ՌԴ-ը հարգանքով է վերաբերվում անկախ արտաքին քաղաքականություն վարող երկրներին. Լուկյանով

Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ռուս քաղաքագետ Ֆեոդր Լուկյանովն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին և Ադրբեջանի վարած արտաքին քաղաքականությանը.

«Ռուսաստանը չի հանդիսանում Ղարաբաղյան հակամարտության կողմ: Կողմերի միջև փոխզիջումների բացակայությունը հակամարտության կարգավորումը դարձնում է անհնար: Դրա համար էլ Ռուսաստանը շահագրգռված է, որ պահպանվի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ստատուս-քվոն»:

Լուկյանովը հիշեցրել է, որ Ռուսաստանը վերջին անգամ Դմիտրի Մեդվեդևի նախագահության ժամանակ է ակտիվություն ցուցաբերել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում.

«Ներկայումս Պուտինն առանձին զարգացում է հարաբերությունները թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ, և պաշտպանում է ստեղծված իրավիճակի պահպանման ավանդական կուրսը»:

Մեկնաբանելով ռուս-ադրբեջանական հարաբերությունները՝ Լուկյանովն ընդգծել է, որ վերջին շրջանում մեծ ջերմացում է նկատվում դրանցում. «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից նախորդ տարի Ադրբեջան այցելելուց հետո էլ ավելի են ակտիվացել երկու երկրների միջև հարաբերությունները:

Ադրբեջանի հետ հարաբերությունների այդ ակտիվացումն իրենում արտացոլում է հետխորհրդային տիրույթում Ռուսաստանի վարած ինտեգրացիոն քաղաքականությունը: Մոսկվան այդ տիրույթում իրագործում է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) նոր նախագիծը:

Սակայն Ադրբեջանը դեռ չի պատրաստվում մասնակցել դրան: Ռուսաստանն էլ չի ցանկանում նեղացնել ԵՏՄ-ի շրջանակները: Եթե որևէ մեկը ցանկանում է միանալ այդ կազմակերպությանը, ապա դա չի նշանակում, թե Ռուսաստանը պետք է վատթարացնի հարաբերությունները գործընկերների հետ:

Ռուսաստանը սկզբունքորեն շահագրգռված է ԵՏՄ-ի ինտեգրացիոն նախագծի ընդլայնման մեջ: Մոսկվան հարգանքով է վերաբերվում անկախ արտաքին քաղաքականություն վարող երկրների նկատմամբ, որոնք չեն գործում Ռուսաստանի մրցակից որևէ երկրի կամ կազմակերպության թելադրանքով:

Ադրբեջանն այդպիսի երկրներից է: Պաշտոնական Բաքվի անկախ արտաքին քաղաքականությունը համապատասխանում է Ռուսաստանի շահերին: Պաշտոնական Մոսկվան մեծ հարգանքով է վերաբերվում Ադրբեջանի դիրքորոշմանը և շահագրգռված է նրանում, որ պահպանի այդ երկրի հետ հարաբերությունները»:

Այս ամենի հետ մեկտեղ Լուկյանովն ընդգծել է, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի դաշնակիցը Հայաստանն է. «Այդ փաստն ակնառու է: Սակայն դա չի նշանակում, թե Ռուսաստանը չի ցանկանում հավասարակշռված քաղաքականություն վարել հարավկովկասյան այդ երկու երկրների նկատմամբ»:

Տեսանյութեր

Լրահոս