
Իրաքի հյուսիսում քրդական անկախ պետության հռչակումը նախկինի նման չի մտահոգում Թուրքիայի իշխանություններին. Չելիք

Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահ Հուսեին Չելիքը Financial Times թերթին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Իրաքի վերջին զարգացումներին:
Նա հայտարարել է, որ Իրաքի քրդական ինքնավար շրջանի կողմից անկախություն հռչակելը Թուրքիայի պետական իշխաննությանը չի մտահոգում այնպես, ինչպես որ նախկինում էր: Չելիքի այս հայտարարությունը որակվել է որպես տասնամյակների ընթացքում Թուրքիայի որդեգրած դիրքորոշումից հրաժարում.
«Նախկինում այդ հռչակումը Թուրքիայում կդառնար casus belli (պատերազմի առիթ), սակայն ներկայումս ոչ ոք չի խոսում այդ մասին: «Քուրդիստան» բառն ինքնին հարուցում էր շփոթմունք, թեև դա պատմական անուն է: Նրանք մեր եղբայրներն են: Իրաքում իրավիճակն անբարենպաստ է, գործը գնում է երկրի մասնատմանը»:
Չելիքն Իրաքում իրավիճակի անկայունացման համար պատասխանատվության մի մասը դրել է ԱՄՆ-ի վրա. «Ամերիկացիները չբերեցին ո՛չ խաղաղություն, ո՛չ կայունություն, ո՛չ էլ միասնություն: Նրանք իրենց հետևից թողեցին քաոս, այրիներ ու որբեր: Նրանց պատճառով մեզանից հարավ հայտնվեց շիական պետությունների բլոկ»: