«Մենք չենք վախենում Եվրասիական միություն Ադրբեջանի մտնելուց». ՀՀԿ խմբակցության ղեկավար
«Իսկ Դուք համաձա՞յն եք Արտաշես Գեղամյանի այն հայտարարության հետ, որ սա Ադրբեջանի և Ղարաբաղի վեճն է»,- այսպիսի հարցով մեր հարցին պատասխանեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, երբ հետաքրքրվեցինք` համաձա՞յն է արդյոք «Հանրապետական» խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանի` Բաքվում արած որոշ հայտարարությունների հետ: Խոսքը մասնավորապես վերաբերում է ադրբեջանական լրատվամիջոցին տված հարցազրույցում Գեղամյանի մտքին, որ ինքը (մենք) շատ կուզենար, որ Ադրբեջանը նույնպես անդամակցեր Եվրասիական միությանը:
Վահրամ Բաղդասարյանը հերքեց, որ Գեղամյանը Բաքվում ներկայացրել է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը կամ արտահայտել է խորհրդարանական դիվանագիտության դիրքորոշումը, սակայն փոխարենը խորհուրդ տվեց ավելի ուշադրությամբ կարդալ նրա խոսքի տողատակերը:
Բաղդասարյանի մեկնաբանությամբ` Արտաշես Գեղամյանը դիվանագիտորեն հասկացրել է ադրբեջանական կողմին, որ Եվրասիական միության անդամներին նամակ ուղարկելու կամ «վայրահաչելու» փոխարեն ավելի լավ կլինի, որ Ադրբեջանն անդամակցի այդ միությանը և դեմ առ դեմ խոսի խնդրի մասին, և հայտարարությանը պետք է նայել այդ համատեքստում:
«Ի՞նչ է պատահել, թող նրանք էլ անդամակցեն: Մենք սովոր ենք դեմ առ դեմ խոսելու, և այդ դեպքում դեմ առ դեմ կխոսենք խնդիրների մասին: Ես Արտաշես Գեղամյանի ասածն այդպես եմ մեկնաբանում: Մնացած հարցերը ինքը կգա, կմեկնաբանի»,- նշեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով այն տեսակետին, որ Ադրբեջանի անդամակցությունը նշված միությանը, ընդհակառակը, կարող է վնասել Լեռնային Ղարաբաղին, Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ այժմ չի ուզում քննարկել այդ հարցը, քանի որ Ադրբեջանի անդամակակցության հարցն այսօր օրակարգում չկա: Նրա խոսքով` այսօր դրված է միայն Հայաստանի անդամակցության հարցը, և Հայաստանը չի որոշելու` Ադրբեջանը մտնի՞, թե՞ չմտնի:
«Բայց մենք չենք վախենում Եվրասիական միություն Ադրբեջանի մտնելուց: Չմտնելուց էլ չենք վախենում: Եթե մենք կտրականապես ժխտենք, սկսենք գորգոռալ, որ Ադրբեջանը չպետք է մտնի Եվրասիական միություն, միևնույն է, այդ հարցը լուծողը մենք չենք: Պարզապես Արտաշես Գեղամյանն ասել է` մենք ցանկանում ենք, կարող է մտնել, բայց դա իր որոշելու հարցն է, իսկ այդ խնդրի լուծումը, գիտեք, պետք է տան Եվրասիական միության անդամները: Եվ մենք դրանից չենք խորշում»,- ավելացրեց Վահրամ Բաղդասարյանը: