Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությունը ԵվրԱզԷս-ում կամ Մաքսային միությունում բացառել չի կարելի

Հարցազրույց ՌԴ գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Արտաքին տնտեսական քաղաքականության բաժնի ղեկավար, Միջազգային հարցերով ՌԴ խորհրդի փորձագետ, տնտեսագիտության դոկտոր Վլադիսլավ Զագաշվիլիի հետ

– Պարոն Զագաշվիլի, Ուկրաինան ԵՄ-ի հետ ստորագրեց Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն միանալու, իսկ Վրաստանն ու Մոլդովան` Ասոցացման համաձայնագրերը: Ինչպե՞ս եք գնահատում այս իրադարձությունը: Փաստորեն, Ռուսաստանը «կորցրեց» այս երկրները:

– Ձեր նշած երկրները, երկար ժամանակ է, ինչ գնում են այդ քայլին, այնպես որ` ես կարծում եմ, նրանք վերջապես հասան նրան, ինչին ցանկանում էին, և այսուհետ էլ կշարունակեն ու չեն շեղվի ընտրած ճանապարհից: Ի՞նչ կարելի է ասել այդտեղ:

– Հայաստանյան որոշ փորձագետների կարծիքով` Վրաստանն այժմ ավելի արագ և կայուն տեմպերով կզարգանա, իսկ Հայաստանը, ընտրելով Եվրասիական տնտեսական միությունը, չի հասնի այն արդյունքին, ինչին կարող էր հասնել ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու և եվրոպական ինտեգրման ուղին ընտրելու դեպքում: Համաձա՞յն եք:

Կարդացեք նաև

– Խնդիրն այն է, որ որևէ ուղղությամբ ինտեգրվելու որոշումը յուրաքանչյուր երկրի գործն է, և դիտորդի կարգավիճակով հետևել ու որևէ բան խորհուրդ տալն այնքան էլ նպատակահարմար չէ: Բայց կարծում եմ` ինտեգրումը ԵՄ-ի հետ կարող է ավելի մեծ խթաններ տալ երկրի տնտեսության զարգացման համար: Ինչ վերաբերում է նախապատվությանը` Ռուսաստանի՞, թե՞ Եվրոպայի հետ ինտեգրվել, ապա դա առանձին երկրի ընտրության հարց է:

– Ըստ Ձեզ` այժմ Վրաստա՞նը, թե՞ Հայաստանը զարգացման ավելի մեծ հեռանկարներ ունեն:

– Իմ կարծիքով` հեռանկարները պայմանավորվում են ոչ թե նրանով, թե երկրները որ միությանն են ինտեգրվում, այլ տվյալ երկրի ներքին կառուցվածքով, քաղաքական ու տնտեսական համակարգերով, արդյո՞ք դրանք բավարար չափով են ապահովում երկրի քաղաքական ու տնտեսական ազատությունը: Իմ կարծիքով` այդ չափորոշիչներն են գերակա, և այդ ուղղությամբ պետք է կենտրոնացնել ուշադրությունը:

– Ուկրաինան համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ, բայց տնտեսական առավել մեծ կախվածություն ունի Ռուսաստանից: Ռուսաստանն էլ որպես պատիժ` սահմանափակումներ է մտցնում ուկրաինական ապրանքների նկատմամբ:

– Այո, բայց այդ առումով Ռուսաստանի մտավախությունը, ինձ թվում է, որոշակիորեն չափազանցված է: Ամեն դեպքում` արդեն ներկայումս Ուկրաինայի մաքսային միջին կշռված սակագինը Եվրոպայի հետ առևտրում ավելի ցածր է, քան Ռուսաստանի սակագինը Եվրոպայի հետ առևտրում:

Այսինքն` այս վտանգը, որի մասին խոսվում է` եվրոպական ապրանքների վերաարտահանումը Ուկրաինայով դեպի Ռուսաստան, այն արդեն գոյություն ունի: Համենայնդեպս, նման պրակտիկան զանգվածային բնույթ չի կրում, և մաքսային սակագների հետագա նվազեցումը` մինչև 0%, ԵՄ-ի և Ուկրաինայի միջև կլինի մի քանի տարիների ընթացքում: Այժմ այն 3.5% է, բայց այդ մակարդակը չի կարելի անվանել ծայրահեղ, դրա համար ես կարծում եմ, որ եվրոպական էժան ապրանքների զանգվածային հոսք Ուկրաինայով դեպի Ռուսաստան չի լինի:

– Բելառուսն ու Ղազախստանը մերժել են Ռուսաստանին` սահմանափակումներ մտցնել ուկրաինական ներկրման նկատմամբ: Եվ սա այս երեք երկրների առաջին լուրջ տարաձայնությունը չէ: Սպառնալիք չե՞ք տեսնում Եվրասիական տնտեսական միության կայացման առումով:

– Նման միություններում անդամ երկրները սովորաբար շատ հարցերում են տարբեր կարծիքներ ունենում: Դա ՄՄ-ին կամ ԵՏՄ-ին բնորոշ գիծ չէ, բոլոր միություններում ու միջազգային կազմակերպություններում դրանց անդամներից յուրաքանչյուրն ունի իր շահը և փորձում է պաշտպանել սեփական դիրքորոշումը: Տվյալ դեպքում Ղազախստանը բանակցում է Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ և չի ցանկանում, որ Ուկրաինան իրեն արգելափակի, Բելառուսը սերտ կապեր և ընդհանուր սահման ունի Ուկրաինայի հետ: Դրա համար ինձ թվում է, որ Միությունում հետաքրքրությունների չհամընկնումը առանձնապես արտասովոր բան չէ:

– Ձեր կարծիքով` ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը Հայաստանին ևս նման պահանջներ ներկայացնի:

– Թեորետիկ ամեն ինչ հնարավոր է, բայց գործնականում դրա հավանականությունն աննշան է: Այժմ խոսել թեորետիկ հարցերի մասին, որոնց իրականություն դառնալը հարյուրերորդական կամ հազարերորդական տոկոս է, ինձ համար լուրջ չէ:

– Աստանայում` երբ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները ստորագրեցին Եվրասիական տնտեսական միության ստեղծման համաձայնագիրը, Հայաստանի անդամակցության համար ժամկետ նշվեց մինչև հունիսի վերջը: Ըստ Ձեզ` հիմա ի՞նչ է սպասվում:

– Այժմ դժվար է որևէ բան կանխատեսելը: Չեմ կարող ասել:

– Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու հարցում մեծ դերակատարություն էր վերապահվում աբխազական երկաթուղու վերաբացմանը, որը դեռ չկա և մոտ ապագայում էլ, կարծես, չի սպասվում: Վրաստանը ԵՄ ընտանիքի անդամության ճանապարհին է, իսկ Հայաստանը գնում է դեպի ԵՏՄ: Ձեր կարծիքով` ՀՀ-ն ի՞նչ վնասներ կկրի այլ միության տարածքով դեպի ԵՏՄ երկրներ բեռնափոխադրումներ իրականացնելու դեպքում:

– Ես կարծում եմ, որ ԵՄ-ին Վրաստանի ասոցիացումից Հայաստանը վնասներ չի կրի: Ընդհանրապես, այդ մտավախությունը, որ որևէ երկրով տարանցիկ բեռնափոխադրումը հավելյալ ծախսեր է պահանջում կամ որոշակի սպառնալիք է պարունակում, ինձ թվում է չափազանց ուռճացված: Ի վերջո, եթե մենք գործ ունենք շուկայական տնտեսությունների հետ, ապա տրանսպորտային ծախսերը միանման են` անկախ, թե որ երկրի տարածքով է անցնում փոխադրումների երթուղին: Իսկ ինչ վերաբերում է քաղաքական ծախսերին, ինձ թվում է, որ զարգացած տնտեսական կապերը ենթադրում են, որ երկրներն ավելի ուշադիր կգտնվեն միմյանց նկատմամբ, և տնտեսական շահը կգերակշռի:

– Եվրասիական տնտեսական միության ղեկավարներն անդամակցության հրավերներ են ուղարկում նաև Թուրքիային և Ադրբեջանին: Որքանո՞վ եք իրատեսական համարում, որ այս երկրները կանդամակցեն, կամ կարո՞ղ են անդամակցել ԵՏՄ-ին: Ադրբեջանի որոշ ներկայացուցիչներ արդեն պայմաններ են առաջադրում ԵՏՄ-ին անդամակցելու համար:

– Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությունը ԵվրԱզԷս-ում կամ Մաքսային միությունում, իհարկե, բացառել չի կարելի: Բայց երբ երկրները որևէ ինտեգրացիոն հարաբերություններ են ձևավորում, դա տեղի չի ունենում այն պատճառով, որ ինչ-որ մեկը դա ցանկացել է, կամ մեկը մյուսի հանդեպ համակրանք է զգում, այլ այն պատճառով, որ այդ երկրների տնտեսություններն այնքան սերտորեն են փոխկապակցված, որ անհրաժեշտություն է առաջանում քաղաքական մակարդակով ապահովել եղած տնտեսական կապերի ավելի հեշտ, առանց խոչընդոտների զարգացումը:

Նրա համար, որ Թուրքիան անհրաժեշտ շահն ունենա ԵվրԱզԷս-ին միանալու համար, միաժամանակ` նաև ԵվրԱզԷս-ի անդամները շահ ունենան դրանից, արդեն պետք է որոշակի սերտ կապեր լինեին ընկերությունների մակարդակով: Չէ՞ որ ինտեգրումը, նախ և առաջ, տնտեսական գործընթաց է ձեռնարկությունների մակարդակով, և ոչ թե քաղաքական փաստաթուղթ` ստորագրված կառավարական մակարդակով: Այդ առումով` ես կարծում եմ, որ տնտեսական ինտեգրումը չի հասունացել: Իսկ հեռավոր ապագայում, ըստ էության, ամեն ինչ հնարավոր է: Սակայն, կրկնեմ, ներկա պահին գոյություն ունեցող միտումները նման հեռանկար ցույց չեն տալիս:

– Իսկ Ձեր կարծիքով` Հայաստանի ինտեգրումը ԵՏՄ-ին հասունացե՞լ է, թե՞ այնուամենայնիվ մինչ օրս կան խոչընդոտներ, որոնք թույլ չեն տալիս դա:

– Ինչ-որ խոչընդոտներ, որ ՀՀ ինտեգրումն անհնար են դարձնում, ես չեմ տեսնում: Իմ կարծիքով` ՀՀ-ն այնպիսի իրավիճակում է, որ նրա համար հավասարապես բաց են և շահավետ են երկու ուղիներն էլ` ինտեգրումը թե՛ եվրոպական ուղղությամբ, թե՛ եվրասիական: Սակայն պետք է հաշվի առնել, որ միաժամանակ երկու ուղղությամբ դա անհնար է իրականացնել:

Տեսանյութեր

Լրահոս