության առաջնային խնդիրները. «Եվրասիա հիմնադրամը պարզեց, որ համայնքի սոցիալական խնդիրները լրագրողները մոտավոր էին անում ու շեղվում էին հիմնական խնդիրներից, իսկ համայնքի ղեկավարները շատ հստակ գիտեին՝ ինչ խնդիրներ կան: Օրինակ, տեղական հեռուստաընկերությունը 5 հաղորդում է անում, որ դպրոցի տանիքը չի կառուցվել, բայց, որ աղբը կուտակված է փողոցներում, ոչ մի հատ հաղորդում չկա: Բնակչությանը ասում ենք, որ աղբն իր համար առաջին խնդիրն է, որովհետև ամեն անգամ տուն մտնելիս աղբի կողքով է անցնում: Ասում եմ՝ ինչու՞ չեք հաղորդում արել, ասում են՝ դա ի՞նչ թեմա է, որ դրա մասին հաղորդում անենք: Պարզվեց, որ համայնքի ղեկավարը ավելի լավ է պատկերացնում խնդիրը, քան լրագրողը, որի պարտականությունն է ի հայտ բերել սոցիալական խնդիրները»:
Բավական Ափիցարյան