ԵՏՄ-ին Ադրբեջանի միանալու հարցում վերջին խոսքը պատկանում է Իլհամ Ալիևին. Սլուցկի
Haqqin.az-ին տված հարցազրույցի ժամանակ ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ-ի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին անդրադարձել է նաև Եվրասիական տնտեսական միության ստեղծման խնդրին.
«Մեր երեք երկրները (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան) վաղուց էին գնում դրան, իսկ ընթացիկ տարվա հունվարի 1-ից գործարկվել է երեք երկրների միասնական տնտեսական տիրույթը: Հաջորդ քայլը Մաքսային միության ստեղծումն է:
Հետագայում էլ կիրականացվեն տնտեսական ինտեգրման այն փուլերը, որոնք և պետք է հանգեցնեն 2015 թվականին այդ հզոր ինտեգրացիոն միավորման ստեղծմանը, որն իրենում կընդգրկի հետխորհրդային տիրույթի զգալի մասը:
Մենք դեռ խոսում ենք դրանում երեք երկրի անդամության մասին, սակայն կարելի է կարծել, որ առաջիկա տարիներին կաճի հետխորհրդային այն երկրների թիվը, որոնք ներգրավված կլինեն ինտեգրացիոն գործընթացներում, և այդ կառույցը կարող է դառնալ բավական հզոր բևեռ համաշխարհային քաղաքականությունում, միջազգային հարաբերություններում:
Մենք բնականաբար կցանկանայինք Ադրբեջանը տեսնել այդ երկրների թվում: Սակայն վերջին խոսքը պատկանում է ձեր իշխանություններին, վերջին խոսքը պատկանում է Իլհամ Ալիևին: Մենք մեր կողմից կիրականացնենք Եվրասիական տնտեսական միության առավելությունների մասին միջոցառումներ, «կլոր սեղաններ» և դրանցում կհրավիրենք մեր ադրբեջանցի գործընկերներին»:
Սլուցկին կարծում է, որ հետագայում ստեղծվելու է եվրասիական խորհրդարան, ինչը տեղի կունենա միայն այն բանից հետո, ինչ ամբողջովին կձևավորվի ինքը՝ Եվրասիական միությունը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված՝ Սլուցկին հայտարարել է.
«Ռուսաստանը հրաշալի հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Ադրբեջանի հետ: Դրա համար էլ Ռուսաստանն ազդեցություն ունի այդ հակամարտության լուծման վրա, և մենք մեր կողմից միայն կօգնեն հակամարտող կողմերին՝ խաղաղ ճանապարհով լուծելու համար տվյալ խնդիրը»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ ադրբեջանական Yeni Müsavat թերթը գրել էր, որ Մոսկվան ու Բաքուն գտնվում են պատմական համաձայնության շեմին՝ կապված Եվրասիական միությանն Ադրբեջանի անդամակցության հետ: