Լուրեր հրաշքների դաշտից
Հայաստանի տնտեսությունը վերականգնեց իր բարի ավանդույթները: Նախ` նորից սկսեց հրաշքներ արձանագրել: Հիմա բոլորը մոռացել են տասը տարի առաջ արտգործնախարար Վարդան Օսկանյանի պնդումները մեր տնտեսության մասին: Այդ տարիներին մեր տնտեսությունը երկնիշ թվերով աճում էր: Իսկ համաշխարհային տնտեսագիտական հասարակությունը խոսում էր «Կովկասյան տնտեսական վագրի մասին»: Բոլորն ասում էին` «կովկասյան», բայց գիտեին, որ խոսքը «Հայկական տնտեսական վագրի» մասին էր:
Իհարկե` մեր արտգործնախարարի կարծիքով: Բայց համաշխարհային տնտեսական ճգնաժամին զուգընթաց` մեր տնտեսությունը դադարեց հրաշքներ գործել: Երկար ու ձիգ տարիներ: Հիմա կարծես ինչ-որ բան փոխվել է: Թերթեք անցնող շաբաթվա տնտեսական տեղեկատվությունը և ինքներդ կհամոզվեք: Լավ է` ներկայումս գործող արտգործնախարարն իր նախորդի չափ խոսքաշատ չէ: Ոչ էլ գործող վարչապետն` իր նախորդի համեմատ: Փոխարենը` ով ասես իր վրա չի վերցրել տնտեսական հրաշալի պատումներ տարածելու ազգանպաստ գործը: Ինչ ասես չկա տնտեսական տեղեկատվության մեջ:
Վիճակագիրները խոսում են գների անկման մասին: Իհարկե, ամռան ամիսներին գյուղմթերքի գները համադրելի չեն գարնանային գների հետ: Բայց դե ոչ ոք իրեն նեղություն չի տա պաշտոնական բարդ-բարդ վերլուծությունները ծանրաբեռնել գների սեզոնայնության մասին խոսքով: Իսկ երբ նոր կառավարությունը Ֆինանսների նախարարությունը Պետեկամուտների կոմիտեի հետ միավորեց` տնտեսական նոր հրաշքը ծնվեց: Պաշտոնապես հայտարարվեց, որ պետբյուջեի կատարողականը հունվար-մայիս ամիսներին 18 մլրդ 600 մլն հավելուրդ ունի:
Այսինքն` հինգ ամսվա ընթացքում 18,6 մլրդ դրամ ավելի ենք հավաքել, քան ծախսել ենք: Դա` այն պարագային, երբ պետական բյուջեի ծախսային պարտավորությունները կատարվել են ամբողջովին: Համենայն դեպս` հենց այդպես է գրված պաշտոնական հաղորդագրության մեջ: Առաջ ընկնելով` կարելի է պատկերացնել, թե շուտով ինչ քաղաքական ելույթներ են հնչելու: Խրոխտ ելույթներ` ստվերային տնտեսության կրճատման, կոռուպցիայի դեմ պայքարում հաջողությունների և այլ նման բաների մասին: Ոչ ոք չի նկատի, որ հավելուրդ ասածն արձանագրվել է համարյա մինչև նոր կառավարության ձևավորումը:
Չի նկատվի այն փաստը, որ բյուջեի հավելուրդ արձանագրվել է այն պահին, երբ պետական փողերը հավաքող ու ծախսող գերատեսչությունները դեռ անջատ էին գործում:
Հետևաբար` ոչ ոք չի հարցնի` «Ի՞նչ կարիք կար բարեփոխել (այսինքն` միացնել) այդ գերատեսչությունները, եթե դրանք այդքան արդյունավետ էին գործում»: Ավելին, ոչ ոք չի նկատի, որ տնտեսական աննախադեպ հաջողությունն արձանագրվեց այն պահին, երբ նախկին կառավարությունը համարյա չէր գործում, իսկ նորը չէր կազմավորվել: Հետևաբար` ցանկացած մեկը կարող է եզրակացնել, որ տնտեսական հրաշքն արձանագրվեց այն պահին, երբ հարազատ իշխանությունները տարված էին քաղաքական խաղերով:
Բարդ-բարդ քաղաքական խնդիրներ էին լուծում, կոալիցիոն և ոչ այնքան կոալիցիոն կառավարություն ու նախարարություններ էին ձևավորում: Այսինքն` խիստ զբաղված էին: Զբաղված էին ու չէին հասցնում խանգարել տնտեսությանը: Տնտեսությունն էլ բռնեց ու նախորդ տարվա համեմատ վեց տոկոսով ավելի մուտքեր ապահովեց բյուջեի համար: Մինչդեռ 2014-ի ճշտված բյուջեն ենթադրում էր, որ առաջին կիսամյակին մոտ 20 մլրդ դրամ պակասուրդ պիտի ունենա: Ու հանկարծ համարյա նույնքան` 18,6 մլրդ հավելուրդ ունեցավ:
«Իսկ ի՞նչ էին անում հարազատ իշխանւթյուններն այս պահին» հարցը համարյա ողբերգական պատասխան ունի: Հարգելով ՀՀ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի անկախության կանխավարկածը` պիտի արձանագրենք, որ ճիշտ այդ պահին մեր իշխանությունները տնտեսական հաջողություններից ոգևորված` թանկացնում էին էլեկտրաէներգիայի սակագինը: Հանձնաժողովի բացատրություն-հիմնավորումում նույնիսկ թվաբանական սխալներ կային: Բայց այս պարագային էլ ոչ մեկին չհետաքրքրեցին դրանք:
Նորից ակնհայտ դարձավ այն փաստը, որ մենք՝ հայերս, չենք ատում Ռուսաստանը կամ ռուսական մշակույթը: Պարզապես ուզում ենք առավելագույնս հեռու մնալ ռուսական մենեջմենթից: Հարուստ հանքահումքային պաշարներ ունեցող երկիրը միայն կարող է գոյատևել` նման մենեջմենթ ունենալով: Իսկ մենք մեր էներգետիկ համակարգը հանձնել ենք փնթիագույն կառավարման համակարգ ունեցող ռուսաստանյան ընկերությունների: Ընկերությունների, որոնց կառավարման բոլոր օղակներում կաշառակերությունն ու աշխատանքի անարդյունավետությունը Գինեսի գրքի նմուշներ են: Հանձնել ու զարմանում ենք, որ ՀԷՑ-ն իր ռուսական մենեջմենթով 2013-ին համարյա 20 մլրդ դրամի վնաս է կրել: Ու հիմա, որպեսզի համակարգը ֆինանսական աղետի չենթարկվի` մենք պարտավոր ենք վճարել: Բոլորս` տնտեսվարողներից մինչև պարզ սպառող: Ինչ տարօրինակ զուգադիպություն էր` 20 մլրդ պակասուրդի սպասում կար, համարյա 20 մլրդ հավելուրդ հայտնվեց, իսկ հետո ՀԾԿՀ ձեռամբ մոտ 20 մլրդ դրամի վնասը կփակվի մեր հաշվին: Իսկ Դուք կարծում էիք, որ Հրաշքների դաշտ լինում է միայն Հիմարների երկրում: