
Էքմելլեդդին Իհսանօղլուն նախագահական ընտրություններում իր թեկնածությունը գրանցելու համար դիմել է խորհրդարանի նախագահին

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ ընդդիմադիր հիմնական ուժերի՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) և «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) միասնական թեկնածու Էքմելլեդդին Իհսանօղլուն առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունը գրանցելու համար դիմել է խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքին:
Դա տեղի է ունեցել նախագահի թեկնածուներին գրանցելու գործընթացի սկսվելու առաջին իսկ օրը: ԺՀԿ-ի անունից դիմումը Ջեմիլ Չիչեքին հղել է խմբակցության փոխնախագահ Էնգին Ալթայը, իսկ ԱՇԿ-ի անունից՝ խմբակցության փոխնախագահ Օքթայ Վուրալը: Դրանց վրա եղել է ԺՀԿ-ի 111 և ԱՇԿ-ի 52 պատգամավորի ստորագրությունը:
Իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) և «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ) այս շաբաթ հրապարակելու են նախագահի իրենց թեկնածուներին: ԺԴԿ-ի թեկնածուն կարող է լինել նրա համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը: Վաղը տեղի կունենա ԱԶԿ-ի մեծ համագումարը, որի ժամանակ էլ կհայտարարվի նրա թեկնածուի անունը: Համագումարին մասնակցելու է մոտ 4000 մարդ: