Եգիպտացիները պնդում են, թե ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, հեպատիտն ու այլ վարակներ բուժող սարք են ստեղծել. tert.am
Եգիպտոսի զինված ուժերը Կահիրեի ռազմական հոսպիտալում կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ հանդես է եկել բավական անսպասելի հայտարարությամբ, ըստ որի իրենք ստեղծել են սարք, որն ունակ է ախտորոշել ու բուժել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, հեպատիտ C-ն ու մի շարք այլ վարակներ։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ներկայում սարքը գտնվում է փորձարկման փուլում, որը կտևի դեռևս 6 ամիս։ Աղբյուրը հավելում է, որ Եգիպտոսի բանակն ավելի վաղ՝ փետրվարին, խոստացել էր այսպիսի հեղափոխական սարք ներկայացնել։
Այժմ բանակի ինժեներական բաժնի ղեկավարը հայտարարել է, որ իրենց հաջողվել է ստեղծել «ապշեցուցիչ, հրաշագործ գիտական սարք», որն առանց արյան անալիզի կարող է ախտորոշել նշված հիվանդություններն ու բուժել դրանք։
Սակայն գիտնականների մի մասը թերահավատորեն է մոտեցել այս պնդմանը՝ այն համարելով իրականությանը չհամապատասխանող։
Թարգմանությունը՝ Tert.am-ի: