«Խայտառակ դատավճիռ էր». պաշտպանական կողմը կբողոքարկի Լյուքս Ստեփանյանի գործով դատավճիռը

Ինչպես տեղեկացրել էինք, Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանի առողջությանը ծանր վնաստ պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանն այսօր դատարանի վճռով՝ մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 17 տարվա ազատազրկման:

168.am-ի հետ զրույցում Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը՝ խոսելով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի մասին, ասաց. «Ես գտնում եմ, որ սա խայտառակ դատավճիռ էր: Նման կերպ փորձել պատրանք ստեղծել, թե իբր արդարադատություն է իրականացվում, բացարձակապես անթույլատերի է: Այն բոլոր անձինք, ովքեր հետևեցին դատաքննությանը, միանշանակ պարզեցին և հասկացան, որ այստեղ բացարձակապես խոսք չկար դիտավորյալ սպանության մասին: Կատարված գործողությունը դիտավորություն չէ, և որևէ մեկին սպանելու նպատակ չկար:

Այս պարագայում միայն ճիշտ որոշում կլիներ արարքի վերաորակումը, սակայն, ինչպես տեսաք՝ վերջին զարգացումներից հետո դատարանն այլևս որևէ կերպ իր մեջ ուժ չգտավ, որպեսզի կայացնի արդար որոշում, այսինքն՝ վեր կանգնի այդ հայտարարություններից կամ տուժող կողմի քննադատության թիրախ դառնալու անհանգստությունից»:

Փաստաբանն ասաց, որ դատավճռով որպես պատիժ սահմանվել է 17 տարվա ազատազրկումը՝ 18 տարվա փոխարեն ընդամենը ցույց տալու, պատրանք ստեղծելու համար, թե իրենց հայտարարությունները, որ «նախնական տրված խոստումը, դատախազի պահանջած 18 տարին պահպանվելու էր», հաստատված չէին:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ դատախազը դատարանին միջնորդել էր Դավիթ Խաչատրյանին 18 տարվա ազատազրկման դատապարտել, իսկ նախաքննության ընթացքում տուժող Լյուքս Ստեփանյանի մայրը նամակ էր գրել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ հետևյալ բովանդակությամբ՝ «Դուք Երևան-Սևան մայրուղում ի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին խոստացաք, որ պատիժը լինելու է 18-20 տարի կամ ցմահ»:

«Միանշանակ, դատավճիռը ստանալուց հետո այն կբողոքարկենք վերաքննիչ դատարան՝ հույս ունենալով, որ երեք դատավորի կազմով գուցե վերաքննիչ դատարանը կարողանա վեր կանգնել այս վախերից, և, ի վերջո, կկայացնի արդար որոշում: Իսկ եթե դա էլ արդյունք չտա, կդիմենք վճռաբեկ դատարան: Դրանից հետո էլ, եթե արդյունք չլինի, այս բոլոր խախտումերը կվիճարկենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում»,- եզրափակեց Երեմ Սարգսյանը:

Նշենք, որ այսօր մինչև դատարանի վճռի հրապարակումը Դավիթ Խաչատրյանը դատարանում ասել էր. «Ես արդեն պատժվել եմ իմ արածի համար՝ կորցնելով իմ ընկերներից մեկի կյանքը և մյուսի առողջությունը»: Նա նշել էր, որ մարդասպան չէ ու չի կարող անգամ դիտավորյալ որևէ մեկին վնաս տալ. «Իսկ դուք ինձ մեղադրում եք դիտավորյալ իմ ընկերներից մեկին վնասելու և մյուսին սպանելու մեջ: Նման բան չի կարող լինել: Իմ ընկերներից երկուսն էլ չեն կիսում ձեր կարծիքը: Հիմա իմ մահացած ընկերը վերևից նայում է ու մեղադրում է»:

Լուսանկարը՝ 168.am-ի

Տեսանյութեր

Լրահոս