Գլազևը խոստովանել է, որ ՄՄ-ը և ԵՏՄ-ը կորցրել են Ուկրաինան, Մոլդովան ու Վրաստանը
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևն այսօր հայտարարել է, որ Մաքսային միությունը կորցրեց Ուկրաինան՝ նրա կողմից ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելուց հետո:
Գլազևը հայտարարել է, որ հարցականի տակ է ԱՊՀ-ի շրջանակներում ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագոծակցությունը. «Մեզ մոտ ամենամեծ հարցերն առաջանում են հունիսի 27-ին Բրյուսելում ԵՄ-ի և Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի միջև Ասոցացման համաձայնագրեր ստորագրելու կապակցությամբ:
Փաստացիորեն արևմտյան ուղղությամբ դրվել է կոշտ պատնեշ՝ ընդդեմ մեր ինտեգրման ընդլայնման: Դա ուղղակիորեն շոշափում է Ռուսաստանի շահերը և ստիպում է մտածել այդ երեք երկրների հետ համագործակցության հեռանկարների շուրջ:
Ասոցացման համաձայնագրերի շրջանակներում Ուկրաինան, Մոլդովան ու Վրաստանը իրենց ինքնիշխանության մի մասը փոխանցեցին Եվրոպական հանձնաժողովին: Դա նշանակում է, որ նրանք այլևս չեն կարող դառնալ Մաքսային միության ու Եվրասիական տնտեսական միության մասնակիցներ: Դա էական կորուստ է մեզ համար»:
Գլազևը վստահություն է հայտնել, որ ԵՄ-ն Ուկրաինային «բռնի հարկադրել» է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, հանուն ինչի «տապալել է այդ երկրի օրինական իշխանությանը»:
Գլազևի խոսքերով՝ Ռուսաստանի համար դա կունենա բացասական հետևանքներ. 25 տոկոսով կկրճատվի ապրանքաշրջանությունը, ռիսկային կդառնա Ուկրաինայում ռուսական ներդրումներ անելը, հարցականի տակ է դրվում ԱՊՀ-ի շրջանակներում ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը, ինչպես նաև բարձրտեխնոլոգիական ոլորտում համագործակցությունը:
Գլազևը կարծում է, որ Ուկրաինային սպասվում է դեֆոլթ, քանի որ արևմտյան օգնության ծավալը կազմում է 35 միլիարդ դոլար, մինչդեռ իրավիճակի կայունացման համար անհրաժեշտ է մոտ 100 միլիարդ դոլար: